«Միայն համախմբվելով կարող ենք այս հարցը լուծել․ մնալու ենք մինչև վերջ, մեռնում ենք, թող Ղարաբաղում մեռնենք» Աստղաշենի համայնքապետ
Ինչպես Արցախի Հանրային հեռուստանըկերության ամանորյա ֆիլմում, այնպես էլ իրական կյանքում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում շրջափակման 27-րդ օրը մարդիկ, չնայած դժվարություններին, շարունակում են իրենց բնականոն կյանքով ապրել։
«Մարդկանց տրամադրությունները նորմալ են, խուճապ չկա, հիմնական խնդիրը սննդի պաշարների պակասությունն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աստղաշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը։
Պարենի հետ կապված խնդիրները ինչպե՞ս եք լուծում, հարցրեցինք Աստղաշենի համայնքապետին․
«Օպերատիվ շտաբն է զբաղվում այդ հարցերով, այսօր էլ մի քիչ պեսոկ են բերել, ամեն տանը 1 կիլո տալիս ենք, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»։
Աստղաշեն համայնքում 500-ից ավելի մարդ է ապրում, բայց նրանց թիվն ավելանում է։ 2020 թվականի պատերազմից հետո համայնքն ընդլայնվում է, թշնամու օկուպացրած գյուղերից տեղահանված բնակիչների համար այստեղ տներ են կառուցվում, որպեսզի նրանք շարունակեն հայրենի հողում ապրել։
«Տեղահանված 4 գյուղերի՝ Մոշխմհատի, Մադաթաշենի, Ջրաղացների, Սղնախի բնակիչների համար տներ են կառուցվում։
Չնայած, որ շուրջ 1 ամիս է՝ գտնվում ենք շրջափակման մեջ, մարդիկ իրենց տնից, իրենց հողից դուրս գալու պլաններ չունեն, դուրս գան, ո՞ւր գնան, սաղն էլ ասում են՝ մնալու ենք մինչև վերջ, մեռնում ենք, թող Ղարաբաղում մեռնենք։ Ինչքան էլ, որ դժվար է, մարդիկ կառչած են իրենց հողին և ուրիշ տեղ գնալու պլաններ չունեն»,- ասաց Արթուր Գրիգորյանը, ապա հավելեց, որ ձմեռային արձակուրդներն ավարտվում են, և երկուշաբթի օրվանից համայնքի դպրոցն ու մանկապարտեզը բնականոն ձևով կշարունակեն աշխատել։
Ստեղծված իրավիճակից միակ ելքը համախմբվելն է, կարծում է Աստղաշենի համայնքապետը, համախմբում՝ ինչպես եղավ 90-ականներին․
«Միայն համախմբվելով կարող ենք այս հարցը լուծել, հայ ազգը պետք է համախմբվի, ինչպես 1988-1990 թվականներին էինք համախմբվել։ Ցանկանում եմ, որ Արցախ աշխարհում, Հայաստանում խաղաղություն լինի․․․»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։