Հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիներ աղքատացել են. Ո՞ւմ են բաժին հասել Նիկոլ Փաշինյանի ասած աշխատավարձերի «աստղաբաշխական» աճերը
Չնայած նրան, որ Հայաստանում աղքատությունը խորացել է, ինչի հիմնական պատճառն այն է, որ մարդկանց եկամուտները չեն հասցնում համատարած թանկացումների հետևից, Նիկոլ Փաշինյանը չի դադարում խոսել աշխատավարձերի «աստղաբաշխական» աճերի մասին՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ աշխատավարձերի տեսքով մարդիկ անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստացել, քան արձանագրված գնաճն է։
«Միջին ամսական աշխատավարձը 2022թ. դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի նկատմամբ, ավել է 53 հազար 247 դրամով կամ 19,2 տոկոսով։
Այս ցուցանիշը, հիշեցնեմ, շատ կարևոր է գնաճի հակազդման առումով։
Միջին ամսական աշխատավարձը գնաճից ավելի քան կրկնակի անգամ աճել է»,- օրերս աշխատավարձերի ռեկորդային աճերի վերաբերյալ իր հերթական հայտարարությամբ շատերի մոտ տարակուսանք առաջացրեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև նրանք այդ աճերը չեն տեսնում իրենց վրա։
Անշուշտ, կան մարդիկ, ովքեր գնաճից շատ ավելի բարձր եկամուտներ են ստացել։ Բայց դա քչերին է վերաբերում։ Բազմաթիվ աշխատող քաղաքացիների աշխատավարձերը, եթե նույնիսկ ավելացել են, ապա շատ ավելի քիչ, քան գնաճն է։
Դեռ չենք խոսում գնաճի իրական ազդեցության մասին, ինչն առնվազն մի քանի անգամ ավելի մեծ է, քան ցույց է տալիս գնաճի միջին ցուցանիշը։ Միջինացված գնաճը ոչինչ է այն թանկացումների համեմատ, որոնք կան առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում։
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ նկատում էր ու նախկիներին մեղադրում աճպարարության մեջ։ Վարչապետ դառնալուց հետո այլևս այդ մասին չի հիշում։ Չնայած դրանից գնաճի ոչ իրական ազդեցությունն է փոխվում, ոչ էլ մարդիկ սկսում են ավելի լավ ապրել։ Բոլորն էլ գիտեն, որ գնաճի միջինացված ցուցանիշը շատ հեռու է այն իրական ազդեցությունից, որը սպառողները կրում են թանկացումների հետևանքով։
Բայց այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանը փորձում է խնամքով թաքցնել։ Ասում է՝ միջին աշխատավարձը գնաճից կրկնակի ավելի շատ է բարձրացել։
Պաշտոնական տվյալներով, գուցե և այդպես է, սակայն իրականությունը բոլորովին այլ է։
Հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիների պարագայում աշխատավարձերի աճը զիջել է նույնիսկ միջին գնաճին։ Ու դա ևս պաշտոնական վիճակագրությունն է փաստում։ Դժվար չէ բացել ու մեկ անգամ նայել, թե միջին աշխատավարձի այդ աճերը, որոնց մասին պարբերաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ և քանի՞ աշխատողի է վերաբերում։
Այն, որ ֆինանսական հատվածի կամ ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձերը 30-40, երբեմն նաև 50-60 տոկոսով բարձրացել են ու այդ բարձրացումն անվանական արտահայտմամբ հասնում է հարյուր-հազարավոր դրամների, դա դեռ չի նշանակում, թե բոլոր ոլորտներում աշխատավարձերն այդպիսի կտրուկ փոփոխություններ են կրել։ Բազմաթիվ ոլորտներում միջին աշխատավարձի աճը եղել է ընդամենը մի քանի հազար դրամի չափով։
Տոկոսային արտահայտությամբ էլ երբեմն անգամներով ավելի քիչ, քան միջին գնաճն է։
Եթե Նիկոլ Փաշինյանն այս մասին չգիտի կամ միտումնավոր չի խոսում այդ մասին, դա դեռ չի նշանակում, թե այդպիսի երևույթներ չկան։
Դատելով նրա հայտարարությունից, անցած տարվա դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 19,2 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրությունը նման թիվ դեռևս չի հրապարակել։ Այս պահին աշխատավարձերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալները վերաբերում են նոյեմբերին։ Դրանց համաձայն, նոյեմբերին նախորդ տարվա համեմատ միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 22,6 տոկսով։
Նիկոլ Փաշինյանը խոսում է դեկտեմբերին 19,2 տոկոս աճի մասին։ Կարելի է ենթադրել, որ դեկտեմբերին աճի տեմպն ընկել է, ու դա արտահայտվել է նաև ոլորտային ցուցանիշների վրա։ Բայց քանի որ այս պահին հրապարակված են նոյեմբերի ցուցանիշները, թեկուզ և դրանցով ունենք միջին աշխատավարձի ավելի բարձր աճ, քան եղել է դեկտեմբերին, ներկայացնենք, թե այդ աճն ինչպես է բաշխվել տնտեսության տարբեր ոլորտներում զբաղված քաղաքացիների միջև։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում միջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 3,4 տոկոսով։ Դա տեղի է ունեցել 8,5-9 տոկոս միջին գնաճի պայմաններում, ինչը նշանակում է, որ այս ոլորտում զբաղվածների իրական աշխատավարձերը ոչ միայն չեն ավելացել, այլև առնվազն 5-5,5 տոկոսով նվազել են։
Բայց սա միակ ոլորտը չէ, որ այդպիսին է եղել աշխատավարձերի փոփոխությունը։
Ջրամատակարարման ոլորտում միջին աշխատավարձի աճը կազմել է՝ 4,7, էներգետիկայում՝ 5,7 տոկոս։ Երկու դեպքում էլ ավելի քիչ, քան միջին գնաճն է։ Այս ոլորտներում ևս տեղի է ունեցել իրական աշխատավարձերի նվազում։
Եթե հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում զբաղված է 11 հազարից ավելի, ապա էներգետիկայում՝ 19 հազարից ավելի մարդ։ Ջրամատակարարման ոլորտում էլ զբաղվածների քանակը, պաշտոնական տվյալներով, անցնում է 7 հազարից։
Կրթության ոլորտում միջին աշխատավարձն աճել է ընդամենը 6,6 տոկոսով։
Ի դեպ, սա այն ոլորտն է, որտեղ աշխատավարձերի կրկնակի-եռակի աճերի մասին Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է խոսում։ Այնինչ՝ իրականում կրթության ոլորտում միջին աշխատավարձի աճն ավելի ցածր է, քան միջին գնաճը։
Այլ կերպ, այստեղ ևս ունենք իրական աշխատավարձերի նվազում։
Հիշեցնենք, որ կրթության ոլորտում զբաղված է շուրջ 120 հազար մարդ։
Այդքան աշխատողի աշխատավարձերն ավելի քիչ են աճել, քան գնաճն է։ Ու այդ մարդկանց սոցիալական դրությունը ոչ թե լավացել է, այլ վատացել։
Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում նույնիսկ անվանական աշխատավարձն է նվազել։ Իրական աշխատավարձի մասին չենք էլ խոսում։
Անվանական աշխատավարձն առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում կրճատվել է 5,4 տոկոսով։ Իրական աշխատավարձի նվազումը, բնականաբար, շատ ավելի մեծ է՝ 15 տոկոսից ոչ պակաս։
Այս ոլորտում էլ զբաղված է շուրջ 50 հազար մարդ։
Այնպիսի ոլորտներ էլի կան, որտեղ աշխատավարձերը նվազել են կամ ավելի քիչ են բարձրացել, քան միջին գնաճն է։ Այդ ոլորտներում, որտեղ զբաղված են հարյուր-հազարավոր մարդիկ, տեղի է ունեցել իրական աշխատավարձի անկում։ Անվանական աշխատավարձի այն բարձրացումներն էլ, որ եղել են, կազմել են ընդամենը մի քանի հազար դրամ։
Կան նաև մի շարք ոլորտներ, որտեղ աշխատավարձերի միջին աճերը գերազանցել են միջին գնաճը։ Բայց նույնիսկ այդ պարագայում դժվար է խոսել այդ ոլորտներում զբաղված մարդկանց սոցիալական վիճակի բարելավումների մասին, որովհետև առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների շուկաներում գնաճն անհամեմատ ավելի բարձր է եղել, քան աշխատավարձերի միջինացված աճերը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