«Այսինքն, սկսում են կյանքի կոչել այն փաստաթուղթը, որն արժե 650.000 եվրո». Ուղևորափոխադրողների միության նախագահ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսեց տրանսպորտի մասին՝ նշելով, որ հիմնական ուղղվածությունը տրանսպորտին պետք է նվիրել, ապա հորդորեց գույքագրել կանգառները:
«Հասկանանք, թե քանի ավտոբուս պետք է կանգնի, այդ կանգառները պետք է մեծացնենք, որպեսզի խցանումներ չառաջանան: Հասկանում եմ, կլինեն տեղեր, որտեղ ծառեր կան, պետք է հասկանանք, եթե պայմանական հին ծառեր են, պիտանի չեն, ապա դրանց փոխարեն պետք է նոր ծառեր տնկենք, ծառը կտրենք, կանգառը մեծացնենք, որպեսզի կարողանանք երթևեկությունը կազմակերպել: Քաղաքում շատ հին ծառեր ունենք»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:
Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն էլ Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են հատուկ առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ՝ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները:
Դա կլուծի միանգամից մի քանի հարց, տրանսպորտը խցանումներում չի մնա, կանգառից կանգառ ուշացումները կնվազեն»:
Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ ավտոբուսների համար նախատեսված հատուկ առանձնացված գծերը շատ կօգնեն:
«Եթե առաջնահերթությունը տալիս ենք հասարակական տրանսպորտին, և մյուս տրանսպորտային միջոցներն այդտեղ կայանելու իրավունք չունեն, իհարկե դրական է: Այսինքն, սկսում են կյանքի կոչել այն փաստաթուղթը, որն արժե 650.000 եվրո: Եթե հիշում եք, եվրոպացիները եկան ու այն մեզ համար նախապատրաստեցին»,- մեզ հետ զրույցում ասաց Հրանտ Եղիազարյանը:
Ինչ վերաբերում է 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներին և հնարավոր խցանումներ առաջացնելուն, Փոխադրողների միության նախագահն ասաց, որ այդպիսի ավտոբուսներ ժամանակին Երևանն ունեցել է:
«Մինչև 16 մետրանոց ավտոբուսներ ենք Երևանում շահագործել: Ժամանակին «Իկարուս» մակնիշի ավտոբուսներ էինք շահագործում, ոչ մի բան չէր լինում, նորմալ էր»,- նշեց նա:
Ուղևորափոխադրողների միության նախագահն անդրադարձավ նաև կանգառների լայնացմանը: «Բացի դա՝ երբեմն տեսնում ես, լուսացույցն այնպես է դրված, որ ծառերի ճյուղերը ծածկում են ու չի երևում: Իհարկե, նշված հատվածներում ծառերը եթե պակասեն, թթվածնի բաժինն էլ կպակասի, բայց կարող են քիչ հեռու տնկել»,- եզրափակեց Հրանտ Եղիազարյանը:
Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ դեռ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին, Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր եվրոպական չափանիշներին համապատասխան երթուղային տրանսպորտի` մեկ միասնական օպերատոր ներդնելու և մայրաքաղաքում երթուղային «գազելներ» չշահագործելու մասին։ Իսկ 2017 թվականի ապրիլի 28-ին Երևանի Կենտրոն համայնքում բնակիչների հետ նախընտրական հանդիպումից հետո էլ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը միասնական օպերատորի ներդրման հարցով աշխատանքներ է սկսել միջազգային խորհրդատու ընկերության հետ, որն էլ հունիսին ամբողջ փաթեթը ներկայացնելու է քաղաքապետարանին, ուստի հնարավոր կլինի վերջնական լուծում տալ։ Նրա փոխանցմամբ՝ միջազգային խորհրդատու WYG International ընկերության կողմից իրականացվող երթուղային նոր ցանցի մշակման աշխատանքներն իրենց մեջ ներառում են նաև քաղաքային տրանսպորտի բոլոր ձևերի արդյունավետ փոխհամագործակցության, ավտոպարկի արդիականացման, ընդհանուր սպասարկման որակի բարելավման, կանգառների արդիականացման, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրման առաջարկների փաթեթի ներկայացում:
Ավելի քան 4 տարի անցավ, և հիմա Երևանի քաղաքապետարանը փորձում է իրականացնել այն ծրագիրը, որը հավանաբար արդեն պետք է կիրառության մեջ լիներ: