Նիկոլ Փաշինյանի ամենամեծ պարտությունը Ռուբեն Վարդանյանից

Անցած երկու օրերին Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև ծավալված հեռակա բանավեճը, բացի ընթացիկ քաղաքական իրողություններից, իր մեջ պարունակում է նաև աշխարհայացքային, գաղափարական հակասություն, և դրանով հանդերձ՝ օգտակար է Արցախի, սպառնալիքի չափ վտանգավոր՝ Հայաստանի համար։

Այդ բանավեճի հիմքում լայն իմաստով ընկած է պայքարելու կամ հանձնվելու երկընտրանքը։

Արցախի իշխանությունները, ի դեմս Անվտանգության խորհրդի ու նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից կրկնվող հայտարարության, ընտրել է թեկուզև դժվար, բայց պայքարի, չհանձնվելու ճանապարհը, ինչը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակում է՝ որպես արկածախնդրություն, իրադրությունն է՛լ ավելի փակուղային դարձնող դիրքորոշում, ինչից ենթադրելի է, որ նա չի ընդունում կամ սխալ է համարում Արցախի իշխանությունների վճռականությունը։

Այլ կերպ ասած, Արցախի իշխանությունները, Ռուբեն Վարդանյանն այս դիլեմայում ընտրում են պայքարը, Նիկոլ Փաշինյանը՝ հանձնվելը։

Կարդացեք նաև

Այս գաղափարաբանական մոտեցումներից յուրաքանչյուրը կարող է ունենալ և վստահաբար ունի իր հիմնավորումները, հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանն այնքան ճարտարաբար չկարողանա փաստարկել պայքարելու իր ընտրությունը, որքան Նիկոլ Փաշինյանը՝ հանձնվելու իր պարտվողականությունը։ Այս դիրքորոշումները, սակայն, բացի քաղաքական հիմնավորումներից, իրենց մեջ պարունակում են նաև վերքաղաքական, գործնական քաղաքականության չափումներից դուրս գտնվող սուբստանցիաներ, որոնք պայմանականորեն կարելի է դասել ոչ նյութական, հոգևոր տիրույթի որակների շարքին։

Ահա այդ հարթությունում, ընտրելով պայքարի ճանապարհը՝ Արցախը ցուցաբերում է արժանապատվություն, կամք, այն դեպքում, երբ հակառակը՝ փաշինյանական մոտեցումն անարժանապատիվ և թուլամորթ դիրքորոշում է։

Իրատեսական հարթությունում, այո՛, հնարավոր է, վերջինն ավելի հիմնավոր է ու պակաս վտանգավոր, քան պայքարի ճանապարհը։ Մյուս կողմից, սակայն, անգամ հիմնավոր լինելու դեպքում, դա անարժանապատիվ, նվաստացնող դիրք է, որը հազիվ թե հարգանքի կարող է արժանանալ՝ ինչպես դաշնակիցների, այնպես էլ ու առավել ևս՝ թշնամիների կողմից։
Քաղաքականությունը, այո, ռեսուրսների, հնարավորությունների, կարողությունների պայքար է։ Բայց դրա բացարձակացումը, քաղաքականությունը միայն օգտապաշտական, նյութական հարթություն տեղափոխելը մոտավորապես նույնն է, ինչ մարդու պարագային սահմանափակվել միայն ֆիզիկական պահանջմունքների բավարարմամբ։

Եվ ահա, միայն նյութական արժեքներով մարդու հանգույն, հոգևորից (անունը կարելի է դնել արժանապատվություն, պատիվ, առաքինություն և այլն) զերծ քաղաքականությունը մեխանիկական զբաղմունք է։

Անհոգի ու ոչ ոգեղեն քաղաքականությունը չի կարող արժանապատվություն ու հարգանք, հետևաբար՝ նաև արդյունք ապահովել, որովհետև անպատիվ արդյունքը ձախողումից էլ վատ է։
Ահա ուրեմն, արդեն մեկ ամսից ավելի՝ Արցախը՝ չունենալով նյութական ռեսուրսներ, ամեն ժամի հետ զրկվելով դրանից, ցուցաբերում է պայքարի ավելացող կամք, այն դեպքում, երբ զուգահեռ իրականությունում Հայաստանը քամում է պայքարելու վերջին կաթիլները՝ ամեն կերպ ցանկանալով նույնպիսի անդունդ քաշել նաև Արցախին։

Վերջինը, փաստորեն, դիմադրում է ոչ միայն Ադրբեջանի շրջափակմանը, այլև Հայաստանի կողմից անպայքար խորտակման տանող ճիգերին, ինչը, հնարավոր է՝ ավելի դժվար պայքար է՝ դիմացինների ազգակից լինելու բերումով նաև։
Պայքարող Արցախն ու հանձնվող Հայաստանը մեր իրականության երկու հակադիր կողմերն են, և ահա այդ պայքարից ավելի է կախված մեր լինելիությունը, քան անգամ թշնամական երկրների հետ հակամարտության ելքից։ Որովհետև այս աննյութական պայքարում Արցախի, իմա՝ պայքարի պարտության դեպքում, ոչ մի արժեք չեն ունենալու նաև այն նյութեղեն հաղթանակները, որ կարող են լինել նույնիսկ թշնամիներին հաղթելու պարագային։

Հայաստանը հիմա վերածվել է միայն մարմնական հայրենիքի, առանց հոգու, ինչպես գրում էր Չարենցը Նիկոլ Փաշինյանի սիրած «Երկիր Նաիրիում»։

Արցախը՝ ճիշտ հակառակը, ցույց է տալիս հոգի ու ոգեղենություն՝ չնայած մարմնական հայրենիքի՝ ամեն օր խորացող թուլացմանն ու նրան ուղղված հարվածներին։

Ռուբեն Վարդանյանի վստահ հայտարարությունը, որ պայքարը սկսվելու է Արցախից, երևի ունի հենց այս իմաստը և քիչ է կապված նյութական միջոցների, զենքերի ու պարենների, զինվորների ու պոլիտիկանների հետ, որոնց անիմաստությունից պայթում է Հայաստանը, որն ինքն՝ այդպես էլ հոգևոր չդարձավ ու այնքան խղճուկ է «Հոգևոր Ղարաբաղի» կայացման համապատկերին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս