Խաղաղապահները աշխատում են ամենժամյա ռեժիմով Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար․ Լավրով

«Ռուս խաղաղապահներն աշխատում են ամենժամյա ռեժիմով՝ Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար, և կապ են պահպանում կողմերի հետ»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում  հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք, իհարկե, դիտարկեցինք Լաչինի միջանցքում իրավիճակի սրումը, որն այժմ մեծագույն հետաքրքրություն է ներկայացնում։ Մենք հաստատեցինք, որ ռուս խաղաղապահներն ամենժամյա աշխատանք են տանում՝ իրավիճակը կարգավորելու համար, և կապ են պահպանում համապատասխան կողմերի հետ։

Մենք կողմ ենք, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ վերականգնվի տրանսպորտային լիարժեք հաղորդակցությունը և լուծվեն տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնությունները։

Խնդիրը հին է, մեզ ժառանգություն է հասել Սովետական Միությունից և, իհարկե, անհրաժեշտ է, որքան հնարավոր է՝ արագ վերացնել այդ խնդրի սրությունը։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլորը պետք է խստորեն կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կապված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ռեժիմի հետ։ Մեր ադրբեջանցի գործընկերները, ինչպես ես եմ հասկանում, նույն դիրքորոշումն ունեն»,- ընդգծել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս