Բանակում ստեղծված իրավիճակի համար ԳՇ պետի պատասխանատվության շրջանակի կամ մեղավորության չափաբաժնի մասին

Հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվա առթիվ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն:

Լրագրողները նրան տեսնելով, հետաքրքրվել են՝ արդյո՞ք ինքն իրեն մեղավոր չի համարում ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության համար, ինչի հետևանքով 15 զինծառայող է մահացել:

Հարցը վրդովվեցրել է Էդվարդ Ասրյանին:

«Դուք դատավոր չեք ինձ համար, որ եկել նմանատիպ հարցեր եք ուղղում: Խոսափողները ինձնից հեռու պահեք»,- պատասխանել է ԳՇ պետը և «հրամայել» ազատել իր ճանապարհը:

Կարդացեք նաև

Ավելին, երբ լրագրողները կրկնել են հարցը և Էդվարդ Ասրյանին հիշեցրել ԳՇ պետի՝ իր պատասխանատվության մասին՝ իսկ ո՞վ է մեղավոր, նա հակադարձել է.

«Դուք եք մեղավոր, որ մոտեցել եք ինձ»:

 Ի դեպ, լրագրողների հանդեպ նման պահվածք է դրսևորել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արմեն Գյոզալյանը՝ «սրա տեղը չի»:

Իսկ Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը չհատեց բարեկրթության սահմանը և իրեն, այսպես ասած, ճիշտ է պահել լրագրողների ներկայությամբ ((հունվարի 28-ին 168.am-ը ԳՇ պետին հարց տվող լրատվամիջոցների մեջ չի եղել):

Վերադառնանք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականության և մեղավորության հարցին:

Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը ԳՇ պետի լիազորությունների հետ կապված, մասնավորապես, սահմանում է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն «իրականացնում է զինված ուժերը զորահավաքային ծավալման ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային պլանավորման, ինչպես նաև խաղաղ ժամանակ այդ միջոցների կուտակման, պահպանման և տեղաբաշխման ապահովումը» ինչպես նաև՝ «կազմակերպում է զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովումը» և այլն:

Սա նշանակում է, որ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Ասրյանն օրենքի շրջանակում որոշակի պատասխանատվություն է կրում զինվորների ծառայության պայմանների և թիկունքային ապահովման մակարդակի բավարար կամ ոչ բավարար լինելու համար, ինչո՞ւ չէ ՝ բանակում բարոյահոգեբանական վիճակի, ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության համար, առնվազն դրան հանգեցրած պատճառների մասով:

Այսինքն, եթե ԳՇ պետն անմիջական մեղավորություն չունի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի, սա չի նշանակում, որ նա պատասխանատվության որոշակի բաժին չունի սրանում:

Ունի, ինչպես նշեցինք, առնվազն այդ ողբերգությանը հանգեցրած պատճառների մասով, և եթե անգամ իր կողմից հրաման է եղել թերությունների վերացման, կամ ինչ-ինչ կանոնների կատարման, ապա ԳՇ պետը պետք է հետևողական լիներ՝ որքանո՞վ է իր հրամանն ի գիտություն ընդունվել:

Հավելենք, որ Էդվարդ Ասրյանը հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի վայր գնացել է միայն հունվարի 21-ին՝ Սուրեն Պապիկյանի հետ միասին: Գուցե եղել են դրա համար օբյեկտիվ պատճառնե՞ր:

Ինչևէ, Էդվարդ Ասրյանը լրագրողներին Եռաբլուրում նաև ասել է, թե կա կարգ, այն է՝ ՊՆ մամուլի խոսնակի միջոցով կարող են դիմել իրեն: Կարգ կա, այլ հարց է՝ որքանով Էդվարդ Ասրյանի վերադասը թույլ կտա, որ ԳՇ պետն անմիջականորեն պատասխանի լրագրողի հարցին, երբ իշխանափոխությունից հետո չի կազմակերպվել պաշտպանության ոչ մի նախարարի և ԳՇ պետի ասուլիս: Ամեն դեպքում, կհետևենք Էդվարդ Ասրյանի խորհրդին և կդիմենք ՊՆ մամուլի խոսնակին:

Նշենք, որ մոտ 2 շաբաթ առաջ 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ նախարար Սուրեն Պապիկյանին ուղիղ հարցեր տալու հնարավորություն ապահովելու խնդրանքով: Դեռ պատասխան չենք ստացել, թեպետ այն կռահելի է:

Իշխանափոխությունից հետո լրագրողները զրկված են պաշտպանական գերատեսչության և ԳՇ ղեկավարությանը գոնե ասուլիսների և ճեպազրույցների ֆորմատով հարցեր ուղղելու հնարավորությունից, ուստի այլ տարբերակ չի մնում, քան օգտվել ոչ հաճախակի հանդիպող առիթներից և հարցեր ուղղել բանակի ղեկավարությանը:

Իհարկե, կոռեկտության սահմանում, ինչը Եռաբլուրում հարց տվող լրագրողները չեն հատել, իսկ Էդվարդ Ասրյանը կարող էր ուղիղ հարցից խուսափել գոնե առանց մեղադրանքների և վրդովմունքի:

Օրինակ, կանգ առներ, շնորհավորեր Բանակի օրը, այնուհետ նշեր, որ քննություն է գնում, իսկ նման դեպքերում ցանկացած պաշտոնյա ուղղակի կամ անուղղակի իր լիազորությունների շրջանակում պատասխանատվության իր մասն ունի: Համաձայն չե՞ք, որ այլ իրավիճակ կստեղծվեր:

Այո, լինում են պահեր, երբ նման հարցերի ժամանակը չէ, սա ևս հասկանում ենք, և եթե խախտումը լրագրողի կողմից լինի, կարձանագրենք նաև այդ փաստը:

Օրինակ, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի հիշատակի օրը 168.am-ը Եռաբլուրում՝ նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու եկած ԳՇ պետին՝ հադրութեցի Էդվարդ Ասրյանին, սուր հարցադրումներ չի ուղղել, այլ ընդամենը խնդրել ենք հիշել որևէ պատմություն Հադրութի համար կռիվ տված Սերգեյ Շաքարյանի մասին, ինչը չի մերժվել, ավելին, ի պատասխան մեր հարցին՝ նշվել է, որ Արցախի հերոսի թողած պատգամը կատարվում է:

«Սերգեյ Շաքարյանը հայրենանվեր, անձնուրաց, բանիմաց, գրագետ անձնավորություն էր, որն իր ծառայության ընթացքում նույնիսկ մեկ վայրկյան չի խնայել իր պարտականությունները կատարելու համար: Ծառայել ենք միասին, հիշելու ենթակա դրվագները շատ-շատ են, և իմ ժամանակը չի ների բոլոր դրվագները ներկայացնելու համար: Բայց կարող եմ ասել, որ իր մարտական գործունեության ընթացքում Սերգեյ Շաքարյանը պատրաստ էր պայքարել հայրենիքի պաշտպանության համար, և նրա այդ պատգամը, որը թողել է մեզ, Զինված ուժերին, Պաշտպանության բանակին, մենք պատրաստ ենք կատարելու պատվով և կատարելու ենք մինչև վերջ: Վստահեցնում եմ՝ կատարում ենք»,- շեշտել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը: Այսինքն, պետք է փոխադարձ հարգանք լինի:

Այլապես, մեղմ ասած, տարօրինակ է, որ ԳՇ պետը իր «մարտական ոգին» ցույց է տալիս լրագրողներին, ոչ թե ամեն առիթի պարտության մեղքը բանակի վրա բարդող երկրի ղեկավարությանը:

Մինչդեռ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը սեպտեմբերյան մարտերից հետո լրագրողների մոտ ԱԺ-ում փորձել էր փրկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական դեմքը՝ մասնագիտական հնարքներով բացատրելով կորցրած տարածքների փաշինյանական թվաբանությունը:

Գուցե նման իրավիճակները կանխատեսելո՞վ էր Փաշինյանը հայտարարել, թե ճիշտ որոշում է կայացրել՝ ԳՇ պետի պաշտոնը վստահելով Էդվարդ Ասրյանին: Թեպետ դրանից առաջ՝ 2021-ի սեպտեմբերի 27-ին, Էդվարդ Ասրյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Այդ ժամանակ 168.am-ը գրել էր, որ գեներալ-մայորի ազատման հարցում դեր է խաղացել նրա՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միջանցքում մոտ 10 րոպե տևած զրույցը, ինչպես նաև Ասրյանի՝ Սեյրան Օհանյանին «պարոն գեներալով» դիմելը:

Այս համատեքստում հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր: Իսկ պատերազմից հետո արդեն ղեկավարեց ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը, որը ներկայումս այլ ղեկավար ունի՝ գնդապետ Արմեն Գյոզալյան:

ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում է, որն ապահովում է խաղաղ և պատերազմական պայմաններում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումը, զորքերի (ուժերի) օպերատիվ կառավարումը:

Եվ եթե ավելի ուշ ԳՇ պետի պաշտոնում Էդվարդ Ասրյանի նշանակումը Նիկոլ Փաշինյանը համարել է ճիշտ որոշում, կամ դժգոհություն չի հայտնել պատերազմի ժամանակ զորքի օպերատիվ կառավարումից, սա դեռ չի նշանակում, որ մի օր հակառակ կարծիք չի հայտնելու, հատկապես, երբ գտնի, որ ՀՀ զինված ուժերը խաղաղության իր օրակարգը իր նախանշած ձևով առաջ չի տանում:

Այն, ինչ, ըստ էության, տեղի ունեցավ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի դեպքում, համենայնդեպս, ըստ մամուլում շրջանառվող լուրերի:

Երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ՊՆ անձնակազմին ներկայացնում էր Արշակ Կարապետյանին, հայտարարել էր, որ «ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից», այնուհետ շարունակել.

«Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:

Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը: Վերջինը, ըստ Փաշինյանի, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:

Իր հերթին՝ Կարապետյանը նշել էր.

«Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:

Այսինքն, Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներև համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն լսում են:

Ըստ տարբեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանից ազատվելու որոշման պատճառը նաև դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնություններն են եղել:

Կծագե՞ն այսօրինակ տարաձայնություններ Էդվարդ Ասրյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ժամանակը ցույց կտա: Գուցեև չլինի:

Տեսանյութեր

Լրահոս