Կոչ եմ անում իշխանություններին՝ իրավիճակը պարզ ներկայացնել ժողովրդին, այլապես ունենալու ենք մի նոր փաստաթուղթ, որն ավելի ծանր է լինելու. Պատմաբան
«1920 թվականին Հայաստանը գնաց առճակատման Ռուսաստանի հետ, արդյունքում՝ կորցրեց մեծ տարածքներ, ու թուրքական զորքերը հայտնվեցին Հայաստանում: Հետո եղան Մոսկվայի, ապա Կարսի պայմանագրերը: Հայաստանը 1920թ. սպասում էր Արևմուտքի օգնությանը, Սևրի պայմանագրի իրականացմանը, Վիլսոնի իրավարար վճռին, ինչը չեղավ: Հիմա նույն իրավիճակը մի քիչ այլ ձև կատարվում է այս օրերին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Նրա դիտարկմամբ, Հայաստանի իշխանությունները սպասում են, որ Արևմուտքը կաջակցի, Ռուսաստանի հետ գնում է դեզինֆորմացիոն և քաղաքական հստակ առճակատում, և արդյունքում շատ լուրջ կորուստներ է ունենում Արցախում և ՀՀ տարածքում:
«Եվ այսօր Հայաստանի Հանրապետութունը լուրջ սպառնալիքի տակ է՝ սկսած անվտանգային համակարգից: Չկա նաև համախմբվածություն ժողովրդի մեջ: Եթե անում ենք 1920 թ. սխալն ու գնում ենք Ռուսաստանի հետ առճակատման՝ բանակցելու, համոզելու փոխարեն, մենք ստանալու ենք շատ ավելի մեծ կորուստներ: Եթե սպասում ենք, որ Արևմուտքը մեզ պետք է օգնի, ապա այսօր դա ռեալ չէ, որովհետև Արևմուտքն այլ, նոր գործերով է զբաղված, իսկ մյուս կողմից էլ՝ Արևմուտքի համար Ադրբեջանի էներգակիրները շատ ավելի կարևոր են:
Դրա համար մեր ժողովուրդը պետք է մի քիչ ավելի սթափ գնահատի, ավելի իրատեսական լինի: Հասկանում եմ՝ այսօր վատ վիճակ է այն առումով, որ և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից լուրջ ակնկալիքներ չպետք է ունենանք և, ըստ էության, այս իրավիճակում պետք է գնանք այն ճանապարհով, որը թույլ է տալիս մինիմալ կորուստներ ունենալ:
Այսպես թե այնպես, մեր ժողովուրդը պետք է իմանա, որ այս պահին իրավիճակից առանց կորուստների դուրս գալն անհնար է: Ովքեր ասում են՝ մի երկիր գալու է փրկի, դա լրիվ անիմաստ է ու խոսում է պատմությունից անտեղյակ լինելու մասին: Այսօր մեր միակ խնդիրը մինիմալ կորուստներով դուրս գալն է. հիմա պետք է հասկանանք՝ Արևմուտքի առաջարկո՞վ ենք մինիմալ կորուստներով դուրս գալիս, թե՞ ռուսական:
Պետք է կանգնել և ժողովրդին ասել ճշմարտությունը՝ Արևմուտքն առաջարկում է այս տարբերակը, ունենալու ենք այս կորուստը, Ռուսաստանն առաջարկում է հետևյալ տարբերակը՝ ունենալու ենք այս կորուստը»,- նշեց պատմաբանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պետք է կարողանա պահել ներկա իր տարածքները, եթե դա արժենալու է անգամ որոշակի զիջումների:
«Այսօր ՀՀ-ն այն իրավիճակում է, որ ցանկացած պահի կարող է ունենալ տարածքային շատ ավելի մեծ կորուստներ, որոնք լինելու են անդառնալի: Հիմա կոչ եմ անում իշխանություններին՝ ժողովրդին իրավիճակը պարզ ներկայացնել, ասել, թե որ կողմն ի՞նչ է առաջարկում, այլապես ունենալու ենք մի նոր փաստաթուղթ, որն ավելի ծանր է լինելու, քան նոյեմբերի 9-ի փաստաթուղթը:
Ինչ վերաբերում է Արցախ-Հայաստան ճանապարհի փակմանը, ապա այն զուտ քաղաքական խնդիր է և միտված է ՀՀ իշխանությունների դեմ. նրանց հետ կապված խնդիր է, որն ունի թե՛ ռուսական կողմը, թե՛ ադրբեջանական: Երկու կողմն էլ ՀՀ իշխանությունների հետ խնդիր, հարցեր ունի, և, ցավոք, տուժում է Արցախի ժողովուրդը, ու դրա համար, կարծում եմ՝ ժողովրդին պետք է պարզ ասել, թե ի՞նչ է պահանջում ռուսական կողմը և ի՞նչ՝ Արևմուտքը: Հիմա եկել է շատ կարևոր պահ. Կա՛մ աջ, կա՛մ ձախ: Պետք է ունենալ համարձակություն և գնալ կտրուկ քայլերի»,- եզրափակեց Գևորգ Մելքոնյանը: