«Բլոկադան միայն արցախյան խնդիր չէ, սա հայկական հարց է. Արցախում գիտակից խավը գտնում է, որ Հայաստանը չպետք է գնա զիջումների». Նարինե Գրիգորյան
Արցախի Հանրապետության շրջափակման 39-րդ օրն է՝ 120 հազար արցախահայեր ադրբեջանական ու թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից գտնվում են շրջափակման մեջ։
Այս ընթացքում տարբեր մարդիկ Արցախում փորձել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ու իրենց ձայնը հասցնել Արցախին՝ միայնակ պայքարելով ադրբեջանական ահաբեկչության դեմ։
168.am–ի հետ զրույցում Արցախում ստեղծված իրավիճակի ու այս փուլում հայության անհրաժեշտ քայլերի մասին Արցախի Գնահատման ու թեստավորման կենտրոնի թեստաբան Նարինե Գրիգորյանը նշեց՝ երբ Ստեփանակերտում սկսեցին հանրահավաքներ անցկացնել՝ Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը բացելու պահանջով, դրանից հետո աշխարհը սկսեց ավելի շատ խոսել Արցախի մասին։
«Մենք այդ պահանջով բողոքի ակցիայի շրջանակներում հասել ենք նաև Շուշի, թեպետ գիտեինք, որ տեղ չենք հասնելու, քանի որ հանդիպելու ենք ռուս խաղաղապահների արգելքին, այդպես էլ եղավ, նրանք մեզ արգելեցին հասնել ադրբեջանցիներին։ Կարելի է ասել, սա ինչ-որ ձևի մեր ակցիայի խափանումն էր, բայց դրանով ճնշումն ավելի կմեծանար, թե՛ իրենց, թե՛ ադրբեջանցիների նկատմամբ։ Ճանաչելով ադրբեջանցիներին՝ որպես վախկոտ, իրականում այդպես է, սա ևս մեկ ճնշում էր՝ հոգեբանական, նրանց նկատմամբ։ Օրինակ, Շուշի բարձրանալիս մենք տեսնում էինք, որ վերևից մեզ նայում են ադրբեջանցիները, սա արդեն բավարար էր, որպեսզի նրանք հասկանային, որ մենք լուրջ ենք տրամադրված։
Իրականում հիմա Արցախում տեղեկատվական բլոկադա է, կա անորոշություն, ինչը միշտ հասարակությանը բերում է քաոսի, այսինքն՝ ինքնագործունեության, ինչը վտանգավոր է թե՛ հասարակության, թե՛ պետության համար, իրականում մենք ինքնագործունեությամբ ենք զբաղված։ Այն ակտիվ խումբը, որը մտածում է, թե այս հարցում պետք է գործի Արցախի հետ համահունչ, իրականում Կառավարությունը հասարակության հետ համահունչ չի գնում։ Արցախի իշխանություններն առաջին հերթին պետք է հասարակությանը այս բլոկադայի վերաբերյալ տեղեկացնեին, թե ինչ աշխատանքներ են տանում ճանապարհը բացելու համար»,- նշեց Նարինե Գրիգորյանը։
Ըստ նրա, երբ ասում են՝ Արցախի կյանքի ճանապարհ, սա իր մեջ չի ներառում սոցիալական խնդիր, քանի որ համաձայն են՝ քիչ ուտեն, բայց անվտանգ լինեն ու ունենան բաց ճանապարհ։
«Այսինքն՝ մենք այս պահին ցանկանում ենք, ոչ թե՝ մի բան ուտենք, այլ ուզում ենք ճանապարհը բացվի, սրա տակ որևէ այլ բան չպետք է դիտարկենք, այլ ոչ թե սպասենք տալոնի և գնանք ձու ստանալու հերթ կանգնենք։ Բլոկադան միայն արցախյան խնդիր չէ, սա հայկական հարց է։ Արցախում գիտակից խավը գտնում է, որ Հայաստանը չպետք է գնա զիջումների հենց այս բլոկադայի համար, պայմաններն ինչքան էլ սուղ լինեն, Հայաստանը դա մեր տարածքն է, մենք Արցախում ենք ապրում, և ինչպես Արցախն է մեր տարածքը, այնպես էլ՝ Սյունիքը։ Նկատի ունեմ, որ սա մեր հողն է, ու մենք բոլորս պետք է ոտքի կանգնենք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա բնորոշմամբ՝ յուրաքանչյուր քայլով հայությունն աշխարհին պետք է ցույց տա, որ 120 հազար մարդ շրջափակման մեջ է՝ հումանիտար աղետի առջև է։ Իսկ Արցախում այսօր մարդկանց մի մասը կարծում է, որ իրենց փրկիչը ռուսն է, և բոլորը պարտավոր են պաշտպանել իրենց։
«Մենք կանգնած սպասում ենք, որ մեկը գալու է ու մեզ փրկի, և որևէ մեկը չի գիտակցում, որ մեր պարտությունն առաջին հերթին գալիս է մեզանից։ Ցավալին այն է, որ պետությունն այս տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որպեսզի մարդիկ չկարողանան վերլուծական, տրամաբանական ու քննադատական կրթություն ստանան, և այդ գումարները մսխվել են՝ փոխանակ դնեին կրթության և բանակաշինության վրա։ Հետևաբար՝ ժողովուրդը չի գիտակցում, որ հասել ենք վերջնակետին։ Այսօր հայրենիքը մեզ համար դարձել է բաբելոնյան աշտարակաշինության նման մի բան, ոչ մեկս իրար լեզու չենք հասկանում։ Տվյալ իրավիճակում առաջին հերթին պետք է միասնական լինենք, այնուհետև բոլոր միջոցներով ու ամեն տեղ բարձրաձայնել խնդրի մասին»,- ընդգծեց Նարինե Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։