Բլինքենի Բաքու հեռախոսազանգի իրական կողմը
Օրերս հայաստանյան լրատվամիջոցներում մեծ ոգևորությամբ ընդունվեց ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցն Ադրբեջանի նախագահի հետ, որում Բլինքենն Ալիևին կոչ էր արել վերաբացել Լաչինի միջանցքը:
ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն, պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինքենը զրուցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար:
«Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները»,- ասված էր հաղորդագրությունում:
Համատարած ոգևորության մեջ, իհարկե, կորում են չափազանց նուրբ, սակայն մեծ կարևորություն ունեցող դիվանագիտական ձևակերպումներ: Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ամերիկյան կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունում առանձնահատուկ կերպով նշվում է, որ պետք է վերաբացվի միջանցքը «կոմերցիոն երթևեկության» համար: Թե ինչու է ամերիկյան կողմը հստակ շեշտում «կոմերցիոն երթևեկության» վերականգնման մասին այն դեպքում, երբ Լաչինի միջանցքը միմիայն կոմերցիոն բնույթի ճանապարհ չէ Հայաստանի ու Արցախի միջև, փորձեցինք պարզել վերլուծաբանների հետ:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ Լաչինի միջանցքի փակմանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը, բացի, իբրև թե, բնապահպանական խնդիրներից, միջազգային հանրությանը որպես ստեղծված իրավիճակի պատճառ՝ սկսել է մատուցել այն, որ միջանցքն օգտագործվել է Ղարաբաղ ականներ տեղափոխելու նպատակով:
Ըստ նրա, պատահական չէ, որ այս մասին վերջերս խոսեց ՌԴ ԱԳ նախարարը, և այդ թեմայի շարունակությունը կարելի է համարել նաև ԱՄՆ պետքարտուղարի կոչը՝ բացել միջանցքը միմիայն առևտրային շրջանառության համար:
«Ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ, դժվարանում է իրավիճակը պահել այնպես, ինչպես կա, ուստի փորձում է նոր թեմաներ գցել դաշտ, որը չի կարող երկար շարունակվել: Այստեղ կարող է տպավորություն ստեղծվել, թե ամերիկյան կողմը Երևանի կողմն է թեքվել, սակայն դա իրականում այդպես չէ, ՀՀ-ն և հայկական խնդիրները, մասնավորապես՝ հայ-թուրքական տարաձայնություններն են ըստ անհրաժեշտության շահարկվել ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ Հայաստանի մասով դա է հարկավոր եղել ԱՄՆ-ին:
Հարավային Կովկասում ամերիկյան կողմի քաղաքականությունը շատ լայն բնույթ ունի՝ նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանին, Թուրքիային ավելի հմտորեն օգտագործել և թույլ չտալ այս գոտում տարածաշրջանային տերությունների ալյանսներ այս երկուսի և Իրանի մասնակցությամբ: Այս հարցում ԱՄՆ-ին հարկավոր է Ադրբեջանը, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի դեմ, ԱՄՆ-ին հարկավոր է Հարավային Կովկասում հեղինակազրկել ՌԴ-ին՝ որպես միջնորդ, որպես խաղաղարար, որպես անվտանգության երաշխավոր, իրեն դիրքավորելով՝ որպես խաղաղարար, արդյունավետ և ազդեցիկ միջնորդ»,- ասաց Սկակովը՝ ամփոփելով, որ սա է ընդհանուր ամերիկյան տրամաբանությունը Հարավային Կովկասում:
Ուստի, նրա որակմամբ, հաղորդագրությունները հայամետ ու ադրբեջանամետ որակելիս՝ պետք է քաղաքականությունը շատ ավելի լայն առումով դիտարկել և հասկանալ գերտերության իրական շահերն ու դրանց հասնելու հարցում ավելի փոքր խաղացողների դերերը:
Նա նաև նշեց, որ Ռուսաստանի դեպքում ևս քննադատությունը չափազանց շատ է, հատկապես Հայաստանից ուղղված ռուսական դիրքավորմանը, սակայն Ռուսաստանը ևս շատ ավելի լայն քաղաքականություն է իրականացնում, քան միայն Հայաստանն է:
Իր հերթին՝ ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ ամերիկյան քաղաքականությունը հայամետ կամ ոչ հայամետ դիտարկելը միամտություն է, քանի որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասը տեսնում է մեկ ամբողջության մեջ՝ գլխավոր նպատակ ունենալով զսպել Ռուսաստանին ու Իրանին, պոկել Թուրքիային Ռուսաստանից: Ըստ նրա, Հարավային Կովկասում հայ-թուրքական հարաբերությունները և ԼՂ հակամարտությունն այդ ճանապարհին մի բաղադրիչ է:
«Բնականաբար, ամերիկյան կողմը կցանկանա, որ Լաչինի միջանցքը բացվի ամերիկյան կոչերի արդյունքում և այսքան ժամանակ անց, որը կշեշտի, որ ռուսական խաղաղապահությունը չկարողացավ այդ խնդիրն իրականացնել և այնտեղ ավելորդ է: Քիչ հավանական է, որ այս կոչերի արդյունքում ճանապարհը բացվի, բայց նաև պետք է հասկանալ, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի համար ավելի ու ավելի բարդ է պահել այս ճանապարհը փակ վիճակում, որովհետև, ի վերջո, անընդհատ կա միջազգային խոսակցություն, ճնշում և ուշադրություն այս հարցի նկատմամբ: Հասկանալի է նաև այն, որ Ադրբեջանը ցանկանում է ճնշել որքան հնարավոր է, բայց ժամանակն աշխատում է Ադրբեջանի դեմ»,- նման կարծիք հայտնեց Ստանիսլավ Տարասովը:
Ինչ վերաբերում է Բլինքենի կոչին՝ «վերաբացել միջանցքը կոմերցիոն երթևեկության համար», ապա Տարասովը գտնում է, որ դա կարող է պարզապես ձևակերպում լինել՝ հաշվի առնելով, որ կան հումանիտար խնդիրներ ԼՂ-ում, պայմանավորված հենց սննդամթերքի, դեղերի և այլ անհրաժեշտ պարագաների բացակայությամբ: