«Պատերազմով հարցը վերջնականապես լուծվում է, երբ կռվող կողմերից մեկի դրոշը ծածանվում է հակառակորդ երկրի մայրաքաղաքում». Պատմաբան
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը զրկված է արտաքին աշխարհին կապող միակ ցամքային ճանապարհից և 120 հազար արցախահայերով պայքարում է ադրբեջանական շրջափակման դեմ՝
168.am-ի հետ զրույցում Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանն ասաց, որ ադրբեջանցիների գործողություններում որևէ զարմանալի ու անսպասելի բան չկա, քանի որ այդ ամենը նրանց պետական քաղաքականությունն է։ Այստեղ խնդիրն այն է, թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։
«Նախևառաջ այս ամենը սպասելի էր, սրանում որևէ մեկը չէր կասկածում, լավ ենք ճանաչում թուրքի այդ տեսակը, նրանց մեկ քայլ զիջում ես՝ պահանջում են հաջորդը, այնքան, մինչև դիմացինին «չոքացնում» է, սա է թուրքի այդ տեսակի տակտիկան։ Թուրքը կատաղած շան նման է, փայտը միշտ ձեռքիդ պետք է պահես, որպեսզի կարողանաս զսպել։
Փաստորեն նոյեմբերի 9-ի այդ դժբախտ ստորագրությունից հետո, իրենց կողմից չգրավված տարածքներից հայկական կողմն արագացված տեմպերով սկսեց զորքը դուրս բերել։ Պետք էր փուլ առ փուլ ամեն ինչ անել, մինչև հասկանայինք մեր անելիքները։ Տվյալ իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարությունը, փաստորեն, քաղաքական տեսանկյունից ձեռք է քաշել Արցախից, այս պայմաններում Արցախի իշխանություններից պետք է ինչ-որ բան սպասել։ Հիմա Ռուբեն Վարդանյանն է նշանակվել պետնախարար, բոլորս ինչ-որ բանի ենք սպասում, նա նոր մարդ է մեզ համար, իրենից ինչ-որ սպասումներ կան»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը և ընդգծեց՝ Ռուբեն Վարդանյանից սպասելիքները ձևավորվել են նրա հայտարարություններից հետո, երբ նա հայտարարեց, որ պայքարի կողմնակիցն է։
Պատմաբանի խոսքով՝ Հայաստանի բնակչությունն իր հերթին պետք է ցույցերով, ակցիաներով ցույց տա, որ դեմ է Արցախի շրջափակմանը, իսկ հայաստանյան կազմակերպություններն էլ դատի տան ՀՀ իշխանությանը՝ հանցավոր անտարբերության համար, որը ցուցաբերում է ազգի մի մասից ու Պատմական Հայքից հրաժարվելու համար։
«Ժողովրդին պետք է ոչ թե սին խաղաղությամբ սնել, այլ պատրաստել այն մեծ փորձությանը, որով պետք է անցնի։ Խաղաղությունը որևէ տեղից չի գալու, պատերազմը չի ավարտվել, այն ինձ համար 1988 թվականից մինչև այսօր չի ավարտվել։ Պատերազմը փուլ առ փուլ ընթանում է, փաստացի ո՛չ մենք ենք հարցը վերջնականապես լուծել, ո՛չ Ադրբեջանը։ Պատերազմով հարցը վերջնականապես լուծվում է, երբ կռվող կողմերից մեկի դրոշը ծածանվում է հակառակորդ երկրի մայրաքաղաքում։ Հիմա Ալիևը սա է ակնարկում, որ ինքն արդեն սրան է պատրաստվում։ Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել, ի տարբերություն ՀՀ իշխանության, որը քաղաքական բլեֆ է անում։ Հայաստանն օր ու գիշեր իր ուժն ու էներգիան պետք է ուղղի պատերազմին դիմագրավելուն»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։
Պատմաբանը հիշեցրեց Արցախի պատմության մեկ դրվագ, երբ Հայաստանը ձեռքերը լվացել էր Արցախից՝ 1918-1920 թվականներին, ինչն արցախահայության համար ավարտվեց ադրբեջանցիների իրագործած ցեղասպանությամբ։
«Այդ թվականներին կրկին նույն սցենարն էր, ինչը Շուշիում հասցրեց հայերի ցեղասպանությանը։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը փորձեց Ղարաբաղը փոխանակել Նախիջևանի հետ, նման անհեռանկարային դիվանագիտություն էին որդեգրել, որի արդյունքում երկուսն էլ կորցրեցին։ Փոխարենը, եթե մի քիչ հեռատես լինեին, այլ սցենար կլիներ, հիմա փաստորեն այդ պատմության կրկնությունն է: Պատմությունը սիրում է կրկնվել անդաստիարակ մարդկանց համար, որոնք տվյալ դեպքում Հայաստանի իշխանությունն է։ Հիմա եթե 1918-1920 թվականներին անդաստիարակ էին, հիմա էլ հերթական անդաստիարակությունն են ցուցաբերում, սա նշանակում է, որ պատմությունից դասեր չեն քաղում։ Չեն գիտակցում, որ Արցախը կորցնելու դեպքում, Երևանն էլ են կորցնելու, սրանում համոզված եմ։ Այս ամենը լրիվությամբ բարդակ է, կարծում եմ՝ պետք է իշխանության գան շատ լուրջ գործիչներ, քանի որ ներկայիս իշխանությունը կտրված է իրականությունից»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր չորս տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։