«Մենք ավելի դաժան ու ծանր օրեր ենք տեսել 90-ականներին, հիմա էլ է դժվար, բայց դրա փորձը ունենք՝ կհաղթահարենք». Խնուշինակի գյուղապետ
44 օր է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ 44 օր արցախցիները զրկված են սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, դեղամիջոցների մատակարարումից, ավելին՝ադրբեջանական կողմը հաճախակի անջատում է գազամատակարարումը, հոսանքն էլ ժամով է մատակարարվում: Եվ չնայած այս ամենին՝ 120 հազար արցախահայեր շարունակում են դիմակայել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ղեկավար Կամո Մուրսալյանը խոսելով շրջափակման հետևանքով գյուղում առաջացած խնդիրների մասին, զուգահեռ անցկացրեց 90-ականներին ստեղծված իրավիճակի հետո, այդ ժամանակ ավելի դժվար էր, ասաց մեր զրուցակիցը, ու չնայած դրան, հաղթահարեցին դժվարությունները, հիմա էլ կհաղթահարեն։
«Հիմնական խնդիրը, որին բախվում ենք, դիզվառելիքի խնդիրն է, դրա պատճառով սեզոնային աշխատանքների կատարումը՝ գյուղատնտեսական աշխատանքները նկատի ունեմ, դժվարանում է։ Ինչ վերաբերում է սննդամթերքին, ոչինչ, գյուղ տեղ է, մարդիկ ինչ-որ չափով բավարարված են, ապրում են, դրանից չենք նեղվում»,- նշեց Կամո Մուրսալյանը։
Ըստ նրա, թեպետ հոսանքը ժամով են տալիս, գազն էլ թշնամին գրեթե ամեն օր անջատում է, բայց դիմանում ու պայքարում են։
«Կարելի է ասել, որոշ չափով իրավիճակի հետ համակերպվում ենք՝ առօրյա հոգսերը հաղթահարելու առումով, բայց ընդհանուր իրավիճակի հետ հնարավոր չէ համակերպվել։ Մենք ավելի դաժան ու ծանր օրեր ենք տեսել 90-ականներին, հիմա էլ դժվար է, բայց դրա փորձը ունենք՝ կհաղթահարենք։
Բլոկադայի պայմաններում իրավիճակը գյուղում համեմատաբար հեշտ է այն առումով, որ այստեղ մարդիկ հող են մշակում, անասուն պահում։ Խոշոր անասնապահներ ունենք, բանջաբոստանային կուլտուրաներով զբաղվողներ, ջերմոցներ կան։ Այսինքն՝ մեզ մոտ ավելի հեշտ կհաղթահարենք, քան մեծ քաղաքներում»,- շեշտեց նա։
Գյուղապետի խոսքով՝ բնակիչների շրջանում որոշ չափով անորոշ վիճակ է, բայց ընկճված չեն։
«Չնայած անորոշությանը, բոլորն էլ պատրաստակամ են իրենց տներում, գյուղում ու հողում ապրելու համար, նրանք այլ նպատակ չունեն, առավել ևս՝ այստեղից հեռանալու»,- եզրափակեց Խնուշինակի գյուղապետը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։