Ռուսաստանի համար Միութենական պետությանը Հայաստանի միանալու հեռանկարն առանձնապես գրավիչ ու կարևոր չէ. Լուկիանով
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ռուսական ճնշումների մասին հրապարակային հայտարարությունը դարձավ հայ-ռուսական դիվանագիտական հերթական սկանդալը:
Հայաստանի համար ճգնաժամային արտաքին քաղաքականության և հատկապես Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին ի՞նչ հարց լուծեց Արմեն Գրիգորյանը՝ Ռուսաստանին մեղադրելով Հայաստանի նկատմամբ ճնշումների մեջ Միութենական պետության կազմ մտցնելու նպատակով և ստեղծելով հայ-ռուսական հարաբերությունների հերթական սկանդալը, թերևս, գիտի միայն Արմեն Գրիգորյանը, որի հայտարարությունները վստահաբար կողջունվեն և կգնահատվեն Արևմուտքում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին, արձագանքելով ճնշումների մասին պնդումներին, ասել է, որ դրա մասին խոսող անձինք պետք է փաստեր ներկայացնեն:
«Կարելի է հարց ուղղել՝ իսկ ո՞ւմ են հղում անում այն մարդիկ, որոնք այդ մասին խոսում են, այն մասին, որ իրենց ստիպում են: Ի՞նչ փաստերի են նրանք հղում անում: Կա՞ն ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ բարեկամական մթնոլորտում, կարմիր գինու բաժակի շուրջ կամ կոպիտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Ինչպե՞ս են պարտադրել: Պետք է, չէ՞, դա հասկանալ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թե՞ մարդը դուրս է եկել ու ասում է՝ գիտեմ, որ պարտադրել են, նույնիսկ հիշում եմ, բայց չգիտեմ՝ ով, և չեմ հիշում՝ ինչպես: Հասկանո՞ւմ եք՝ պետք է լինեն ինչ-որ փաստեր, եթե մարդիկ անում են նմանատիպ հայտարարություններ, չտրամադրելով փաստեր, և, ի դեպ, կոնկրետ երկիր են նշում: Բարի եղեք, ներկայացրեք փաստեր: Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնց իբրև թե հղում են անում, ուրեմն ցույց տվեք, պատմեք, այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան ավել ասել նրանից, ինչ ասվել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի խոսնակի կողմից այն մասին, որ ՌԴ չինովնիկներից որևէ մեկը երբեք որևէ նման բանի մասին չի խոսել»,- նշել էր Զախարովան:
Խոսելով Լաչինի միջանցքի ֆոնին այս դիպվածի և Միութենական պետությունում ՀՀ հնարավոր դերակատարության մասին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ Միութենական պետության հեռանկարն ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի ու Բելառուսի միջև:
Իրականում, նրա խոսքով, այդ ձևաչափին ՀՀ-ի միանալու հեռանկարն առանձնապես գրավիչ ու առաջնահերթ չէ Ռուսաստանի համար, քանի որ Հայաստանը երբեք չի դիտարկվել, այսպես կոչված, ռուսական աշխարհի մի մաս:
«Խիստ կասկածելի է նաև այն, որ Հայաստանի հետ պաշտոնապես քննարկվել է այդ հարցը: Հարց քննարկելու մի շարք տարբերակներ կան միջպետական հարաբերություններում՝ կա դիվանագիտական խողովակներով հարց քննարկելու տարբերակ, դիվանագիտական ու պաշտոնական մակարդակներում։
Գուցե հայկական կողմի ենթադրությունն է, որ Ռուսաստանում շահագրգռված են այդ հարցով, բայց ես չեմ կարծում, թե դա այդպես է: ՌԴ նախագահի ու ԱԳՆ խոսնակների արձագանքները ևս փաստում են, որ պաշտոնական մակարդակում դա չի քննարկվում, գուցե այլ մակարդակներում, խողովակներով եղել են նման քննարկումներ, ինչը բնական է: Սակայն ոչ պաշտոնական թեման, և հարաբերություններում ոչ պաշտոնական օրակարգերը երբեք պաշտոնական մակարդակում չեն քննարկվում, քանի դեռ չկան համաձայնեցումներ:
Եթե նույնիսկ կա քննարկում, և Հայաստանը դեմ է, պարտադրանք չի կարող լինել, քանի որ, ինչպես Ռուսաստանի ղեկավարած մյուս կառույցների դեպքում, հավելյալ գլխացավանքի տակ հայտնվում է Ռուսաստանը: Չեմ կարծում, որ այս հարցը պետք է նման ձևով քննարկվեր ու հենց այս փուլում՝ հանգեցնելով Ռուսաստանում բավականին սուր արձագանքների: Մի կողմից՝ ակնկալել Ռուսաստանից աջակցություն, մյուս կողմից՝ մեղադրել ճնշումների մեջ, մի փոքր անհասկանալի դիվանագիտություն է:
Այնուամենայնիվ կարծում եմ՝ ռուսական կողմը կբավարարվի արդեն իսկ տրված մեկնաբանություններով և հավելյալ լարվածություն չի մտցնի հարաբերություններում, քանի որ դա Ռուսաստանին պետք չէ, և այս հանգամանքն էլ շատերի կողմից օգտագործվում է այս փուլում»,- նկատեց նա:
Ընդ որում, վերլուծաբանի խոսքով, ուշագրավ իրավիճակ է՝ հասկանալու համար Հարավային Կովկասում Արևմուտքի ռեսուրսները և քաղաքական կամքը:
«Կա խնդիր՝ ինչ արձագանք է դրան տալիս Արևմուտքը, բացի ՄԱԿ ԱԽ-ում քննարկումից, որը դեռ չունի որևէ առարկայական ազդեցություն: Սա ևս ցույց է տալիս, որ տեղում, ի վերջո, դերակատարություն ունի Ռուսաստանը: Եթե միջանցքը չի բացվում անմիջապես, դա չի նշանակում, որ չկա որևէ դերակատարություն: Իրավիճակը բազմակողմանի բարդ է Ռուսաստանի համար, քանի որ, բացի Հայաստանից, Ղարաբաղի ժողովրդի հանդեպ պարտավորություններից, Ռուսաստանի համար կարևոր են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները: Սա պահանջում է նուրբ լուծումներ»,- ասաց նա: