«Համակերպվել՝ նշանակում է հանձնվել, մենք հանձնվող տեսակ չենք և չենք կարող լինել». Գոհար Գորգիսյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մարզային հանդիպումները շարունակվում են։ Այս անգամ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարժման մասնակիցները գտնվում են Սյունիքի մարզում սահմանամերձ դարձած գյուղերի, համայնքների բնակիչների հետ հանդիպելու, նրանց լսելու  և զրուցելու նպատակով։

«Հաղթանակն այլընտրանք չունի, ճշմարտությունը պետք է հաղթի կեղծիքին». այս կարգախոսով է շարժումը մեկնարկել և ընթանում։ Ինչպես Բագրատ սրբազանն է հայտարարել, շարժումը չի մարելու, սակայն փոխելու է իր մարտավարությունը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ազգային հերոս, արցախյան շարժման առաջամարտիկ Մովսես Գորգիսյանի դուստր Գոհար Գորգիսյանը շարժումը գնահատելիս ասաց,  որ շարժումը  մասնակիցների միջոցով է դառնում շարժում, հետևաբար՝ կան հարցեր, որոնց հենց  միայն մասնակիցները կարող են պատասխանել։ Բայց մեր զրուցակցի համար հստակ է իր անելիքը:

«Ինքս մեկ բան հստակ գիտեմ, որ ինձ համարում եմ ոչ թե ՀՀ քաղաքացի, այլ ՀՀ տեր, որովհետև ես հայ եմ, իմ պապերից ժառանգել եմ հայրենիք և այդ հայրենիքը ժառանգելու եմ իմ թոռներին։ Կրկնում եմ՝ ես սովորական քաղաքացի չեմ, ես իմ հայրենիքի տերն եմ։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ հայրենիքին տեր լինելու համար պարտադիր չէ, փողոցով տեր կանգնես։ Կարծում եմ՝ երբ իմ խոսքն ասելու ժամանակը գա, կասեմ հարթակից, որը լսելի կլինի բոլորին, կլսեն այն բոլոր մարդիկ, որոնք իրապես ուզում են ինչ-որ բան փոխել»,- նշեց Գոհար Գորգիսյանը։

Բայց մեր զրուցակիցը, որի համար հայրենիքն ամենաթանկն է այս կյանքում, իրեն ոչ միայն տերը, այլ նաև ծառան է համարում այդ նվիրական հայրենիքի: Ու թեև որոշ մտավախություններին, այդուհանդերձ մի հարցում հաստատակամ է՝ հայ հանձնվող տեսակ չէ ու չի կարող լինել.

«Կարծում եմ՝ այս շարժմանը մաքուր հայեր մասնակցում են, բայց չեմ ուզում հայը կրկին խաբվի։

Ինքս իմ երեխաների հայրենիքը պահելու համար, վստահաբար, իմ խոսքն ու իմ քայլը կանեմ, որովհետև որևէ բանի հետ համակերպվել՝ նշանակում է հանձնվել, մենք հանձնվող տեսակ չենք և չենք կարող լինել»,-եզրափակեց Գոհար Գորգիսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս