«Ռուս խաղաղապահներն են բանակցում, արցախյան կողմից ներկայացուցիչ չկա». Մետաքսե Հակոբյան

«168 TV» ուղիղ եթերում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհի փակմանն ու ռուս խաղաղապահների կողմից ընթացող բանակցություններին։

– Տիկին Հակոբյան, այսօր առավոտից ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, և այն շարունակում է մինչև հիմա փակ մնալ, ի՞նչ իրավիճակ է այս պահին։

– Իրավիճակը նույնն է,  ինչ առավոտյան 10։30-ին, երբ ադրբեջացիները փակեցին ճանապարհը։ Այսինքն՝ անհասկանալի իրավիճակ, խուճապ չկա, ամեն դեպքում դեռևս չկա, բոլորը փորձում են ինչ-որ ելքեր գտնել, բայց կա մեծ անհանգստություն, մտավախություն՝ կապված նրա հետ, թե արդյո՞ք սա երկար չի տևելու։ Չնայած որ բոլորը հասկանում են, որ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցածը դա նախերգանքն էր, բոլորս էինք սպասում նման գործողությունների։ Հասկանում ենք, որ սա ևս վերջը չէ, անկախ նրանից, հիմա ճանապարհը կբացվի՞, թե՞ չի բացվի, գիտակցում ենք, որ անհրաժեշտ է քաղաքական որոշում, որովհետև սա արդեն բոլոր դաշտերից դուրս է եկել։ Սա քաղաքական որոշման լուծման խնդիր է, որը պետք է տրվի Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ որոշմամբ։

– Արցախից ադրբեջանցիների հետ ովքե՞ր են բանակցում, նրանց հետ միայն ռուս խաղաղապահնե՞րն են բանակցում, թե՞ Արցախի իշխանություններից ներկայացուցիչներ կան ներգրավված այդ բանակցություններում։

Կարդացեք նաև

– Առավոտից ռուս խաղաղապահներն են բանակցում, բազմաթիվ տեսանյութերից դուք երևի տեսաք, թե ինչ միջոցների են դիմում նաև ադրբեջանցիները, այսինքն՝ ամեն կերպ սադրելով, ուզում են տանել բախումների։ Տվյալ դեպքում հասկանալի է, իրենց և խաղաղապահների միջև որպեսզի հերթական թիրախավորումը լինի և ցուցադրեն, որ ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չեն կարողանում իրականացնել։ Իմ ունեցած տեղեկություններով, արցախյան կողմից բանակցային այս գործընթացում ներկայացուցիչ չկա, չեմ կարող ասել՝ դա արցախյան կողմի՞ որոշումն է, թե՞ որևէ այլ կողմի։ Բայց ամեն դեպքում ճանապարհի բացման բանակցություններում Արցախի կողմից ներկայացուցիչ չկա։ Թեպետ իրականում արդեն չես կարողանում հասկանալ՝ ճիշտը Արցախի կողմից ներկայացուցիչ լինե՞լն է, թե՞ չլինելը, որովհետև նախորդ անգամ, երբ Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցելով բանակցություններին, հիմնականում ամբողջ բեռը վերցնելով իր վրա՝ կարողացավ հասնել նրան, որ բացվեց ճանապարհը, անմիջապես հետո Հայաստանից կառավարվող ու ֆինանսավորվող ուժերը, որոնք Արցախում են, թիրախավորեցին ու փորձեցին նրա ուսերին մեղքերի բեռ դնել, ցույց տալով, որ ինչ-որ բաներում մեղավոր է, չնայած իրենք էլ չկարողացան ասել, թե ինչում է մեղավոր։

Ըստ իս, այս պահին երևի ճիշտ է, որ Արցախից ներկայացուցիչ չկա, որովհետև ժամանակավոր լուծում տալով խնդիրը չի լուծվելու, եթե ճանապարհը բացվի, միևնույն է, հաջորդն ավելի մեծ սադրանք է լինելու։ Ռուս խաղաղապահներին մոտ էլ չի ստացվում, կամ այսօր հաջողություն չեն գրանցում, որովհետև խնդիրն արդեն քաղաքական հարթակում է։ Ովքեր եղել են, հստակ տեսել են, որ ցուցումները Ադրբեջանի ղեկավարությունից են, և իրենք շատ հստակ գիտեն իրենց անելիքները, և «բնապահպանների» անվան տակ հավաքված հարյուրավոր ադրբեջանցիները  բնավ խաղաղ բնակիչներ չեն, նրանք հատուկ ջոկատայիներ են, զինվորականներ։

Այնպես որ, այստեղ խաղաղ գործողության մասին խոսք լինել չի կարող, սա կոնկրետ ռազմական սադրանք է, որը հստակ չափած է, թե որ քայլից հետո որը պետք է լինի։ Եվ ցանկացած սխալ քայլ մեր կողմից կամ ռուս խաղաղապահների կողմից միանշանակ ունենալու է հետևանքներ, պետք է հստակ ու չափված արվի։ Ռուս խաղաղապահների պահվածքից պարզ երևում է, որ իրենք այս հարցում լուծում չունեն, իրենք ևս գիտակցում են, որ սա իրենց դաշտում լուծելու խնդիր չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս