Ակնհայտ է, որ Ադրբեջանին զսպելու առաջնային գործոնը մարտունակ զինված ուժերն են. Տիգրան Աբրահամյան
«Այս իրավիճակում բոլոր այն խմբերն ու ուժերը, որոնք այսօր խոչընդոտ են հանդիսանում իրավիճակի հանգուցալուծման, հայկական շահի շոշափման համար, պետք է ուղղակի դուրս շպրտել: ՀՀ այս իշխանության պայմաններում Հայաստանի և Արցախի համար շատ բարդ իրավիճակ է լինելու: Գլխավոր խոչընդոտը ՀՀ իշխանություններն են, առանց որոնց հեռացման Հայաստանի ու Արցախի հետ կապված հայանպաստ լուծումները լինելու են չափազանց բարդ»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը:
Անդրադառնալով անվտանգային մարտահրավերներին՝ պատգամավորը նշեց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանին զսպելու առաջնային գործոնը մարտունակ զինված ուժերն են:
«Պատահական չէ, որ այս իշխանության օրոք հետևողական աշխատանք տարվեց առհասարակ Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգերի ողնաշարերի կոտրման ուղղությամբ: Շատերը հետ չեն գնում հասկանալու համար, թե ինչ եղավ, որ Հայաստանը, որ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման լիարժեք դերակատարներից էր, մի քանի տարվա ընթացքում պարզապես վերածվեց մի երկրի, որը նույնիսկ իրեն ու իր երկրին վերաբերող հարցերում ունի զուտ դիտորդի կարգավիճակ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ այսօր էլ ջախջախված, ջարդված, անընդհատ թիրախային հարվածների տակ գտնվող մեր Զինված ուժերը պոտենցիալ ունեն թե վերականգնվելու, թե որոշ ժամանակ հետո լուրջ մարտական խնդիրներ լուծելու:
«Այս իշխանությունները ոչ միայն ջարդել են բոլոր այն ինստիտուտները, որոնք ի զորու էին տարածաշրջանում հայկականությունը պահել, այլ ամեն ինչ արել են Հայաստանի ու Արցախի կենսունակությունը վնասելու համար: Սրանք հիմքեր են նախապատրաստում, որ հայը տասնամյակներում իր բնօրրանում ապրելու, վերականգնվելու հնարավորություն պարզապես չստանա: Այս իշխանության՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը նվազեցնում է հայի՝ այս տարածաշրջանում ապրելու և գոյատևելու հնարավորությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը ճանապարհ է բացելու դեպի Հայաստան գալու համար:
«Խնդիրը միայն Սյունիքը, Գեղարքունիքն ու Վայոց ձորը չեն: Ադրբեջանը հրապարակել է իր ռազմավարությունը, և դա Հայաստանի ու Արցախի լիակատար կապիտուլյացիան է»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում ծառայություն իրականացնող հայ զինվորն ապահովում էր Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի անվտանգությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: