«Ղարաբաղում գիտե՞ն` ինչ ունեն». Իգոր Մուրադյանի 2011թ. հրապարակումը՝ Արցախի և Սյունիքի հարստությունների մասին

Բաքվի տեղաբնակ, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Արսեն Ծատուրովը նախշազարդ ափսեների մի հավաքածու ուներ, որը բաղկացած էր Փարիզի, Սևրի, Պրահայի, Մասենի, Լոմբարդիայի, Բրյուսելի, Սանկտ Պետերբուրգի ամենաանվանի վարպետների աշխատանքներից, ինչպես նաև չինական, ճապոնական, պարսկական ավանդական արտադրանմուշներից։

Այդ հավաքածուն ժառանգաբար նրան էր անցել հարազատ մորեղբորից` պրոֆեսոր Արկադի Ներսեսովից։ Արսեն Ծատուրովը նաև զարմիկն էր գնդապետ Տեր-Ավետիքովի, որը հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ծանր տարիներին ղեկավարել էր Ղարաբաղի հայկական զինված ուժերը։ 1988-ի դեկտեմբերի սկզբին ադրբեջանցի հարևանները Արսեն Ծատուրովին առաջարկեցին այդ հավաքածուի վեց խոշոր արկղերը տեղափոխել երկաթուղային կայարան, որտեղից գնացքները Երևան էին գնում։

Բայց տարեց մարդը, օգտվելով հարևանների բարյացակամ վերաբերմունքից, որոնք գիտեին, թե որքան թանկ է նրա համար այդ հավաքածուն, վեց արկղերում տեղավորեց ոչ թե հավաքածուն, այլ երկրաբանահետախուզական աշխատանքների նյութերը, որ նա երկրաբանական տարբեր արշավախմբերի հետ կատարել էր Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև շրջակա Դաշքեսանի, Խանլարի, Շահումյանի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի ու Լաչինի շրջաններում։

Կարդացեք նաև

Նա փորձառու երկրաբան-հանքաբան էր, դեռ 30-ականներին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի հանձնարարությամբ հետախուզել էր կոբալտի, այնուհետև հազվագյուտ մետաղների հանքավայրերը։ 1945-ին, կառավարության հատուկ հանձնարարությամբ, հազվագյուտ մետաղների հետախուզման արշավախմբի կազմում մասնակցել է Գեղամա-Մռավի լեռների շրջանում կատարված աշխատանքներին, որոնց շնորհիվ հայտնաբերվել են թանկարժեք, գունավոր և լեգիրող (որակ տվող) մետաղների շատ հանքանշաններ։

Նյութեր կային, որոնք վկայում էին Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլիի շրջաններում մինչև 500-550 տոննա ոսկու և 2700 տոննա արծաթի առկայության մասին, իսկ պղնձի պաշարները Քելբաջարի շրջանում, ոչ լրիվ տվյալներով, կազմում էին 875 հազ., Կուբաթլիի շրջանում` 450 հազ., Լաչինի շրջանում` մոտ 300 հազ. տոննա։ Առավել արժեքավորը Թարթար գետի վերին հոսանքներում կոբալտի մինչև 150 հազ. տոննա կանխատեսական պաշարներով եզակի հանքավայրի հայտնաբերումն է։ Հայտնաբերվել, բայց դեռևս լավ չի ուսումնասիրվել մինչև 2 մլն տոննա պաշարներով քրոմի հանքավայր։

Կան հազվագյուտ մետաղների` լիթիումի, բերիլիումի, ռադիոէլեկտրոնիկայի և բուժարդյունաբերության համար անհրաժեշտ այլ տարրերի բազմաթիվ հետքեր։ Հայտնաբերվել են նաև բարիտի, ծծմբի հրաքարի հանքավայրեր, կան ալյումինի հումքի ոչ այնքան լավ ուսումնասիրված վայրեր։

