«ՌԴ-ի և Վրաստանի արխիվներից պատասխանել են, որ միայն տեղում կարող ենք ծանոթանալ փաստաթղթերին. հարցը մեր օրակարգում է». Վահան Հովհաննիսյան

Դեռևս նախորդ տարվա ամռան սկզբից փաստաբան Վահան Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ մի խումբ փաստաբաններ սկսեցին հավաքել քարտեզներ, փաստաթղթեր և այլ արխիվային նյութեր, որոնք միջազգային կառույցներում կապացուցեին, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է, հայտարարելով, թե Հայաստանում կան «ադրբեջանական անկլավներ»։

Նախաձեռնող խումբն ի սկզբանե հայտարարել էր, որ նյութերն ամբողջական դարձնելուց հետո դրանք պետք է տարբեր լեզուներով թարգմանված ուղարկեն միջազգային կառույցներին, հայտնի լրատվամիջոցներին՝ ծանոթանալու փաստերին։

Դեռ ամռանը Վահան Հովհաննիսյանը 168.am-ին ասել էր, որ աշխատանքների ծավալը մեծացել է, քանի որ չեն կարող սահմանափակվել միայն ներպետական կառույցներից տվյալներ ձեռք բերելով, սկզբում ենթադրել էին, որ հնարավոր կլինի բավարարվել, բայց՝ ոչ։

«Ունենք որոշակի պաշտոնական պարզաբանումներ, որ մեր կողմից պահանջվող փաստաթղթերի գերակշիռ մասը գտնվում է ԽՍՀՄ՝ ներկայիս ՌԴ և Վրաստանի Ազգային արխիվներում։ Հետևաբար՝ գրություններ ենք հասցեագրել և՛ էլեկտրոնային տարբերակով, և՛ փոստային եղանակով՝ և Ռուսաստանին, և Վրաստանին՝ ազգային արխիվներից պահանջելով այդ փաստաթղթերը»,- ասել էր փաստաբանը։

Կարդացեք նաև

168.am-ը Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են աշխատանքները, արդյո՞ք ծանոթացել են ՌԴ-ի և Վրաստանի արխիվներում պահվող փաստաթղթերին։

«Այս պահին գործընթացը փակուղային է, որովհետև մեզ անհրաժեշտ նյութերը, որոնք մենք պետք է վերցնեինք, գտնվում են ՌԴ և Վրաստանի արխիվներում։ Մենք երկու տեղերն էլ հարցումներ ենք ուղարկել, պատասխանել են, որ այդ փաստաթղթերին կարող են միայն տեղում ծանոթանալ, քանի որ չեն կարող ուղարկել։ Այս պահին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չենք կարողանում գնալ ՌԴ և Վրաստան, այսինքն՝ անմիջականորեն այցելել չենք կարողանում, բայց նախատեսում ենք այցելել, հարցը մեր օրակարգում է»,- մեր հարցերին պատասխանեց Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը մեզ հայտնեց նաև, որ արխիվներից իրենց որևէ այլ պարզաբանում չեն տվել, թե արդյո՞ք կարող են պատճենել պահանջվող փաստաթղթերը, ասել են միայն, որ տեղում կարող են ծանոթանալ։

«Իրենք մեզ հստակ պատասխանել են, որ կաջակցեն, որպեսզի այդ փաստաթղթերը մեր կողմից ուսումնասիրվեն, չեմ կարող ասել՝ թույլ կտա՞ն պատճենահանել, թե՞ ոչ։ Չեմ կարող ասել նաև, թե մեզ ինչ քանակի նյութ կտրամադրեն, բայց իրենք սկզբունքորեն համաձայն են, որ մենք ծանոթանանք դրանց հետ։ Սպասում ենք, այդ փաստաթղթերը տեսնենք, վերցնենք, ամեն ինչ ամբողջական դարձնենք, դրանից հետո արդեն վերջնական եզրահանգման կգանք»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս