Բաժիններ՝

Աշխատանքային իրավունքի վերականգնումներ, բռնագանձված աշխատավարձեր. «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակն ամփոփել է 5 տարին

«Հրայր Մարուխյան» հիմնադրամի «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակն ամփոփել է գործունեության 5 տարին:

Հիշեցնենք, որ գրասենյակը ստեղծվել է 2018թ., զբաղվում է քաղաքացիների աշխատանքների իրավունքների խախտմանն առնչվող գործերով՝ անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ տրամադրելով նրանց:

«Երբ գրասենյակը հիմնվեց, հիմնական նպատակը սոցիալապես անապահով աշխատողներին փաստաբանական անվճար աջակցություն ցուցաբերելն էր: Հենց նրանք ամենամեծ ռիսկն ունեն աշխատանքային իրավունքների խախտման առումով, քանի որ նախ իրավագիտակցության մակարդակն է այդ հատվածում ավելի ցածր, և քանի որ նրանք գրեթե հասանելիություն չունեն փաստաբանական ծառայություններին՝ դրանց թանկ լինելու պատճառով, կամ, որովհետև վստահ չեն, թե կհասնեն արդյունքի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակի 5-ամյա գործունեությանը՝ նա նկատեց, որ արդյունքները բավականին տպավորիչ են:

«Հինգ տարի անց էլ մենք համոզվում ենք, որ նման ծառայության անհրաժեշտություն կա, և մեծ հաշվով, երբ այսօր դիտարկում ենք աշխատանքային իրավունքների խախտումների ծավալները, դրանք չեն նվազել: Հատկապես ցավալի է արձանագրել, որ գրասենյակին դիմում են նաև պետական համակարգի աշխատող մեր քաղաքացիները:

Այսինքն՝ պետական համակարգում ևս խախտվում են աշխատանքային իրավունքները և որոշ դեպքերում՝ կոպտորեն: Իսկ ամենազարմանալին, որ աշխատողների իրավունքների պաշտպանությանը կոչված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում են խախտում աշխատողների իրավունքները. սրանք ենթադրություններ չեն, կան փաստեր՝ դատարանում վերականգնված իրավունքներ»,- հավելեց Թադևոս Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ գրասենյակի աշխատակիցները, ըստ անհրաժեշտության, ծառայություններ են մատուցում նաև մարզերում:

«Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանը մեզ հետ զրույցում հատկապես ուշադրություն հրավիրեց 2021 թվականի արդյունքների վրա, որոնց մի մասը վերաբերել է քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատումներին:

«2021 թվականի ընթացքում դատարանում քննվել է 103 գործ, մեծ մասը եղել է հաղթանակով: Ավելի կարկառուն դեպքերը վերաբերում էին 2021 թվականի ընտրություններին. ընտրություններից առաջ այն դպրոցի տնօրեններին, որոնք չէին հարում իշխանությանը, սկսեցին ազատել աշխատանքից: Սակայն այդ ազատումներն այնպիսի խախտումներով էին, որ մեզ դիմած բոլոր տնօրենները վերականգնվեցին իրենց աշխատանքներում:

Ունենք նաև համայնքապետարանների կողմից ապօրինի ազատումներ. այդ գործերը դեռևս դատարաններում են: Սպասում ենք դրական ելքերի, որովհետև դարձյալ խոսքն ակնհայտ խախտումների մասին է»,- նկատեց փաստաբանը:

Քրիստինե Ավագյանը նաև ամփոփեց նախորդած տարին՝ նկատելով, որ չվճարված աշխատավարձերի բռնագանձումների արդյունքում 2022 թվականին գրասենյակի աշխատանքների շնորհիվ քաղաքացիներին վերադարձվել է հանրագումարով շուրջ 40 միլիոն դրամ:

Տեսանյութեր

Լրահոս