Այդ նյութերի մեջ եղել է Ադրբեջանի կառավարությանը հասցեագրված զեկուցագիր, թվագրված 1968 թ. մայիսի ամսաթվով, որը հետագայում հանվել է Ադրբեջանի երկրաբանական ֆոնդից, և որի վրա այնուհետև դրվել է «խիստ գաղտնի» նշագիրը։ Այդ զեկուցագիրը, որ 62 մեքենագիր էջ ծավալ է ունեցել` մի քանի սխեմաներով ու աղյուսակներով, տեղեկություններ է պարունակել թանկարժեք և գունավոր մետաղների առկա պաշարների մասին` հիմնված Մռավի լեռան հատուկ արշավախմբի հետազոտության արդյունքների վրա։

Այդ տեղեկության համաձայն` Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններում կան A1+B1 կարգի մետաղների հետևյալ պաշարները` ոսկի` 1250 տոննա, արծաթ` 4550 տոննա, պղինձ` 1840 հազ. տոննա, կապար` 660 հազ. տոննա, ցինկ` 775 հազ. տոննա, կոբալտ` 150 հազ. տոննա, քրոմ` 2250 հազ. տոննա (հանքելուստները հաշվի առնելով` 3500 հազ. տոննա)։

Զեկուցագրում տվյալներ կան նաև ալյումինի հումքի (մինչև 120 մլն տոննա) և երկաթահանքի (մինչև 45-55 % երկաթի պարունակությամբ) նշանակալի պաշարների մասին։ Զեկուցագրից բացի, եղել են նաև գրառումներ հանքային ջրերի, կիսաթանկարժեք և արհեստագործական քարերի, սպաթի, բնական ներկանյութերի ելքի մասին։ Տեղեկություններ են եղել նաև օգտակար հանածոների, այդ թվում, Դաշքեսանի, Խանլարի, Շահումյանի և Գետաբեկի շրջանների թանկարժեք և գունավոր մետաղների հանքավայրերի մասին։

Հնարավոր է, որ այդ նյութերում շատ անճշտություններ են եղել, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը նպատակամիտված էր հետախուզական աշխատանքների «սառեցմանը»։ Այդ քաղաքականությունը տարածվել է նաև նավթի ու գազի վրա, ուստի 70-ականների սկզբին այդ շրջաններում լուրջ աշխատանքներ չէին կատարվում։ Հեյդար Ալիևին հաջողվել էր «սառեցնել» Բելոկանի շրջանում բազմամետաղների արդեն գործարկման պատրաստ խոշոր հանքավայրի շահագործումը։

Անցած դարի վերջին երկու տասնամյակում խորհրդային կառավարությունը, առավել ևս ԽՍՀՄ երկրաբանության նախարարությունը, լծակներ չունեին ներգործելու միութենական հանրապետությունների ղեկավարների վրա` նավթի, գազի, սև և գունավոր մետաղների նոր հանքավայրերը շահագործելու առումով։ Այդ դրությունն առանձնապես զգալի էր Անդրկովկասի հանրապետություններում և Ուզբեկստանում։

1988-ի դեկտեմբերին գրեթե բոլոր նյութերը զետեղվեցին Հայկական ԽՍՀ երկրաբանական վարչության ֆոնդում։ Ցավոք, 1992-93 թթ. ձմռանը դրանք Հայաստանի կառավարության պատասխանատու աշխատողը 2000 դոլարով վաճառել է ԱՄՆ-ի մի քաղաքացու։ Այդ նույն ձմռանն օրգանիզմի հյուծումից, անասելի ծանր պայմաններում մահացավ 80-ին մոտ Արսեն Ծատուրովը։ Նրա գերեզմանն այդպես էլ չհաջողվեց գտնել։ Որքան հայտնի է, այդ «30 արծաթն» այդպես էլ երջանկություն չբերեց փաստաթղթերը վաճառած պատասխանատու աշխատողին։

Ճիշտ չէր լինի Լեռնային Ղարաբաղի շուրջ սփռված հայկական պատմական հողերին նայել որպես անապատի։ Դրանք անչափ հարուստ տարածքներ են, որոնց ընդերքում արժեքավոր շատ բան կա։ Երկրաբանական առումով դրանք առայժմ շատ վատ են ուսումնասիրված։ Կարելի է ենթադրել, որ Կուբաթլիի ու Զանգելանի շրջաններում կան պղնձի ու մոլիբդենի շատ խոշոր հանքավայրեր, որոնք համադրելի են Կապանի ու Մեղրիի հանքավայրերի հետ։

Դա հնարավորություն կտա Քելբաջարի և Կուբաթլիի շրջաններում ժամանակին ստեղծել պղնձի հանքավայրի արդյունահանման ու հարստացման միջին չափի երկու գործարան։ Քելբաջարի շրջանում կստեղծվեն նաև ոսկու, քրոմի և կոբալտի արդյունահանման ձեռնարկություններ։ Կան նաև քիչ ուսումնասիրված հանքավայրեր (պղնձի, ցինկի ու կապարի) Հադրութի արևմտյան մասում։ Ամենայն հավանականությամբ, պղնձի, ցինկի ու արծաթի պաշարներ կան նաև Ջեբրայիլի շրջանի Միրզիկ գյուղի մերձակայքում։ Հետաքրքրություն են ներկայացնում գիպսի պաշարները Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղի մոտ։ Ոսկու և արծաթի որոշակի քանակություն կա Մարտակերտի շրջանի Խաչեն գետի ավազանում։

Ադրբեջանական ԽՍՀ երկրաբանական վարչությունում աշխատանքի փորձը թույլ է տալիս պնդելու, որ լավ նախադրյալներ կան նավթի հայտնաբերման աշխատանքների համար Աղդամի, Մարտունու, Ֆիզուլու և Ջեբրայիլի շրջաններում, որոնք մտնում էին երկու համապատասխան արշավախմբերի գոտիների մեջ` Վերին Արաքսի և Նավթալայի։ Այդ և այլ շրջաններում առնվազն քսան տարի աշխատած այդ արշավախմբերին մեծ ուշադրություն չէր դարձվում, և նրանց աշխատանքի արդյունքները հնարավորություն չեն ընձեռում հավաստի հետևություններ անելու։

Բայց կարելի է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների ամբողջ տարածքը հեռանկարային է նավթի առումով։ Օրինակ, հետախուզական աշխատանքները Ֆիզուլու և Ջեբրայիլի շրջաններում լավ արդյունքներ են տվել։ Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան տարածաշրջանում (պայմանականորեն) նավթի կանխատեսելի պաշարները կարող են կազմել 250-300 մլն տոննա։ Բայց ժողովրդատնտեսական առանձնակի նշանակություն ունեն ոսկու, արծաթի, կոբալտի, քրոմի, պղնձի և այլ գունավոր մետաղների հանքերը։

Այդ ուղղությամբ գործադրված ջանքերը հիանալի արդյունքներ են տվել Մարտակերտի շրջանում։ Վերին Արաքսի արշավախումբը մի քանի տարի ղեկավարել է փորձառու երկրաբան Գարրի Հակոբի Օսիպովը։ Նրա վկայությամբ` 2-րդ հետախուզական հորանցքում (Ջեբրայիլ քաղաքատիպ ավանից 5 կմ հարավ-արևմուտք) հայտնաբերվել է սակավծծմբային նավթ` բարձր ճնշմամբ և լուրջ ծավալներով։

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո ԱՄՆ-ի, մասամբ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն սկսեցին ջանքեր գործադրել նախկին խորհրդային հանրապետություններում տարբեր հանածոների հանքավայրերի, առաջին հերթին ածխաջրածինների և գունավոր մետաղների մասին տեղեկություններ ստանալու ուղղությամբ։

Այդ նպատակով լայնորեն օգտագործվում էին արբանյակների հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ժամանակներում ԽՍՀՄ-ում անցկացված հանքահետախուզական աշխատանքների տվյալները։ Ավելի ուշ, տարբեր պայմաններում, այդ հետազոտությունների արդյունքները, այսպես թե այնպես, ի հայտ էին գալիս նավթի, գազի, ինչպես նաև ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մեջ։

Մեծ ուշադրություն էր նվիրվում նաև ուրանի հանքավայրերին։ 2000-ականներին Ջոն Հոպկինսի անվան համալսարանում պտտվում էին Ղարաբաղի և Նախիջևանի տարածքներում երկրաբանական հետազոտությունների թեմայով տեքստեր։ Այդ տեքստերին անգամ հպանցիկ ծանոթությունը ցույց է տալիս, որ Ղարաբաղի առնչությամբ ամերիկացիները բավականին մանրազնին աշխատանք են կատարել, կուտակվել են արժեքավոր նյութեր, որոնք արմատապես փոխում են պատկերացումներն այդ գոտում ածխաջրածինների ու մետաղների որոշ հանքավայրերի ծավալների ու բնույթի մասին։

Այս կապակցությամբ կարելի է նշել, որ Արաքսի հովտում կա նավթի ու գազի երեք հանքավայր` առնվազն 145-200 մլն տոննա նավթի և մինչև 250 մլրդ խմ գազի ընդհանուր պաշարներով։ Սրանք, իհարկե, սոսկ կանխատեսելի գնահատականներ են, սակայն բավականին հավաստի։ Նշվում է, որ ավելի խոր մակարդակներում կան ավելի խոշոր պաշարներ։ Նավթաբեր շերտերի մի մասը տարածվում է դեպի Իրան, բայց Արաքսի ձախ ափին, բացի նշանակալի հանքավայրերից, կան նաև, այսպես կոչված, նավթի ու գազի թակարդներ, որտեղ կենտրոնացած են մինչև 2,0-5,0 մլն տոննա նավթ և մինչև 10-20 մլրդ խմ գազ։

Ենթադրվում է, որ կա նավթի ու գազի 7-18 այդպիսի ոչ մեծ հանքատեղի։ Ղարաբաղյան լեռնաշղթայի հարավային մասում կան պղնձի նշանակալի հանքավայրեր և գունավոր մետաղների այլ հանքեր։ Պղնձի պաշարներն այստեղ կարող են կազմել մինչև 2,5-4 մլն տոննա, ցինկինն ու կապարինը` մինչև 1-1,6 մլն տոննա։ Այդ բավականին խոշոր հանքավայրերը կարող էին արդյունաբերական շահագործման հիմք դառնալ։ Դրան զուգընթաց, մատնանշվում է հազվագյուտ մետաղների առկայությունը, որին մեծ ուշադրություն է նվիրված այդ տեքստերում։ Այդ գոտում կան նաև կվարցավազի, որակյալ կավի ու գիպսի խոշոր հանքաշերտեր։

Այսպիսով, Ղարաբաղի հարավային մասը կարող էր դառնալ արժեքավոր հանածոների արդյունահանման ամուր հիմք։ Համեմատաբար քիչ ծավալով տարբեր գունավոր մետաղների և նյութերի պաշարներ են հայտնաբերվել Որոտան գետի ստորին հոսանքներում։ Ամերիկյան տեքստերում բերված գնահատականների համաձայն` Որոտանի ստորին հոսանքների գոտին պարզապես եզակի է գունավոր և հազվագյուտ մետաղների պարունակությամբ։ Նշվում է նաև Ղարաբաղի հարավային շրջանի մանրազնին ուսումնասիրության համար անհրաժեշտ միջոցների չափը, որը կազմում է 200-300 մլն դոլար։

Բոլոր այս տվյալները գալիս են փաստելու, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ղարաբաղում երկրաբանական ծառայությունների ստեղծման հարցին, ինչը կարող է շատ արագ արդարացնել ծախսերը։ ՌԴ-ում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում և Հայաստանում կան մի շարք մասնագետներ, որոնք քաջ ծանոթ են ղարաբաղյան պայմաններին։ Միգուցե անհրաժեշտ հետախուզական աշխատանքներին օտարերկրյա կապիտալ և՞ս ներգրավվի։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

10.06.2011թ.

Lragir.am

Տեսանյութեր

Լրահոս