Վիգեն Խաչատրյանը մեղադրում է Ռուսաստանին, պաշտպանում՝ Ադրբեջանին
Մինչ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Արցախը զրկված է նաև գազիֆիկացումից, Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն արտահերթ նիստի ժամանակ մեղադրում են Հայաստանի ընդդիմությանն ու Ռուսաստանին՝ հիշեցնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ դրված է նաև իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Բայց նրանց պահանջները միայն Ռուսաստանին են ուղղված: Օրինակ՝ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն ԱԺ ամբիոնից համոզմունք հայտնեց, որ սա պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ իբրև թե Արցախի հարցում կիսում են Ռուսաստանի տեսակետը:
«Ադրբեջանը մի քանի անգամ քվեարկում է, որ Ռուսաստանն ագրեսոր պետություն է, պատասխանը մենք ենք ստանում, ոչ թե՝ Ադրբեջանը: Բոլորիս աչքի առաջ ռուս խաղաղապահները զինված նայում էին՝ ոնց են մի քանի բաշիբոզուկներ վրաններ տեղադրում: Դուք տեսա՞ք՝ որևէ խաղաղապահ մոտեցա՞վ՝ ասեց՝ ճանապարհ մի փակեք: Ես ավելի քան համոզված եմ, որ ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, այս բոլորը դրան է ուղղված: Անհամբեր սպասում են՝ երբ պետք է ղարաբաղցիները չդիմանան՝ մի հատ նռնակ պայթեցնեն, անհամբեր, երևի, սպասում են՝ երբ պիտի նոր Լաչինի ճանապարհ փնտրենք ուրիշ սարերով, և սա իմ կարծիքն է, որ Ռուսաստանը փորձում է հրաժարվել Ղարաբաղից և փոխարենը՝ Հայաստան ստանա Ադրբեջանից: Սա պետք է հասկանանք և ուղղակի խոսակցության մեջ մտնենք Ադրբեջանի հետ, և մեր գործընկերների հետ: Ռուսաստանը մեզ ուզում է ներքաշել պատերազմի մեջ: Ռուսաստանն այսօր 20-ականների Քեմալական Թուրքիայի առաքելությունը տալիս է Ադրբեջանին, չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանում շահագրգռված է: Սա ուղղակի պետք է պահանջել Ռուսաստանից՝ կամ թող հրաժարվի, իր խոսքը հարգի, կամ դիմի օգնության, եթե դրա կարիքն ունի»,- ասաց նա:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում նիստին, և Վիգեն Խաչատրյանը ջանում էր հասկանալ, թե նրանք ինչ են ուզում. «Էս մեր ռևանշիստներն ի՞նչ են ուզում, թող գնան՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց հանրահավաք անեն, ինչո՞ւ են գնում կառավարության դիմաց: Ո՞վ պատերազմ բառը այստեղ հնչեցրեց՝ մեր ռևանշիստները, երազում են այդ պատերազմի մասին: Միակ ճանապարհը, որ մի հատ էլ պարտվենք՝ իրենք իշխանության գան՝ Ռուսաստանի նահանգում: Չի՛ լինելու դա: Մենք պետք է խնդրենք մեր արևմտյան գործընկերներին աջակցել մեզ և պահանջենք Ռուսաստանից՝ կատարել իր պարտականությունները կամ հրաժարվի, էլի նորմալ ա»: