Երբ Ադրբեջանը լայն բացում է իր քսակը, փողասերները շտապում են վերցնել իրենց բաժինը

Լրագրող Թիլ Բրուքները ծավալուն հետաքննական հոդված է գրել, թե ինչպես է Ադրբեջանն իր հսկայական նավթադոլարները տալիս քաղաքական գործիչներին, գործարարներին և համալսարաններին: Նույնիսկ հայտնի անհատներն ու հաստատություններն են իրենց վաճառում, երբ հսկայական գումարներ են թափվում նրանց վրա։ Բրուքների՝ «Կոռուպստան Ադրբեջան. ինչպես դառնալ թաքուն լոբբիստ ադրբեջանական ոճով» վերնագրով հոդվածը տեղադրվել է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP)» կայքում։

Հոդվածում ասվում է. «Բրենդա Շեյֆերի՝ գիտնականի և էներգետիկ քաղաքականության հաճախ հիշատակվող փորձագետի վերելքը ցույց է տալիս, թե որքան խոցելի է ամերիկյան արտաքին քաղաքական կառույցը օտարերկրյա գործակալների կողմից շահարկումների  նկատմամբ: Օտար վարչակարգի և բացահայտ ու գաղտնի լոբբիստների բազմազան ցանցի աջակցությամբ՝ նա նավթային փողերն օգտագործել է իր գիտական ​​համբավը  բարձրացնելու  համար, այնուհետև իր հերթին այդ հեղինակությունը օգտագործել առաջ մղելու Ադրբեջանի  օրակարգը՝ Կոնգրեսի վկայությունների, թերթերի տասնյակ հոդվածների և լրատվամիջոցներում ելույթների, անհամար վերլուծական/ուղեղային միջոցառումների և նույնիսկ գիտական հրապարակումների միջոցով։ Ու դեռ շարունակում է դա անել»:

2001 թվականին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին վկայություն տալիս՝ Շեյֆերը ներկայացվել է որպես «Կասպյան ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն և գիտության ու միջազգային հարաբերությունների Բելֆորթի [Բելֆեր] կենտրոնի Միջազգային անվտանգության ծրագրի ասպիրանտ Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում»։

Իր ելույթում Շեյֆերը  Կոնգրեսին խնդրել է չեղյալ համարել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը, որն արգելում է ամերիկյան ուղղակի օգնությունն Ադրբեջանի կառավարությանը: Կոնգրեսի անդամները չգիտեին, որ «Կասպյան ուսումնասիրությունների ծրագիրը, որը նա ղեկավարում էր Հարվարդում, ստեղծվել է 1999 թվականին Ադրբեջանի Առևտրի պալատի և նավթագազային ընկերությունների համախմբման՝ Exxon-ի, Mobil-ի և Chevron-ի կողմից, 1 միլիոն դոլար դրամաշնորհով, որոնք բոլորն էլ առևտրային շահեր ունեին տարածաշրջանում։ Առևտրի պալատը ադրբեջանամետ ազդեցության խումբ է, որի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են SOCAR-ի փոխնախագահը, ադրբեջանական պետական ​​էներգետիկ ընկերությունը, ինչպես նաև BP-ի և Chevron-ի առաջատար  լոբբիստները»:

1999-ին պալատը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Կասպյան ուսումնասիրությունների ծրագրի նպատակն է «օգնել ձևավորել իրազեկ քաղաքականություն» Ադրբեջանի վերաբերյալ։ Քենեդու կառավարման դպրոցն իր մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել է, որ Հարվարդի Բելֆերի գիտության և միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրեն Գրեհեմ Թ. Ալիսոնը և նախագահ Իլհամ Ալիևը, որն այն ժամանակ Ադրբեջանի SOCAR նավթային ընկերության առաջին փոխնախագահն էր, ելույթ կունենան դրա անդրանիկ համաժողովում։

2000 թվականին, այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիևը մասնակցել է Ադրբեջանի Առևտրի պալատի միջոցառմանը` ասելով հյուրերին. «Ողջունում եմ նոր ամբիոնի բացումը Հարվարդի համալսարանում, որը վերաբերում է Ադրբեջանին և Կասպյան տարածաշրջանին: Շնորհակալ եմ ամերիկա-ադրբեջանական Առևտրի պալատի կողմից ցուցաբերվող օգնության համար»։ Պաշտպանության նախարարի նախկին օգնական և Հարվարդի Քենեդու դպրոցի դեկան Էլիսոնը հեռացվել էր պալատի հոգաբարձուների խորհրդի կազմից այն բանից հետո, երբ OCCRP-ն մատնանշել էր նրա անունը:

OCCRP-ն բազմիցս խնդրել է պալատից նրա ֆինանսական հաշվետվությունների պատճենները, սակայն պալատը դրանք չի տրամադրել, ինչն անօրինական է:

Պալատը նշել է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են «Հենրի Քիսինջերը, Զբիգնև Բժեզինսկին, Ջեյմս Ա. Բեյքեր III-ը, Բրենտ Սքոուկրոֆթը և Ջոն Սունունուն» որպես իր «Խորհրդականների պատվավոր խորհրդի» անդամներ։

Շեյֆերը  «ղեկավարել է Կասպյան ուսումնասիրությունների ծրագիրը մինչև 2005 թվականը: Իր պաշտոնավարման ընթացքում նա գրել է 14 կարծիքի հոդվածներ ԱՄՆ-ի և Իսրայելի առաջատար թերթերի համար, ներառյալ International Herald Tribune-ը և Jerusalem Post-ը՝ շատ հոդվածներոմ կոչ անելով ամերիկյան քաղաքականություն մշակողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանին: Դրանցից մեկում հորդորել է ԱՄՆ-ին դադարեցնել վիճելի Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորումը»։ 2006 թվականի մայիսին լրագրող և լոբբիստական հարցերով փորձագետ Քեն Սիլվերսթինը Harper’s Magazine-ում գրել է «Վարձու ակադեմիկոսներ» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով հայտնի ակադեմիկոսներին «[Կասպյան] տարածաշրջանի ղեկավարների անունից մտային լարախաղացության հանար»։ Նա առանձնահատուկ կոշտ քննադատության է ենթարկել Շեյֆերին։

Սիլվերսթինը մեղադրել է Հարվարդի Կասպյան ուսումնասիրությունների ծրագրին «մտավորական ամբողջականության» բացակայության մեջ՝ ընդգծելով դրա կապը Ադրբեջանի Առևտրի պալատի հետ և մասնավորապես նշել է «2001 թվականին Շեյֆերի խնդրանքը Կոնգրեսին՝ չեղարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները»։

Սիլվերսթինն իր հոդվածում նախազգուշացրել է. «Զգուշացե՛ք կասպյան դիտորդներ. հաջորդ անգամ, երբ կտեսնեք կամ կլսեք «անկախ» ամերիկացի փորձագետի խոսքն այն մասին, թե ինչպես են տարածաշրջանի ղեկավարները համարձակ բարեփոխումներ իրականացնում, ստուգեք այդ փորձագետի վկայագրերը, որպեսզի տեսնեք, թե արդյոք նա իրականում անկախ է»։

Բրուքները գրել է՝ հաջորդ ամիս ««International Herald Tribune»-ը հրապարակեց  Շեյֆերի  երրորդ հոդվածը, որը վերաբերում էր Իրանի էթնիկ ադրբեջանցիներին և այլ փոքրամասնությունների»: Այդ ժամանակից ի վեր Սիլվերսթինը նրան անվանեց «վարձու ակադեմիկոս, որի պաշտոնը սնվել է ադրբեջանական լոբբիստական ​​կազմակերպությունների  և արևմտյան նավթային ընկերությունների կողմից, որոնք ներդրումներ  են կատարել  Ադրբեջանում»:

Բրուքները բողոքել է New York Times-ի, Washington Post-ի, Reuters-ի, Bloomberg-ի, Foreign Affairs Journal-ի և Wall Street Journal-ի խմբագիրներին՝ Շեյֆերի հոդվածները հրապարակելու համար՝ առանց բացահայտելու նրա կապերը Ադրբեջանի հետ:

Շեյֆերը նաև հաճախ մասնակցել է վերլուծական կենտրոնների խմբային քննարկումներին: 2013 թ. Ադրբեջանի նախագահական կեղծ ընտրություններից երկու օր անց Շեյֆերը  ելույթ ունեցավ Կարնեգի հիմնադրամում` գովաբանելով ճնշող երկրի «աշխույժ մամուլը», նրա բուռն քաղաքական բանավեճերը և նրա «իրատես» ընտրողներին…

2014 թվականի դեկտեմբերին Շեյֆերը հայտնվեց հեռուստաէկրաններին Fox Business-ի և Al Jazeera America-ի միջոցով և տպագիր մեկնաբանություն տվեց էներգետիկ խնդիրների մասին Jerusalem Post-ի, London Times-ի, The Australian-ի, NPR-ի և Foreign Policy ամսագրի միջոցով: (Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Foreign Policy ամսագիրը հրապարակել էր մեկ այլ հեղինակի հոդվածը Ադրբեջանի լոբբիստական ​​ջանքերի վերաբերյալ,  որտեղ նշվում էր  Շեյֆերի կապը SOCAR-ի հետ»), գրել է Բրուքները։

Ամոթալի է, որ վերլուծական կենտրոնները, համալսարաններն ու քաղաքական գործիչները պատրաստակամորեն ընդունում են Ադրբեջանի առաջարկած գումարները, դրանով իսկ խրախուսելով ճնշող վարչակարգին շարունակել մեծ գումարներ տալ՝ քողարկելու մարդու իրավունքների խախտումները։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս