«Հայաստանի փրկությունը պետք է գա Արցախից, մենք վերադառնում ենք 1988 թվական». Արմեն Պետրոսյան
50-րդ օրն է՝ Ադրբեջանի կեղծ բնապահպանները, իսկ իրականում՝ թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ 120 հազար արցախահայերի պահելով շրջափակման մեջ՝ զրկելով ազատ տեղաշարժվելու իրավունքից։
Չնայած շրջափակմանն ու դրա հետևանքով առաջացած զանազան խնդիրներին, արցախահայերը պայքարում են իրենց իրավունքների և հայրենիքում խաղաղ ապրելու համար։ Ադրբեջանը պարբերաբար անջատում է գազի և հոսանքի մատակարարումը, ինչի պատճառով դպրոցներում ուսումնական դասընթացներն են դադարեցվել: Չնայած այս բոլոր դժվարություններին ու թշնամու ստեղծած բարդություններին, Արցախում մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն թեկուզ մարզական կյանքում նախկին աշխուժությունը։ Իհարկե, ոչ նախկին հաճախությամբ, բայց պարապմունքներ ընթանում են։
168.am-ի հետ զրույցում Կիոկուշին կարատեի մարզիչ, «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողներից Արմեն Պետրոսյանը նախ ասաց, որ նույնիսկ այն պարագայում, երբ ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցված էին, պարապմունքների գրաֆիկներում կատարել են փոփոխություններ՝ համաձայնեցնելով ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության հետ, որպեսզի շարունակեն մարզումները։
«Օրվա ավելի տաք ժամին կազմակերպել ենք պարապմունքները մարզադահլիճում, այդ պարապմունքներին մասնակցել է մի քանի խումբ միասին, որպեսզի մարդկանց քանակը նույնպես ազդի ընդհանուր մթնոլորտի ջերմության վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում միրգ-բանջարեղեն չկա, և մեր մարզիկները այդ առումով լավ չեն սնվում, հետևաբար՝ մեր պարապմունքների ծանրաբեռնվածությունն ենք նվազեցրել, որպեսզի երեխաները և՛ մարզական կեցվածքի մեջ մնան, և՛ միևնույն ժամանակ նրանց առողջությանը վնաս չհասցնենք։ Սակայն պարապմունքների քանակը, ինտենսիվությունը պահում ենք, որպեսզի մեր երեխաները մարզական վիճակում մնան ու հետագայում կարողանան պատվով հանդես գալ տարբեր առաջնություններում։
Դրսում առաջնություններ կան, օրինակ, Հայաստանի, Կովկասի, Եվրոպայի առաջնություն, որ մարզիկները դուրս գնան, բայց եթե հիմա ճանապարհները բացվեն, և մարզիկներին էլ տանեն մրցումների, ծնողները թույլ չեն տա, քանի որ չի բացառվում, որ նորից ճանապարհը փակեն, ու ունենանք կիսված ընտանիքներ։ Օրինակ, Արցախում կան ընտանիքներ, որոնք բաժանված են երկու մասի, երեխաները եկել են Երևան՝ «Եվրատեսիլ» մրցույթը դիտելու, ճանապարհը փակվել է, և մնացել են այնտեղ, իսկ ծնողները մնացել են Արցախում։ Այս ամենի հետևանքով տուժում են երեխաները, նրանց մեջ կան Եվրոպայի, աշխարհի մրցույթների մրցանակակիրներ և այսօր հետ են մնում միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորությունից»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Ըստ նրա, կա տրանսպորտի խնդիր, մարզիկները տարբեր վայրերից են գալիս, և կան երեխաներ, որ ոտքով են գալիս և գիշերը լուսավորություն չլինելու պատճառով գնալուց դժվարանում են, այդ պատճառով էլ փոքր տարիքի երեխաները չեն կարողանում մասնակցել պարապմունքներին։
«Եթե նստենք տանը ու ոչինչ չանենք, դրանով չենք պայքարի, դա կհամարվի անգործություն։ Բայց աշխատելով ու մարզական աշխուժությունը պահպանելով՝ կարողանում ենք արցախցի ճանաչված մարզիկների օգնությամբ նաև մեր ձայնը բարձրացնել, ցույց տալով, որ Արցախում կյանք կա, արցախցին կամք ունի, և մենք պատրաստ չենք հանձվելու, փոխարենը պայքարում ենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր Արցախն է շրջափակման մեջ, բայց այնպես չէ, որ Հայաստանի վիճակը լավ է։
«Հայաստանի փրկությունը պետք է գա Արցախից, մենք վերադառնում ենք 1988 թվական, նույն պայմաններն են, ինչպես այն ժամանակ Ղարաբաղից սկսվեց շարժումը, նույնկերպ պետք է այժմ այստեղից սկսել։ Այդ շարժումը պետք է վարակիչ լինի Հայաստանի բնակչության համար, որոնք, չգիտես ինչու, անտարբեր են դարձել Արցախի նկատմամբ, և դրանում մեծ ներդրում ունեն ՀՀ այսօրվա իշխանությունները։ Մեր հարցը պետք է դառնա հայկական հարց, որովհետև անջատ Արցախի հարց չկա, Արցախի հարցը ընդհանուր հայկական հարցի մի մասն է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այն մարդիկ, որ այսօր բնակվում են Արցախում, պատրաստ են ամեն գնով պայքարել մինչև վերջ, դրա վառ ապացույցը պատանիներն են, մարզումներին մասնակցող սերունդը։ Հետևաբար՝ այնպես չէ, ինչպես ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանը մի քանի օր ճանապարհը կբացի, մարդիկ դուրս կգան, հետո նորից կփակի։
«Ես հիմնականում զբաղվում եմ մարտարվեստով և մարզում եմ պատանիներին ու երիտասարդներին, նրանք էլ կազմում են հենց այն կորիզը, որի շուրջ պետք է համախմբվել, ի վերջո, այդ պայքարն իր արդյունքը կտա։ Այնպես չէ, որ Ադրբեջանը հասել է լիակատար հաղթանակի, եթե այդպես լիներ, ապա մենք հիմա Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և այլ վայրերում չէինք լինի»։
Արմեն Պետրոսյանի հետ զրուցեցինք նաև Արցախում տիրող մթնոլորտի, մարդկանց տրամադրության շուրջ:
«Հասարակության մեջ երկու տրամադրություն է տիրում, շատ քիչ տոկոսի մոտ անորոշությունն է, որը գալիս է նաև կենցաղից, իսկ մեծ մասի մոտ թշնամու նկատմամբ ատելության, սեփական իրավունքները պաշտպանելու և պայքարելու տրամադրությունն է»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։
Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։