Սննդամթերքը մեկ տարում թանկացել է 10%-ով. Փորձագետը կանխատեսում է աղքատության ավելացում
Սննդամթերքը մեկ տարում թանկացել է 10%-ով. Վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը։
Այսպիսով, Հայաստանում 2022թ. դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 8.3% գնաճ է գրանցվել, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 10.0%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ:
Որքանո՞վ են օբյեկտիվ այս գնաճային միտումները և ինչո՞ւ Կենտրոնական բանկին չի հաջողվում ճնշել գնաճը՝ 168.am–ն այս հարցադրումների պատասխանները լսել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանից:
Տնտեսագետը նախ հիշեցրեց՝ առկա գնաճային միտումները նույն միտումներն են, որոնց ականատես ենք եղել դեռևս 2020 թվականի տարեվերջից սկսած. ըստ նրա՝ դրանք ունեին և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ հիմքեր:
«Օբյեկտիվ պատճառներից, իհարկե, կորոնավիրուսի հետևանքով լոգիստիկ ճգնաժամերով պայմանավորված՝ համաշխարհային գնաճային միտումներն էին, որոնք պահպանվում են (քանի որ մեծամասամբ ներկրող երկիր ենք, չէինք կարող շրջանցել այս հանգամանքը): Նաև, 2020 թ. տարեվերջից սկսած՝ մեզ մոտ, բնականաբար, տնտեսական ածանցյալ խնդիրներ առաջացան՝ պատերազմով պայմանավորված:
Բայց դեռ 2020 թվականից սկսած և դրանից վաղ կանխատեսվում էին. որ լինելու են դոմինոյի էֆեկտով գնաճային դրսևորումներ, քանի որ հանրային ծառայությունները թանկանում են, քանի որ պատշաճ չեն աշխատում գների վերահսկողական մեխանիզմները:
Գալով դեպի 2022 թվականի առանձնահատկությունները՝ այդտեղ կրկին տարանջատված և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան: Օբյեկտիվ գործոնները ռուս-ուկրաինական զարգացումներով պայմանավորված դրսևորումներն են ներտնտեսական գործընթացներում, իսկ սուբյեկտիվ գործոնները պայմանավորված են իրականացվող տնտեսական քաղաքականության անարդյունավետությամբ»,- մանրամասնեց Լիլյա Ամիրխանյանը:
Այս համատեքստում տնտեսագետը նկատեց՝ Կենտրոնական բանկը թեև անընդհատ բարձրացնում էր տնտեսական վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը ճնշելու համար, սակայն դեռ 2021 թվականից սկսած՝ արձանագրվում է, որ այդ գործիքակազմն իրեն չի արդարացնում:
«Այստեղ խնդիրը Կենտրոնական բանկի և տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմինների կողմից թիմային համակարգված քաղաքականության բացակայությունն էր:
Դրա մասին թերևս վկայում էին նաև տարվա ընթացքում ԿԲ նախագահի կողմից հնչող մեսիջները, որ պետք է իրականացվեն կապիտալ ծախսեր, այդ ծախսերը պետք է ապահովեն հավելյալ աճ: Այսինքն՝ միայն ԿԲ-ն իր գործիքակազմով չէր կարող գնաճի զսպման քաղաքականություն իրականացնել:
Եվ նաև՝ Էկոնոմիկայի նախարարն էր կարծես թե մեղադրականով ասում, որ նախարարության կողմից ձեռք բերված տնտեսական աճը ճնշվում է ԿԲ կողմից ՎՖՏ բարձրացմամբ»,- հավելեց նա:
Անդրադառնալով այս միտումների պարագայում պետության կողմից ենթադրվող քաղաքականությանը՝ փորձագետը նկատեց, որ պետք է հանրության եկամուտները համապատասխանեցվեն գնաճին, իսկ եթե պետությունն օբյեկտիվորեն եկամուտների ավելացման խնդիր չի կարողանում լուծել, պետք է ակնկալել, որ կառավարության կողմից կլինեն իսկական գործուն քայլեր գնաճային անբարեխիղճ և ոչ պատշաճ դրսևորումների դեմ պայքարելու համար:
«Փաստացի, մենք ունենք սոցիալական լուրջ բեռ, եկամուտների և գնաճի ոչ համաչափ աճ, և ակնհայտ է, որ բոլոր այն կանխատեսումները՝ կապված աղքատության ավելացման հետ, ցավոք սրտի, իրականանալու են: Եվ պատահական չէ, որ 2022 թվականին արդեն կայուն նոր իրավիճակի բախվեցինք. խոսքն աշխատող աղքատ կատեգորիայի առաջացման մասին է»,- ամփոփեց Լիլյա Ամիրխանյանը: