«Պրահայի պայմանավորվածությամբ պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման». Փաշինյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի հղում կատարելով թշնամի պետության ղեկավարի վերջին հարցազրույցում հնչեցրած տեսակետներին՝ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։

«Ադրբեջանի նախագահն իր վերջին հարցազրույցում կրկին տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և միջազգային փորձագետներն էլ կանխատեսում են հավանական էսկալացիա։ Կցանկանայի սրան անդրադառնայիք և նշեիք՝ մեր միջազգային գործընկերները, կազմակերպությունները ինչպե՞ս են անդրադարձել հատկապես Ալիևի այն հայտարարությանը, որ 2023 թվականին Սյունիքով միջանցք են կտրելու, միջազգային կազմակերպություններն ունե՞ն այնպիսի գործիքակազմ, որպեսզի կանխեն հավանական էսկալացիան կամ աջակցեն այդ հարցով մեզ։

Փաշինյանը  պատգանավորի հարցին ի պատասխան՝ ասաց, որ Ալիևի հայտարարություններին իր վերջին ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել է, ապա շարունակեց․

«Կարծում եմ, և մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումն այս իրավիճակի նկատմամբ մեծանում է։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունները նաև որոշակի պրովոկացիոն բնութ ունեն, դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն, և այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա։

Կարդացեք նաև

Մենք ըստ էության շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, և այդ հայտարարություններն ըստ էության հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին։

Երբ ես ասում եմ՝ միջազգային հանրության ընկալումը կարծես թե մեծանում է, ինչո՞ւ, որովհետև մարդկանց համար ակնհայտ է դառնում, որ և Լաչինի միջանցքի մասով, և այդ հայտարարությունները ուղիղ խախտում են Ադրբեջանի կողմից իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները»։

Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային և խաղաղ ճանապարհով լուծումների գնալն է, ինչին Հայաստանը պատրաստ է։

«Ակնհայտ է, և միջազգային հանրությունն էլ դա արձանագրում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար։ Բայց հարց, իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ հեռահար նպատակը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնել խաղաղության գործընթացը։ Դրա համար մենք մեր վերաբերմունքի բանաձևը, մեթոդը պետք է չփոխենք, և ես ավելի եմ համոզվում այդ մեթոդի ճշմարտության մեջ։ Մեր արձագանքն այդ ամենին պետք է լինի ասիմետրիկ, ո՞րն է ասիմետրիկը, նախ ակտիվ միջազգային դիվանագիտությունը և երկրի ներսում ինստիտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների ավելի հզորացումը, կայացումը, բարեփոխումների օրակարգից չշեղվելը, խաղաղության օրակարգից չշեղվելը և չհրաժարվելը։ Դա պետք է լինի մեր արձագանքը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս