ՀՀ-ում Իսրայելի դեսպանը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Յոել Լիոնը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:

«Շատ վշտացած եմ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած պատահական հրդեհի հետևանքով 15 զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը։

2023 թվականի hունվարի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, երեք զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեսանյութեր

Լրահոս