Կիպրոս-Արցախ միջխորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է ԼՂ հայերի դեմ ուղղված շարունակական ցեղասպանությունը

Կիպրոս-Արցախ միջխորհրդարանական բարեկամության խումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը:

«Բռնության նոր ալիք սկսվեց 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը փակեցին Լաչինի միջանցքով գնացող ճանապարհը՝ առանց ռուս «խաղաղապահների» արձագանքի: Այն ստեղծվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու նպատակով։

Լաչինի միջանցքը փակելու քարոզչական նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ ամիսներ առաջ: Ակնհայտ է, որ այդ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով կտրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությունից, հետևաբար նաև՝ արտաքին աշխարհից։ Ադրբեջանն արդեն իսկ դադարեցրել է բնական գազի հոսքը դեպի Արցախ, զրկել Արցախը դեղորայքից, սննդից, ինչպես նաև մանկական սննդից և ծանր խնդիրներով հիվանդներին դեպի Երևան տեղափոխումից։ Եվ այս ամենն այն ժամանակ, երբ Արցախը ենթարկվում է խստաշունչ ձմռան:

Լեռնային Ղարաբաղը կանգնած է սկսվող պարենային և հումանիտար ճգնաժամի առաջ:

Ստեղծված իրավիճակն ուղղակիորեն հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, համաձայն որի.

ա) Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ:

բ) Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Հետևաբար, Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը։

Ադրբեջանի վարքագիծը բացահայտում է Արցախի և Սյունիքի հայերի նկատմամբ ցեղասպանությունը շարունակելու Բաքվի մտադրությանը:

Բացի մեր գործողություններից, մենք՝ որպես Կիպրոս-Արցախ բարեկամության խումբ, կոչ ենք անում Կիպրոսի Հանրապետության կառավարությանը և Ներկայացուցիչների պալատին, ինչպես նաև կիպրացի պատգամավորներին խնդրել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը ու անդամ երկրներին, ԵՄ-ին և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ պատասխանատվություն ստանձնել և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու անմեղ մարդկանց դեմ այս հանցագործությունը, մարդկության դեմ այս դաժան հանցագործությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս