Մենք մինչև աշխարհին ցույց չտանք, որ մենք ենք այս երկրի տերը, որ այս երկրի համար պայքարելու ենք, աշխարհն առանձնապես մեզ բանի տեղ չի դնելու. Հայկ Հարությունյան
30 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը վստահ է՝ առաջինը հայը պետք է կարողանա իր հարցերն առաջ տանել և լուծել:
«Մինչև մենք չսովորենք, որ մեր հայրենիքը նաև մեր բնակարանից դուրս տարածքն է, չենք կարողանալու աշխարհին ցույց տալ, որ սա մերն է: Թշնամին անընդհատ խորանում է ՀՀ տարածքում, իսկ մենք քեֆ ենք անում, Նոր տարի ենք նշում, կատակներ ենք անում: Կատակում էին նաև Գյումրու 1988թ. երկրաշարժի ժամանակ, բայց դրանք տարբեր բաներ են: Ինձ համար միշտ պարզ մեկ բան է եղել. մինչև չունենանք պետականության զգացում, չհասկանանք, որ երկիրը մերն է, ոչ թե բնակարանը, որում ապրում ենք, մենք չենք կարողանալու դառնալ այն երկիրը, ազգը, որը կարող է՝ ինչպես մինչև հիմա ապրել է, այդպես էլ շարունակի ապրել: Պետք է կարողանանք մեր արժեքների համակարգն ունենալ, հասկանալ, որ ավելի լավ է մի քիչ սոված մնանք, բայց ուժեղ երկիր ունենանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Հարությունյանը:
Մեր դիտարկմանը, որ Վիկտոր Համբարձումյանը, օրինակ, Արցախի հարցի համար 9 օր շարունակ 82 տարեկանում հացադուլ է արել Մոսկվայում, ինչո՞ւ հիմա բողոքն այդ կերպ արտահայտելու համար չկան նման մարդիկ, Հայկ Հարությունյանը պատասխանեց. «Այն ժամանակ երկիրն ամբողջական էր, Խորհրդային Միություն էր, և՛ Վիկտոր Համբարձումյանը, և՛ Սոս Սարգսյանը, և՛ Զորի Բալայանը ոչ թե Հայաստանի իշխանությունն էին ներկայացնում, այլ Խորհրդային Միության, և հիմա, եթե նույնիսկ այստեղ անում ենք, էլի մնում ենք մեր «յուղի մեջ» տապակվող:
Այն ժամանակ Մոսկվայում ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունները փաստորեն հացադուլ հայտարարեցին, դա լուրջ բան էր, ու տարբեր տեղերից արձագանքներ եկան: Հիմա ես չգիտեմ, եթե նույնիսկ վարչապետը հացադուլ հայտարարի՝ ինչ-որ մեկն ուշադրություն կդարձնի՞, թե՞ ոչ: Մենք մինչև աշխարհին ցույց չտանք, որ մենք ենք այս երկրի տերը, որ այս երկրի համար պայքարելու ենք, աշխարհն առանձնապես մեզ բանի տեղ չի դնելու: Միայն, եթե իրենց և մեր շահերը համընկնեն, այդ ժամանակ կշարժվեն, իսկ մնացած դեպքերում առանձնապես որևէ շարժում չի լինելու: Մենք պետք է սովորենք, որ անկախ պետություն ենք: 1991թ. երբ անկախացանք, այդ ժամանակ էլ էի ասում՝ մնաց, որ դա մենք հասկանանք: Երբ տարբեր երկրներ ընդունում էին մեր անկախությունը, ասում էի՝ մնում է, որ մենք հասկանանք, բայց այդպես էլ մինչև հիմա չհասկացանք, որ անկախ ենք: Իսկ անկախությունը որոշակի մոտեցումներ է պահանջում:
Պետք է ստեղծես այն հնարավորությունները, որոնք կարող են քո անկախությունը պաշտպանել: Այն չի լինում կոռուպցիայի միջոցով. ամենալավը պետք է վարձատրես քո զինվորականին, բժշկին, գիտնականին, ուսուցչին: Դա է ազգային անվտանգության խնդիրը: Համալսարանում ուսանողներ ունենք, որոնք պարզապես գալիս-գնում են, և դա էլ է ազգային անվտանգության խնդիր, որովհետև ոչ մի բան չեն սովորում: Չգիտեմ, կամ ծերացել ենք ազգով ու չենք հասկանում, թե ինչն ինչոց է, կամ բթացրել են մեզ՝ անընդհատ ուրիշի արձագանքին ենք սպասում, որ տեսնենք՝ ինչ են ասում, և ինչ անենք»,- եզրափակեց Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրենը: