«Այցերը ցույց են տալիս, որ Արցախը պայքարում է իր ապագայի համար, Արցախից է կախված հայության ապագան». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը և Արցախի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այս օրերին աշխատանքային այցով գտնվում են Ֆրանսիայում։
Արցախի նախագահն այցի շրջանակներում հարցազրույց է տվել «Ֆրանս 24» պետական հեռուստաընկերությանը, անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած մի քանի բանաձևի և դրա համար շնորհակալություն է հայտնել.
«Շնորհակալ եմ Ֆրանսիային դեռևս 2020 թվականից մինչ այժմ ընդունված 4 հայանպաստ և Ադրբեջանին դատապարտող բանաձևերի համար»,- ապա հավելում՝ «Արցախը ավելին է ակնկալում, քան բարոյական աջակցությունն է»:
«Նախ կցանկանայի անդրադառնալ հումանիտար հարցերին, այս առումով մեր հիմնական խնդիրն է 40 հազար տեղահանված արցախցիների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը՝ կեցության, ապրուստի, աշխատելու: Ցավոք, Ադրբեջանի պատճառով շատ մարտահրավերներ ենք ունենում, շատ խնդիրների հետ ենք բախվում, Ադրբեջանը ջանում է ցանկացած միջոցով մեզ խանգարել իր սադրիչ գործողություններով, խաղաղ բնակչության նկատմամբ մշտական հրաձգություններով, իսկ վերջերս էլ որոշակի խնդիրներ ենք ունեցել Լաչինի միջանցքով երթևեկության հետ կապված, ի դեպ, դա մեր միակ կապն է արտաքին աշխարհի հետ։
Սա իմ առաջին այցելությունն է Եվրոպա, ես որոշել եմ սկսել Ֆրանսիայից, քանի որ Ֆրանսիայի քաղաքական դաշտը, հասարակական կարծիքը շատ ակտիվ ու միաբանված են Արցախի հարցի շուրջ: Մենք հույս ունենք, որ Ֆրանսիան չի սահմանափակվի դրանով, և այդ աջակցությունը օրինակ կհանդիսանա մյուս պետությունների համար: Նրանք նույնպես կներգրավվեն մեր հիմնախնդրի արդյունավետ կարգավորման ընթացքին, որի ճանապարհը բացում է հենց Ֆրանսիան»,- հարցազրույցում ասել է Արայիկ Հարությունյանը։
168.am-ը Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե Ֆրանսիայում ի՞նչ հանդիպումներ են ունեցել, ինչպիսի՞ հարցեր են քննարկել և ի՞նչ նշանակություն ունեն այդ հանդիպումները։
«Ցանկացած հանդիպում վերաբերում է հայությանը, որովհետև Արցախը հայության ցավն է, պարծանքը, Արցախից է կախված հայության ապագան, սա պետք է լավ հասկանալ։ Այցը բավականին լավ է ընթանում, մենք հանդիպել ենք տարբեր պաշտոնյաների հետ, Սենատում հանդիպում ունեցանք, ԱԺ-ում, Փարիզի, Լեոնի քաղաքապետարաններում, շրջանային ղեկավարների հետ, Մարսելի շրջանային ղեկավարի, որը նաև ժամանակին եղել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Հանդիպել ենք նաև լրատվամիջոցների ու տարբեր այլ շրջանակների հետ։ Այս հանդիպումներն ու այցերը կարևոր են, քանի որ ցույց են տալիս՝ Արցախը մարտնչում, պայքարում է իր ապագայի համար։ Սակայն այս ամենը չի նշանակում կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ, ուղղակի բնականոն գործընթաց է, որը մենք իրականացնում ենք։ Հաշվի առնելով, որ ունենք նաև սփյուռք, պարտավոր ենք բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել։ Ֆրանսիայի սփյուռքը մեր ամենակարևոր ու մեծ օջախներից մեկն է, թվաքանակով զբաղեցնում է երրորդ տեղը՝ Ռուսաստանից ու Միացյալ Նահանգներից հետո մշտապես մեզ հետ կապ են պահպանում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը մի քանի ժամով փակելուն, Դավիթ Բաբայանը նկատեց, որ լավ գիտեն, թե ի դեմս Ադրբեջանի՝ ում հետ գործ ունեն, Ադրբեջանը տարբեր սադրանքների դիմել է ու կդիմի։
«Մենք այս ամենին պետք է արագ արձագանքենք ու փորձենք իրավիճակը շտկել, պահպանելով մեր սկզբունքայնությունը, հայրենասիրությունը, և հարցերին մոտենանք պրոֆեսիոնալ ձևով։ Հայատյացությունն Ադրբեջանի արտաքին քաղաքականության, պետականաշինության առանձին բաղադրիչներից է, ինչը մենք պետք է լավ հասկանանք։ Առաջադրանքը մեր առջև բիբլիական է դրված՝ փրկել Արցախը, համոզված եմ, որ կան բոլոր հնարավորությունները դա անելու, ամեն ինչ մեզանից է կախված, մեր աշխատանքից ու հայրենասիրությունից»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։