«Ինձ չի կանգնեցնում այն, որ իմ պետությունը զավթված է, բանակս՝ դավաճանված». Գոհար Գորգիսյանի համար պայքարն այլընտրանք չունի
ՀՀ ազգային հերոս, արցախյան շարժման առաջամարտիկ Մովսես Գորգիսյանը 1988 թվականի շարժման ժամանակ հայտարարել էր. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», և հավատալով հայրենիքի հաղթանակին, մտավ պայքարի մեջ, ընդգծելով, որ սուգը հավերժ է, եթե չկա պայքար։ Նրա հավատն ու պայքարը տվեց արդյունք՝ Արցախն ազատագրվեց։
Հերոսի դուստրը՝ Գոհար Գորգիսյանը, այսօր էլ նույն կարծիքի է, անգամ այն դեպքում, երբ 2020 թվականից Ադրբեջանն օկուպացրել է Արցախի 75 տոկոսը, մյուս մասն էլ այսօր է շրջափակված պահում: Վստահ է, որ միայն պայքարով է հնարավոր հաղթանակ և պայքարն այլընտրանք չունի։
«Մենք այլընտրանք ունե՞նք, մենք մեր տան, հայրենիքի մի մասը քննարկման չենք դնում։ Ես տուն ու հայրենիք ունեմ և երկուսն էլ քննարկման ենթակա չեն:
Կարծում եմ՝ ժողովուրդն ավելի շատ է, քան ազգը, դրա համար մենք այսօր նման խնդիր ունենք։ Կարծում եմ՝ միևնույն է, մարդը հայանալու է, և մենք ունենալու ենք պայքարի ուժ ու նաև հաղթանակ, չեմ կարծում, թե երկար կարող ենք քնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գոհար Գորգիսյանը։
Նրա կարծիքով՝ հայությանը համախմբվելու համար անհատների խնդիր չկա, այլ կա սխրագործությունների խնդիր։
«Մենք մեր միջի հային պետք է ոտքի կանգնեցնենք և չպետք է փնտրենք մեկին, որի կողքին պետք է կանգնենք, նախ մենք պետք է որոշենք կանգնել։ Այ, երբ կանգնենք, կարևոր չէ՝ ում կողքին կամ ումից առաջ, եթե կանգնենք, հարցը կլուծվի, իսկ մենք «կամ»-ի խնդիր, «կամ»-ի ընտրություն չունենք։
Կա՛մ դառնալու ենք ցեղասպանության երկրորդ հուշահամալիր և անցնելու ենք պատմության գիրկը, իսկ ես իմ հողի վրա զավակներ չեմ ունեցել հուշահամալիր դառնալու համար, կա՛մ ժողովրդի այն խառնածինը, որը որոշել է հանձնվել, կարող է տոմս գնել ու վաղը գնալ իմ երկրից։ Սա իմ հայրենիքն է, ես այն ժառանգել եմ իմ պապերից և թողնելու եմ իմ երեխաներին։ Ես հայրենիք չունեմ կիսելու, զիջելու, ես այստեղ շարունակելու եմ ապրել ու այն թողնել իմ թոռներին։ Ես չգիտեմ, ինչպես կարող ենք նման քննարկում անել, ո՞ւմ հետևից քայլենք, ես կանգնելու եմ, այլ հայ ցանկություն կունենա՞, ուրեմն՝ թող կանգնի իմ կողքին։ Ես առաջնորդ, քաղաքական գործիչ կամ կուսակցություն չեմ ընտրում, ես հայ եմ, և ինձ չի կանգնեցնում այն, որ իմ պետությունը զավթված է, բանակս՝ դավաճանված, ես հայ եմ, և սա բավական է, որ լինեմ հայրենիքիս տերը»,- եզրափակեց Գոհար Գորգիսյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։
Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։