ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների թեմայով:
Դեբատը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 12:00-ին, Երևանի ժամանակով՝ 15:00-ին:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
Եվրոպական խորհրդարանի՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվել էր «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։
ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվել էր նաև զեկույցին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ներկայացված լրամշակում, որում նշվում է. «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»: