Խաղաղության քողի տակ Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգը շարունակում է պարտություն պարտադրել բանակին
Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 27-ին, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ փիլիսոփայել է խաղաղություն ասվածի շուրջ, թե «խաղաղությունն Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ, այն ընդամենը նպատակ է, պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի նպատակ»:
Այնուհետ Հակոբյանը շարունակել է՝ ««խաղաղությունը «չի լինում», խաղաղությունը «անում են»», և, որ խաղաղությունը հետևանք է ինչ-որ գործողության:
«…Խաղաղությունը «գալիս է» որպես հետևանք: Մեր սեփական, ամենօրյա, պարզ գործողությունների հետևանք: Ընդ որում, յուրաքանչյուրն իր գործողությունների համար է պատասխանատու և դրանցով է մեր երկիրը կա՛մ մոտեցնում խաղաղությանը, կա՛մ հեռացնում»,- գրել է Հակոբյանը:
Առաջին հայացքից այս խոսքերը կարող են միանգամայն տրամաբանական թվալ, նույնիսկ՝ ընդունվել որպես ճշմարտություն, թե խաղաղությունը հետևանք է ինչ-որ գործողության: Եվ հենց սա կոչվում է մանիպուլյացիա, որովհետև խաղաղության տանող գործողությունների մասին մեր՝ երկրի անվտանգային շահերից գործողներիս և Աննա Հակոբյանի պատկերացումներն ու տեսլականները կտրուկ տարբերվում են իրարից, որովհետև խաղաղությունը ոչ թե «անում են», այլ պարտադրում:
Այն, ինչի իրավունքից և կարողությունից Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգը զրկել է բանակին: Նրանք թույլ չեն տալիս, կամ առնվազն խոչընդոտում են, որ ՀՀ զինված ուժերը կատարի ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածով իրեն վերապահված առաքելությունը և պարտականությունը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Այսինքն, Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը ՀՀ զինված ուժերին պարտադրել և պարտադրում են իրենց «սահմանադրությունը» կամ խաղաղության օրակարգը:
Բանակի օրը՝ հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պաշտպանության նախարարություն, որտեղ հրավիրված հավաք-խորհրդակցության ժամանակ դիմելով ԶՈՒ բարձրագույն սպայակազմին՝ ասել է.
«Դարձյալ ուզում եմ կրկնել, որ բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև Զինված ուժերի բարեփոխումներն առաջին հերթին մեզ համար կարևոր են կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Մենք չպետք է շեղվենք այդ օրակարգից և հետևողականորեն առաջ մղենք խաղաղության օրակարգը»:
Իսկ պատերազմին չպատրաստվող բանակը չի կարող խաղաղություն ապահովել, ինչի կործանարար հետևանքներն ենք կրում հետպատերազմյան շրջանում: Այսինքն, իշխանությունը շարունակում է բանակին պարտություն պարտադրել, այնպես, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Երկիրը դիտավորյալ չի դրվում ռազմական ռելսերի վրա, և այսքանից հետո խոսել խաղաղության հաստատման մասին, ավելին, խոսել, թե որ դեպքում և երբ ենք մեզ հեռացնում խաղաղությունից, ինչը ֆեյսբուքյան իր գրառման մեջ իրեն թույլ է տվել Աննա Հակոբյանը, առնվազն ցինիկություն է:
Աննա Հակոբյանն ասում է. «Եթե ինչ–որ մեկը մի քանի հազար դրամի, կամ 1432 դոլարի դիմաց տեղեկատվություն է փոխանցում հակառակորդին, ինչքան ուզում է կենաց խմի, կամ Աստծուց խաղաղություն խնդրի, ինքը իր գործողությամբ մեզ արդեն մի քանի անգամ հեռացրել է այդ խաղաղությունից: Եթե այդպիսի հազարավոր մարդիկ կան, նրանք հազար անգամ են մեզ հեռացրել խաղաղությունից: Եթե մենք այդ մարդկանց ձեռքը նախապես չենք բռնում, պոստֆակտում էլ նրանց հանդեպ չհիմնավորված մարդասիրություն ենք ցուցաբերում, մեր երկիրը մի քանի տասնամյակով ենք հեռացնում խաղաղությունից»:
Այո, մի քանի հազար դրամով կամ դոլարով երկիրը ծախողները հեռացնում են մեզ հայանպաստ խաղաղությունից, թուլացնում երկրի և բանակի դիմադրողականությունը:
Այո, նման մարդկանց ձեռքը պետք է բռնել, մարդասիրություն չցուցաբերել, այլապես տասնամյակներով հեռանալու ենք անվտանգ խաղաղությունից:
Եթե Աննա Հակոբյանը մտնում է նման թեմաների մեջ, այդ դեպքում թող պատասխանի՝ ինչու՞ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո շատացան մի քանի հազար դրամով կամ դոլարով թշնամուն տեղեկություններ փոխանցողները:
Կասեք՝ ԱԱԾ-ն սկսել է ավելի արդյունավե՞տ աշխատել, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ 2018-ին պետական դավաճանություն կատարած անձը 2020-ին հայտնվում է պատերազմի դաշտում և նորից պետական դավաճանություն կատարում:
Ինչպե՞ս է, որ պատերազմի ժամանակ պայմանագրային զինծառայողները՝ թաքնվելով հարազատների թիկունքում, հրաժարվում են գնալ Արցախ պատերազմի, և ոչ մի պատասխանատվություն:
Մի՞թե նման դեպքերի կանխումը իշխանությունների պատասխանատվությունը չէ: Իսկ գուցե Զինված ուժերի ղեկավարությանը արգելվե՞լ է պատերազմի օրենքներով պատժել նրանց, գուցե հարմար պահի այս դեպքերը հիշվե՞ն, երբ քաղաքական շոուի անհրաժեշտություն զգացվի:
Ինչ վերաբերում է թշնամուն տեղեկության փոխանցմանը, Աննա Հակոբյանը տեղյա՞կ չէ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում գերագույն հրամանատար ամուսնու կողմից գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկությունների և տվյալների հրապարակման դեպքերին, երբ հաղորդվում էին տվյալներ զորքի զինվածության և թվաքանակի, պետական նյութական պահուստների փաստացի չափերի մասին, երբ օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց երկրի ղեկավարը պատերազմի ժամանակ զանգահարում է առաջնագծի տարբեր տեղամասեր և տալիս հարցեր, որոնց պատասխանելով՝ կարող էր ռազմական գաղտնիք բացահայտվել, ինչը չեղավ միայն զինվորի զգոնության պատճառով:
Աննա Հակոբյանը տեղյա՞կ չէ, որ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարը նախապես հրապարակայնացրել էր ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիան և պլանները՝ ֆեյսբուքյան գրառումների և միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ, որից շատ հանգիստ կարող էր թշնամին օգտվել և փոխել սեփական ռազմական պլանները:
Մյուս կողմից, չպետք է մոռանանք, որ Աննա Հակոբյանը ինքն է հաղթանակն ու անվտանգ խաղաղությունը մեզնից հեռացնող քայլեր արել:
Առաջին. պատերազմի ժամանակ նա գտնվել է հրամանատարական կետում, որտեղ կողմնակի անձանց՝ ոչ զինվորականների, բարձր մակարդակով առանձին հրամանով սահմանված կազմից դուրս մարդկանց (որոշում ընդունողներ, զեկուցողներ, այսինքն՝ բարձր վերադաս և նրանց ենթականեր) մուտքը խստիվ արգելվում է:
Երկրորդ. 2020-ի հոկտեմբերի 26-ին, երբ արդեն կորցրել էինք կարևոր տարածքներ, Աննա Հակոբյանը նոր միայն իր շրջապատի կանանց հետ զինվորական պարապմունքների է որոշել մասնակցել: Իսկ նոյեմբերի 6-ին էլ նոր միայն պատրաստ եղել «մարտական առաջադրանքի»:
Աննա Հակոբյանը նախ պետք է ասի՝ ինչո՞ւ է «մարտական առաջադրանքի» պատրաստ լինում այն ժամանակ, երբ արդեն կորցրել էինք Մատաղիսը, Թալիշը, Ջրականը, Հադրութը, Կովսականը՝ Զանգելան, Վարանդան՝ Ֆիզուլի, Սանասարը՝ Կուբաթլու: Եվ երբ «Էրատո» ջոկատը պատրաստ էր մարտական առաջադրանք կատարելուն՝ նոյեմբերի 6-ին, այդ ժամանակ կանգնած էինք Շուշին կորցնելու վտանգի առաջ, արդյոք «Էրատո» ջոկատը մասնակցե՞լ է Շուշիի մարտերին և փորձե՞լ է փրկել բերդաքաղաքը: Նման տեղեկություններ չկան, ավելին՝ մինչ այժմ պարզ չէ՝ «Էրատո» ջոկատը որտե՞ղ է մասնակցել թեժ մարտերի:
Երրորդ. Վարչապետի կինը կարող է պատեհ առիթի, կամ առիթից առիթ այցելել զորամասեր, խրամատներ, զորավարժարաններ, այնպես, ինչպես, օրինակ, լրագրողները, որոնց ամեն ինչ չէ, որ թույլատրվում է նկարահանել, ինչը ճիշտ է:
Բայց վարչապետի կինը չի կարող նշված վայրերը ֆոտոսեսիայի և ինքնագովազդի հարթակի վերածել, ինչը արվել է: Վարչապետի կինը չի կարող բարձրաստիճան զինվորականի ցուցումներ տալ, հրամանատարն էլ՝ նրան պատվի առնել, քանի որ հստակ կանոնադրություն գոյություն ունի, ինչը ևս արվել է:
Այնպես որ, լավ կլինի, որ Աննա Հակոբյանը չմոռանա այն գործողությունների մասին, որոնք իրենք են իրականացրել գերագույն հրամանատար ամուսնու հետ, որի հետևանքը այսօրվա «խաղաղությունն է», երբ թշնամին Ջերմուկի գլխին է կանգնած, իսկ զինվորները զրկված լինելով զորամասային պայմաններից, գյուղերի տներում են ծառայության օրերն անցկացնում, ինչը նաև ողբերգական հետևանքների է հանգեցնում և անմեղ կյանքեր խլում:
Խաղաղություն կունենանք, երբ բանակին վերադարձվի թշնամուն այն պարտադրելու իրավունքը, այլապես Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի խաղաղության օրակարգը շարունակելու է հեռացնել Հայաստանի Հանրապետությունն անվտանգ խաղաղությունից, հատկապես, երբ թշնամին շարունակում է պատրաստվել պատերազմի…