Վերջնական խաղաղություն հայը չի կարող ունենալ… 2020թ․ այս օրը զոհվել են Արթուր Սարգսյանը և Սերգեյ Շաքարյանը
2 տարի առաջ հոկտեմբերի 25-ին 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվեցին ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը. թշնամին թիրախավորել էր Մարտունիի հրամանատարական կետը:
Այսօր Եռաբլուրում էին նրանց հարազատները, մարտական ընկերները, ԳՇ ղեկավարությունը՝ ի դեմս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի:
Պետք է պայքարենք, Հադրութը սկսվում է Կարախամբեյլիից
Հադրութցի գեներալ Էդվարդ Ասրյանը 168.am-ի հետ զրույցում խոսեց Արցախի Հադրութի շրջանի Այգեստան գյուղում ծնված և զոհվելուց մոտ 20 օր առաջ Արցախի հերոսի կոչմանն արժանացած Սերգեյ Շաքարյանի մասին:
«Սերգեյ Շաքարյանը հայրենանվեր, անձնուրաց, բանիմաց, գրագետ անձնավորություն էր, որն իր ծառայության ընթացքում նույնիսկ մեկ վայրկյան չի խնայել իր պարտականությունները կատարելու համար: Ծառայել ենք միասին, հիշելու ենթակա դրվագները շատ-շատ են, և իմ ժամանակը չի ների բոլոր դրվագները ներկայացնելու համար: Բայց կարող եմ ասել, որ իր մարտական գործունեության ընթացքում Սերգեյ Շաքարյանը պատրաստ էր պայքարել հայրենիքի պաշտպանության համար, և նրա այդ պատգամը, որը թողել է մեզ, Զինված ուժերին, Պաշտպանության բանակին, մենք պատրաստ ենք կատարելու պատվով և կատարելու ենք մինչև վերջ: Վստահեցնում եմ՝ կատարում ենք»,- շեշտեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
Իր զինվորներին, սպաներին, զինակիցներին Սերգեյ Շաքարյանը միշտ ասում էր.
«Առաջնագծում պետք է լինենք իշխողի դիրքում, իսկ դրա համար մենք պիտի պատրաստ վիճակում լինենք և զգոն՝ անձնակազմի պատրաստության մակարդակը բարձրացնելով, այդ թվում՝ մարզումների տեսքով, որպեսզի ցանկացած օրվա ցանկացած ժամին մեր մարտական հաշվարկով գործողությունները ճիշտ կաստարենք»:
Սերգեյ Շաքարյանի զինակից ընկեր Արման Հակոբյանը պատմում է, որ վերջին անգամ նրա հետ խոսել է զոհվելուց րոպեներ առաջ:
«Շնորհավորեց ինձ՝ «Մարտական խաչ» էի ստացել, և հեռախոսը դնելն ու հրամանատարական կետին հարվածելն այդ ընթացքում եղավ: Բոլորս սառեցինք, հրամանատարական ողջ կազմը շոկի մեջ էր: Հիշում եմ նրա խոսքերը՝ «պետք է պայքարենք, Հադրութը սկսվում է Կարախամբեյլիից»: Այդ գաղափարախոսությունը մեր մեջ՝ շարունակեցինք մարտնչել»:
Նշենք, որ Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը զոհվել է նույն տարիքում և նույն օրը՝ հոկտեմբերի 25-ին, ինչ նրա հայրը (1993, հոկտեմբերի 25)՝ 46 տարեկանում․ նրա հայրն Արցախյան ազատագրական շարժման առաջամարտիկներից էր:
Վերջնական խաղաղություն հայը երբեք չի ունենա. Կա՛մ թուրքը պիտի չլինի, կա՛մ մենք
Ինչ վերաբերում է Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի հետ նույն օրը զոհված ՊԲ հրամանատարի տեղակալ, հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած Արթուր Սարգսյանին, ապա, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում նա ծանր վիրավորվել էր, բժիշկները նրան արգելել էին առաջնագիծ գնալ, բայց նա հենակ է պահանջել՝ նշելով, որ 18-20 տարեկաններն են զոհվում: Ավելին, հոսպիտալում նա ասել էր.
«Վերջնական խաղաղություն հայը երբեք չի ունենա, քանի դեռ կա հայ և թուրք. կամ նրանք պիտի չլինեն, կամ՝ մենք: Բայց եթե խաղաղություն ենք ուզում թելադրել, պիտի հաղթենք և առնվազն կես դար ապահովենք դա: Մեզ նվեր ոչինչ ոչ մեկը չի տալու, ինքներդ համոզվեցիք»:
Արթուր Սարգսյանի հորեղբայրը Եռաբլուրում շարունակում է նրա այս միտքը՝ պատերազմը չի ավարտվել, Եռաբլուրում նոր շիրիմներ են ավելանում:
«Մարդկային քաղաքակրթությանը ոչինչ չտված ցեղախումբը փորձում է արդեն իր նկրտումներն իրականացնել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ և տարածքում: Բայց չի ստացվելու»,- նշեց նա՝ կոչ անելով միասնական լինել:
Արթուր Սարգսյանի որդին՝ Արամ Սարգսյանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության մեջ էր արդեն, լավ գիտեր՝ հայրն անընդհատ առաջնագծում է լինելու, այլ կերպ չէր կարող լինել:
«Պատերազմի ընթացքում հանդիպեցի հայրիկիս, այդ ժամանակ արդեն վիրավոր էր, բայց ոչ ոք չգիտեր: Առաջին անգամ այդտեղ տեսա հորս, գլխին կարեր կային, բայց ոտքի վիրավորման մասին տեղյակ չէի, ձեռնափայտ էր կրում, բայց այն թաքցնում էր զորքի և ինձ մոտ: Հարցրեցի՝ ասաց, որ ռմբակոծության տակ է ընկել, հիմա ամեն ինչ լավ է: Հետո մի քանի մասնագիտական խորհուրդներ…»,- պատմեց հրամանատարի որդին:
Գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի մարտական ընկերներից շատերն այնքան բան ունեին պատմելու, բայց հուզմունքը խանգարում էր․․․
Այսօր ավելի քան արդիական են Սերգեյ Շաքարյանի և Արթուր Սարգսյանի խոսքերը՝ առաջնագծում պիտի իշխողի դերում լինել, չես կարող խաղաղություն պարտադրել, եթե չհաղթես, և որ թուրքը չի փոխվել, ուստի հնարավոր չէ, որ հայը վերջնական խաղաղություն ունենա:
Իսկ գործող իշխանությունները հակառակ կարծիքին են….