«Ադրբեջանը սկսել է արցախյան չորրորդ պատերազմը. ռուսները հայտնվել են կրակի մեջ». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն (ԱՄՆ) այն կարծիքին է, որ Բերձորի միջանցքում տեղի ունեցողն ուղղակի պատերազմ է՝ սկսված Արցախի դեմ:

«Սա կարելի է արցախյան չորրորդ պատերազմը համարել, ուղղակի մի քիչ այլ ձևաչափով: Արդեն 38 օր է՝ փափուկ պատերազմ է գնում Արցախի դեմ: Նպատակը նույնն է, ինչ եղել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ապրիլյանի ժամանակ և 44-օրյայի ժամանակ, այսինքն՝ ամբողջությամբ տիրանալ Արցախին և վերացնել Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովրդին հնազանդեցնել Ադրբեջանին և դարձնել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ: Հետևաբար, այն, ինչ այսօր կատարվում է, պատերազմ է, իհարկե, ոչ մեր պատկերացրած պատերազմի ձևերով, որտեղ արկեր են կրակում, բայրաքթարներ են բարձրացնում, այլ փափուկ պատերազմ է՝ առանց արկեր կրակելու և արյունահեղության, բայց ժողովրդին նեղը դնելով՝ հասնելու համար հիմնական նպատակին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ եթե անգամ 44-օրյա պատերազմի ավարտին Արցախում հաստատված լինեին ոչ թե ռուս, այլ միջազգային խաղաղապահներ, իրավիճակը նույնն էր լինելու.

«Նրանք էլ չէին կարող գործնական քայլերի դիմել, որովհետև շատ պարզ է, որ խաղաղապահները գործողությունների սահմանափակում ունեն, և այնպես չէ, որ կարող են ռազմական ուժի դիմելով՝ այդ ճանապարհը բացել: Աշխարհում տարբեր խաղաղապահ առաքելություններ կան, սա միակը չէ, որ իրականացվում է ռուսների կողմից: Ես չեմ տեսել որևէ դեպք, երբ ռազմական ուժ կիրառելով՝ խաղաղապահներն ինչ-որ խնդիր լուծեն: Նրանց ներկայությունը, ինչ-որ առումով, սիմվոլիկ բնույթ է կրում՝ իրավիճակը հանդարտ պահելու, կողմերին միջնորդական առաքելություն իրականացնելու համար: Ես կարծում եմ՝ ռուսական կողմն այդ գործն իրականացնում է:

Կարդացեք նաև

Մտածել, որ ռուսական կողմը պետք է կոշտ քայլերի դիմի, հատկապես, որ Ադրբեջանը ոչ թե զինվորական ուժերով է միջանցքը փակել, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ է բերել՝ այդտեղ կանգնեցրել, թեպետ, բոլորս գիտենք, որ նրանք թաքնված գործակալներ են, բայց աշխարհին ներկայացնում է, որ խաղաղ ցույց են անում, շատ պարզ է, որ նրանց դեմ ուժ կիրառելը Ռուսաստանի համար նոր բարդություններ է ստեղծելու: Հիմա ռուսներն էլ հայտնվել են կրակի մեջ, չգիտեն՝ ինչ անել. մի կողմից՝ պարտավորվածություն ունեն միջանցքը բացելու, մյուս կողմից՝ չունեն հնարավորություններ: Եվ պարզ է, որ այս ձևաչափով աշխատելը որևիցե հույս չի ներշնչում, որ մոտ ապագայում այդ միջանցքը կարող է բացվել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս