«Մամա, ես ամեն օր լաց իմ ինում, դու կյամ չես․․․»․ զոհված սպայի 3-ամյա որդին Արցախից դիմում է Եռաբլուր եկած և շրջափակման պատճառով Հայաստանում մնացած մորը
Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Մատաղիսի մատույցներում զոհված 29-ամյա սպա Սերգեյ Մուրադյանի որդիները՝ 3 տարեկան Գարեգինը և 6 տարեկան Գուրգենը, թշնամու կողմից ճանապարհը փակվելու հետևանքով հայտնվել են շրջափակման մեջ, արդեն 1 շաբաթ է՝ չեն տեսել մորը, մնացել են տատիկների խնամքին։
Զոհված սպայի կինը՝ Աննա Մուրադյանը, դեկտեմբերի 9-ին եկել էր Երևան՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ամուսնու շիրմին այցի, սակայն դեկտեմբերի 12-ին, երբ վերադառնում էր տուն՝ Արցախ, թշնամին արդեն փակել էր ճանապարհը:
Արցախցի կինը մեզ հետ դեռ Լաչինի միջանցքը փակվելու հաջորդ օրն էր խոսել, ներկայացրել, թե ինչ իրավիճակում էին հայտնվել, որտեղ և ինչ պայմաններում էին մնացել։ Այդ ամենի ֆոնին նշել էր, որ անհարմարություններն ու դժվարությունները ոչինչ են տանն իրեն սպասող երեխաների ապրումների դիմաց, նրանք անընդհատ զանգում և հարցնում են, թե մայրը ե՞րբ է հասնելու տուն։ «Ուզում եմ, որ ճանապարհը բացվի, շուտ հասնեմ երեխեքիս, 3 և 6 տարեկան տղաներս անհանգիստ են»,- մեզ հետ զրույցում ասել էր Աննա Մուրադյանը։
168.am-ն այսօր կրկին կապ հաստատեց Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած Աննա Մուրադյանի հետ, նախ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են երեխաները։ Արցախցի կինը մեզ տեսանյութ տրամադրեց, որտեղ 3-ամյա որդին իրեն տուն է կանչում։
«Մամա, ես ամեն օր լաց իմ ինում, դու կյամ չես։ Էքուց կգաս, մամա»,- ասում է փոքրիկն ու օդային համբույրներ ուղարկում շրջափակումից այս կողմ գտնվող մորը։
Աննան ասում է՝ գուցե նաև այս և նմանատիպ տեսանյութերը սթափեցնեն քաղաքակիրթ աշխարհին․
«Էլ չասեմ, որ տանը երեխային ինչ հաստության շորեր են հագցրել, որ չմրսի, կամ մամայի համար 1 ժամ լացած աչքերը։ Երեք տարեկան երեխայի մտահոգությունը մամայի մասին գուցե արթնացնի հասարակությանը, թմբիրից դուրս գան։
Այստեղ մարդիկ ապրել են ուզում իրենց մի փոքրիկ հողակտորում։ Կոնկրետ իմ երեխաներն ապրել են ուզում իրենց հայրիկի արյան գնով պաշտպանված հողում՝ Արցախում։ Մեր միակ ցանկությունը դա է՝ ապրել, ստեղծել, պահել ու պաշտպանել մեր հայրենիքը, որովհետև մենք մեր նահատակներին հաղթանակներ ենք պարտք, իսկ սերունդներին՝ խաղաղ հայրենիք․․․»։
Այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով դիմել էր արցախցիներին ու լավ լուր ավետել՝ գազամատակարարումը վերականգնվել է առանց նախապայմանների, հնարավոր է, Ադրբեջանն այսօր բացի Լաչինի միջանցքը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։ Թշնամին դեկտեմբերի 13-ին էլ դադարեցրել էր դեպի Արցախ գազամատակարարումը։