«Վստահ եմ՝ ճանապարհի բացվելուց հետո Արցախ ավելի շատ մարդ է գալու, քան գնա»․ օկուպացված Ջրաղացներ համայնքի նախկին ղեկավար

«Մեր բնակչության մեջ խուճապ չի տարածվում, բոլոր արցախցիներն այս իրավիճակին ըմբռնումով են մոտենում՝ հաշվի առնելով նաև այն, որ նման ֆորսմաժորային իրավիճակներ էլի են եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Ջրաղացներ համայնքի նախկին ղեկավար Արսեն Հայրապետովը։ Ջրաղացներ համայնքը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անցել է թշնամու վերահսկողության տակ։

Արսեն Հայրապետովը ստեղծված իրավիճակում բարձր գնահատեց Արցախի օպերատիվ շտաբի աշխատանքը, ասաց՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար յուրաքանչյուր քայլ օպերատիվ շտաբի կողմից վերահսկվում է։

Ինչ վերաբերում է պարենային անվտանգության հարցերին, Հայրապետովն ասաց․
«Ըստ իս՝ ունենք պաշարներ, քանի որ խանութներում էլ, ժողովրդի հետ շփվելով էլ տեսնում ենք, որ որևէ խնդիր չունենք։

Ես ունեմ հացի փուռ, որը գիշերային ժամերին աշխատում է, և առավոտվանից սկսում ենք հացի մատակարարումը։ Օպերատիվ շտաբից ամեն օր կապ են հաստատում մեզ հետ, եթե խնդիր կա, տեղում լուծում են։ Ունենք նաև խումբ, որտեղ գրառում ենք անում, եթե որևէ պակասություն ունենք՝ ալյուրի, ձեթի, հացի հետ կապված կոմպոնենտներ, իրենք ճշտում են,թե որ խանութներում կա այդ ապրանքը, արագ ձեռք ենք բերում»։

Կարդացեք նաև

Արդյոք սպասելի՞ էր թշնամու նման քայլը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը, հարցրեցինք Արսեն Հայրապետովին․

«Պատկերացնենք, ապրում ենք մի երրորդ պետությունում, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում, և քեզ բախտ է վիճակվում ապրել այնպիսի հարևանի հետ, որն անընդհատ մտածում է, թե քո ընտանիքին, քո տանը, սեփականությանն ինչ վնաս տա։ Կապ չունի՝այդ պահի՞ն է անում, թե՞ այդպիսի մտադրություն ունի։ Մենք գիտենք, թե մեր հարևանն ով է, ինչ նպատակներ ունի, իհարկե սպասելի էր, ժողովուրդը միշտ էլ սպասում էր, գուցե այս պահը չկանխատեսեր՝ ճանապարհի փակելը, բայց գիտեր, որ նրանից ամեն ինչ սպասելի է, այդ զգացումով ապրում ենք և հաստատ գիտենք, որ մի բան անելու են․․․»։

Ասկերանի Ջրաղացներ գյուղում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ապրում էր 33 ընտանիք՝ 136 բնակիչ։ Արսեն Հայրապետովն ասում է՝ գյուղը փոքր էր,բայց մարդիկ իրենց աշխատանքով շենացնում էին այն։

Ջրաղացները 2020-ի պատերազմի օրերին 3 փուլով է տարհանվել, Արսեն Հայրապետովը պատմեց, թե ինչպես են կռվի վերջին օրերին տղամարդիկ դուրս եկել գյուղից․

«Մնացել էինք միայն տղամարդկանցով, մոտ 15 հոգով, դա հոկտեմբերի 27-ն էր, երբ պատերազմի պատճառով գյուղը թողեցինք և դուրս եկանք։ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքից հիմա տեսանելի է մեր գյուղը, մոտ 4 կիլոմետր է, ամեն մարդ կարող է հեռադիտակով իր տունը տեսնել…»։

Արսեն Հայրապետովին հարցրեցինք՝ ի՞նչ կարծիք ունեք, աշխատե՞ց ադրբեջանցիների այն սցենարը, որ վախի մթնոլորտ առաջացնելով՝ հնարավոր կլինի հայաթափել Արցախը, արդյոք ճանապարհը բացելուց հետո մարդիկ կլքե՞ն Արցախը, թե՞ թշնամու սադրիչ գործողությունները հակառակ էֆեկտը կունենան։ Պատասխանեց, որ ինքը չի հանդիպել որևէ մեկին, որը պատրաստվում է այս ամենից հետո լքել Արցախը․
«Հակառակը, ունենք արցախցիներ, որոնք ճանապարհը փակվելուց հետո Հայաստանի Հանրապետությունում են մնացել, ամեն օր զանգում ասումեն՝ հենց ճանապարհը բացվի, գալու ենք մնանք Արցախում, այսինքն՝ անհամբեր սպասում են վերադառնալուն։
Երկրորդ։ Ո՞ւր գնան արցախցիները։ Այսօր ունենք 100-ից ավելի համայնք, որոնք մնացել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինչի հետևանքով բազմաթիվ տեղահանված բնակիչներ, որոնցից մեկն էլ ես եմ, կարողացանք նորից Արցախում ոտքի կանգնել, այդ նույն բանը չի լինելու ոչ մի տեղ։ Ես վստահ եմ, որ ճանապարհը բացվելուց հետո Հայաստանից ավելի շատ մարդ է գալու Արցախ, քան Արցախից կգնան Հայաստան, սա իմ անձնական կարծիքն է, մարդկանց հետ շփումներից այդպիսի կարծիք է ձևավորվել ինձ մոտ։

Ունենք մի պետություն, բայց աշխարհում ունենք 10 միլիոն բնակիչ, յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, թե ինքը որտեղ է ապրում՝ Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում, պետքէ իր տան, ա՛յս տան՝ Հայաստան-Արցախ տան մասին գիշեր-ցերեկ մտահոգված լինի։ Յուրաքանչյուրս, ամեն մի հայ, պետք է այս հումանիտար աղետի դեմ պայքարի։

Սա այն պահը չէ, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, ո՛չ։ Մենք ունենք պատմություն, հզոր ենք այդ պատմությամբ, մեր անցյալով, և յուրաքանչյուր հայ առաջին հերթին պետք է մտածի, որ չկա հայ ազգ՝ առանց Արցախ, չկա հայ ազգ՝ առանց Հայաստան, սա մեր պատմությունն է, և ես չեմ պատկերացնում՝ հայ լինենք և անցյալով խոսենք Արցախի մասին։

Իհարկե, մենք ունենք կորցրած հայրենիք, դա եղել է այն ժամանակ, երբ մարդիկ էլի մտածել են՝ անհնար է, ու կորցրել են։ Այսօր դա մեզ համար պետք է դաս լինի, և պետք է պայքարենք, ով ինչով կարող է, ով ինչով ի վիճակի է, պետք է պայքարենք, որ մնա Արցախը, մնա Հայաստանը, և ամբողջ աշխարհը հասկանա, որ սա մեր պետությունն է։ Վստահ եմ, որ մենք մեր նպատակին հասնելու ենք»։

Տեսանյութեր

Լրահոս