«Ի վիճակի ենք գյուղմթերքով օգնել Արցախին, եթե ճանապարհը բացվի, կարող ենք 10-15 բեռնատար կարտոֆիլ ուղարկել». Հրաչ Բերբերյան
Ադրբեջանական ահաբեկչությունը Արցախի և 120 հազար արցախահայության նկատմամբ շարունակվում է: Արդեն 25-րդ օր է՝ արցախցիները զրկված են իրենց կյանքի միակ ճանապարհից։ 25-րդ օրն է, Արցախը զրկված է արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու միակ ճանապարհից՝ սննդամթերք, միրգ-բանջարեղեն, կարտոֆիլ, ապրելու համար անհրաժեշտ այլ ապրանքներ ստանալու հնարավորությունից։
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց՝ եթե վաղն էլ ճանապարհը բացվի, ապա Հայաստանն ունի բավարար գյուղմթերքի պաշար Արցախին մատակարարելու համար։
«Իհարկե, մենք այս պահին ի վիճակի ենք գյուղմթերքով օգնել Արցախին։ Արցախում խոսում էին կարտոֆիլի քչության մասին, մենք կարտոֆիլ էլ կարող ենք տալ, դրանից զատ, կդիմեմ մեր ֆերմերներին, նրանք էլ ի վիճակի են կարտոֆիլ տրամադրել։ Հենց այսօր էլ, եթե ճանապարհը բացվի, մենք կարող ենք 10-15 բեռնատար կարտոֆիլ ուղարկել։ Սոխի առումով էլ ինքնաբավ ենք և կարող ենք տալ, բայց չեմ կարծում, որ Արցախն այս պահին սոխի կարիք ունենա։ Կարծում եմ՝ մսամթերքի կարիք նույնպես չունեն, որովհետև Արցախի բազմաթիվ տարածքներում մարդիկ անասնապահությամբ են զբաղվում։
Չեմ կարող ասել, թե Արցախի նախագահն ինչով է զբաղված եղել, որ այսօր Արցախում գյուղատնտեսության ոլորտն այս վիճակում է, այսպես չպետք է լիներ»,- նշեց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա, եթե գյուղատնտեսության ոլորտում Արցախի համապատասխան կառույցների անգործությունը մի կողմ դնի, ապա պատերազմն այդ ոլորտում իր գործն արել է, քանի որ մարդիկ Արցախը հանձնելու արդյունքում հիասթափվեցին ու սկսեցին հողը չմշակել։
«Մարդիկ պետք է հավատ ունենան, որ իրենց հողը մշակեն, իսկ այդ հավատը նրանց պետք է ներարկի՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի ղեկավարությունը։ Այստեղ ինչ-որ առեղծված կա, որ ինձ համար անհասկանալի է, մենք Արցախ տվող չէինք, այդ ինչպես հանձնեցին, չեմ հասկանում։
Կրկնում եմ՝ այնպես պետք է արվի, որ մարդիկ վստահեն իրենց վաղվա օրվան, որ իրենց հողը մշակեն այսպիսի օրերի համար։
Ինքս՝ որպես հայ մարդ, մեր արցախահայությանն ասում եմ՝ մի հիսաթափվեք, երբեք չհիասթափվեք, թուրքը հենց դրան է սպասում։ Պետք է հողը մշակել, հացը ստեղծել, երեխաներ ունենալ ու կրթել, որ հայրենիք ունենանք ու պահենք։ Ավելին՝ երեխաներին պետք է շինարարի ոգով կրթեն, որ այս հողը շենացնեն, կառուցեն»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է: