«Եթե միջանցքը վաղը բաց չլինի՝ կմտածեմ»․ Անդրանիկ Քոչարյանի հրճվանքն ԱԺ նիստի ուղիղից հեռացրել են
Դեկտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի անդամները քննարկեցին ու ընդունեցին մի շարք նախագծեր։
Նիստին մասնակցում էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նա էր ներկայացնում նախագծերը, այդ թվում՝ «Պետական պահպանության ծառայության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ՊՊԾ-ն առանձնացնում են ԱԱԾ-ից և ամբողջությամբ դնում Նիկոլ Փաշինյանի հսկողության ներքո։
Օրենսդրական բոլոր նախագծերը, ինչպես և սպասելի էր, ստացան դրական եզրակացություն՝ ՔՊ-ական պատգամավորները բոլորին կողմ քվեարկեցին։
Նախագծերը քվեարկելուց, օրակարգը սպառելուց հետո բոլոր պատգամավորները գոհ ու երջանիկ պատրաստվում էին դուրս գալ սենյակից և հենց այդ տրամադրությամբ էլ, իմիջիայլոց, հիշեցին Լաչինի միջանցքը բացելու մասին հարցը: Այդ ժամանակ արդեն 10 օր Ադրբեջանը փակել էր ճանապարհը, և 120 հազար արցախահայեր փաստացի գերության մեջ էին։
Հանձնաժողովականներին Լաչինի միջանցի մասին կեսկատակ հիշեցրեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ դիմելով Արմեն Գրիգորյանին ու Անդրանիկ Քոչարյանին՝ թե մնաց Լաչինի միջանցքը բացեն, ինչին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը լիաթոք ծիծաղով պատասխանեց.
«Ուզում էի ասել, եթե Լաչինի միջանցքը վաղը բաց չլինի՝ կմտածեմ…»։
Անդրանիկ Քոչարյանի խոսքը կիսատ մնաց, քանի որ Քրիստինե Պողոսյանը նրան զգուշացրեց, որ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը դեռևս անջատած չէ։ Անդրանիկ Քոչարյանը նրան պատասխանեց, որ անջատած է։
Այսքանը դեռ վերջը չէ, ուղիղ հեռարձակման հենց այն հատվածը, որտեղ իշխանական պատգամավորները Լաչինի միջանցքի փակ լինելու շուրջ խոսքուզրույցը պարզապես հումորի էին վերածել, մեկ օր հետո հանվել էր տեսագրությունից։
Նիստի ամբողջական հատվածը կա, բայց այդ մի քանի վայրկյանը, ամենայն հավանականությամբ, հայտնի մեկի հրահանգով պարզապես հանվել էր։ Այդ հատվածը, սակայն, 168.am-ը ճիշտ պահին նկատել ու պահպանել է։