«Չենք բացառում, որ ադրբեջանցիներն էլեկտրաէներգիայի և կապի համար խնդիրներ առաջացնեն՝ միացնելով խլացուցիչներ»․ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ
Արդեն 4-րդ օրն է, ինչ թշնամի Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով 120.000-ից ավելի մարդ մնացել է շրջափակման մեջ։ Թշնամին դեկտեմբերի 13-ին էլ դադարեցրել է գազի մատակարարումը դեպի Արցախ։
Ճանապարհը փակ լինելու պատճառով հազարից ավելի քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը հիմնականում տեղավորվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքում, մյուս մասը՝ Երևանում։
Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ասաց, որ այս ամենն Ադրբեջանի կողմից շատ լուրջ ծրագրավորված քայլ է, որպեսզի ճնշում գործադրվի արցախահայության վրա։
«Այս բոլոր քայլերը նրանք հաշվարկել են, անգամ տեղեկություն հրապարակվեց, որ ճանապարհը բնապահպանների անվան տակ փակած ադրբեջանցիները բնավ էլ բնապահպաններ չեն, այլ հատուկ ծառայություններում են աշխատում։ Նրանք նպատակ ունեն շատ ծանր պայմաններ ստեղծել Արցախում ապրող մարդկանց համար, որ նրանց այլ տարբերակ չմնա, քան լքել իրենց հայրենիքը»,- ասաց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչը։
Սերգեյ Ղազարյանը նկատեց, որ ադրբեջանցիների այս ծրագիրը մի քանի հասցեատեր ունի, և, որ այն ուղղված է նաև Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելության գործունեությանը․
«Նրանք փորձում են հեղինակազրկել ռուսական խաղաղապահ առաքելությունը․․․»։
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից դեպի Արցախ գազամատակարարումը դադարեցնելուն, Սերգեյ Ղազարյանը չբացառեց, որ առաջիկայում նմանատիպ այլ գործողություններ էլ կլինեն․
«Շատ լավ գիտակցելով, թե դա ինչ խնդիրներ է առաջացնելու արցախցիների համար, չենք բացառում, որ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ առաջացնեն, կապի համար խնդիրներ առաջացնեն՝ միացնելով խլացուցիչներ և այլն։
Բոլորս էլ հասկանում ենք՝ Ադրբեջանն ինչ հեռահար նպատակներ է հետապնդում, և այստեղ ավելի շատ պետք է խոսենք մեր անելիքների մասին, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ կարող է անել, որ մի օգուտ տա։ Քանի որ առաջին հերթին հենց մեր անտարբերությունը հիմք է հանդիսանում միջազգային տարբեր կազմակերպությունների համար։ Ասում են՝ դուք անտարբեր եք, մենք էլ կարող ենք անտարբերություն ցուցաբերել․․․
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը որոշում է կայացրել անժամկետ նստացույց անել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև, այս ձևով իր բողոքի ձայնը բարձրացնել և իր պահանջները ներկայացնել, փորձելով ուշադրություն հրավիրել ի պաշտոնե ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում՝ անտարբեր չմնալ այս իրավիճակում։ Հաշվի առնելով, որ հենց ադրբեջանական կողմը առիթավորվում է նման անտարբերությունից, երբ հասցեատիրական հայտարարություններ չեն հնչում, երբ անտեսում են ադրբեջանցիների թույլ տված կոպիտ խախտումները, այս բոլորը ստեղծում է նման իրավիճակներ»։
Ճշտող հարցին՝ արդյոք կեցություն ստանալու խնդրանքով քաղաքացիներ դիմե՞լ են իրենց կառույցին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչը պատասխանեց, որ Գորիսում և Երևանում գործող օպերատիվ շտաբներն արագ արձագանքել են, հերթն իրենց չի հասել, բայց, եթե նման խնդիրներ առաջանան՝ իրենք պատրաստ են դրանց արագ լուծում տալ։
«Հիմնականում մեր հայրենակիցների մեծ մասը Գորիս համայնքում են տեղակայված, Երևան քաղաքում էլ ունենք մի քանի տասնյակ արցախցիներ, որոնք տարբեր գործերով եկել էին Երևան և ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն, տասնյակ քաղաքացիներ դիմել են Երևանում գործող Արցախի Կառավարության օպերատիվ շտաբ։ Այս պահի դրությամբ խնդիրներ չկան, որոնք չեն լուծվել»: