Էներգետիկ անվտանգության ապահովման առումով՝ անհրաժեշտ է Արցախում զարգացնել սեփական գեներացիան՝ արևային և հողմային կայանների միջոցով. Էներգետիկ փորձագետ
Արցախը Հայաստանից սնուցող էլեկտրականության միակ բարձրավոլտ գծում հունվարի 10-ին տեղի ունեցած վթարը դեռ չի վերացվել, ինչի հետևանքով արդեն 32 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիների խնդիրներին սառը եղանակային պայմաններում ավելացել է ևս մեկը՝ էլեկտրականության հովհարային անջատումները:
«Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով»,- վթարի առնչությամբ ավելի վաղ հայտնել էր «Արցախէներգոն»:
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ Արցախի հոսանքազրկման խնդիրն անհրաժեշտ է դիտարկել միջազգային իրավունքի համատեքստում:
«Ստեղծված իրավիճակը լիովին հակասության մեջ է մտնում տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի, սոցիալական առաջընթացի և զարգացման մասին հռչակագրի ու մի շարք այլ միջազգային իրավական ակտերի հետ:
Արցախի հոսանքազրկումը, իսկ դրանից առաջ՝ նաև բնական գազի մատակարարաման խափանումը մի կողմից՝ ստեղծում է էներգետիկ անվտանգության էական սպառնալիք մեր հայրենակիցների համար, մյուս կողմից՝ նպաստում է սոցիալ-տնտեսական կոլապսի խորացմանը՝ հանգեցնելով պարենային անվտանգության լրջագույն ռիսկերի:
Միաժամանակ, մենք չենք կարող այս խնդիրը դիտարկել բացառապես հումանիտար ճգնաժամի համատեքստում, քանի որ այն կիրառվում է Բաքվի կողմից քաղաքական, աշխարհաքաղաքական հարցի լուծման համար: Այսինքն՝ եթե վաղը Բաքուն որոշի, որ ինքն է իրականացնելու Արցախի էլեկտրաէներգիայի ու գազի, սննդի ու դեղորայքի մատակարարումը (հավանաբար, այս սցենարն արդեն մշակված է), կստացվի, որ հումանիտար ճգնաժամը հաղթահարված է, բայց մենք հասկանում ենք, որ դա կլինի Արցախի ապահայկականացման առանցքային քայլերից մեկը: Ուստի, խնդիրը և իրավական է, և աշխարհաքաղաքական»,- մանրամասնեց փորձագետը:
Հարցին, թե ի՞նչ պետք է անել Արցախում էներգետիկ ինքնաբավության մակարդակն ապահովելու համար, իրավիճակից ելքերի ի՞նչ տարբերակներ կարող են դիտարկվել՝ Վահե Դավթյանը պատասխանեց. «Իհարկե, դիվերսիֆիկացնել Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղիները: Ժամանակին մշակվում էր Զոդ-Քարվաճառ-Առաջաձոր 110 կիլովոլտ օդային հաղորդման նախագիծը, որը 2020 թ. պատերազմից հետո այլևս արդիական չէ՝ հաշվի առնելով Քարվաճառի հանձնումը թշնամուն:
Մեծ հաշվով, սակայն, որևէ դիվերսիֆիկացիա իրականացնելու, նոր ենթակառուցվածքային լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է նախևառաջ քաղաքական կամք, որն իսպառ բացակայում է. ՀՀ օրվա իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից: Արցախն արդեն ինքը պետք է ուղիներ փնտրի սեփական անվտանգությունն ապահովելու համար: Մասնավորապես, էներգետիկ անվտանգության ապահովման առումով, կարծում եմ, հույժ անհրաժեշտ է Արցախում զարգացնել սեփական գեներացիան՝ արևային և հողմային կայանների միջոցով:
Օրինակ, Ստեփանակերտի գլոբալ հորիզոնական ճառագայթման (GHI) արժեքը կազմում է 4,04 ԿՎտ.ժ /մ2/օր, ինչն ավելի բարձր է, քան մայրցամաքային Եվրոպայի արևաշատ հատվածներում: Սա լուրջ հիմքեր կարող է ստեղծել արևային էներգետիկան զարգացնելու համար: Ընդհանուր առմամբ, արևային և հողմային էներգիայի ներուժն Արցախում գերազանցում է 2000 ՄՎտ-ն: Միաժամանակ, հույժ անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել պատերազմից հետո պահպանված հիդրոէլեկտրակայանների ՕԳԳ-ն»:
Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ վերջերս Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի աջակցությամբ ամերիկահայ գործընկերների հետ իրականացրել են հետազոտություն, որի շրջանակներում մշակել են հետպատերազմյան Արցախի էներգետիկ քարտեզներ, գնահատել էներգետիկ ռեսուրսների առկայությունը, ենթակառուցվածքների վիճակը:
«Հետազոտության արդյունքները առաջիկայում կներկայացնենք Արցախի իշխանություններին: Արցախն օրգանապես չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հետևաբար, անգամ այս բարդ իրավիճակում անհրաժեշտ է մշակել երկարաժամկետ զարգացման ծրագրեր»,- հավելեց փորձագետը: