Կրեմլը հերքել է «գազի եռյակ միությունից» Ուզբեկստանի հրաժարվելու մասին տեղեկատվությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Ուզբեկստանն, իբր, հրաժարվել է «գազի եռյակ միություն» ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի գաղափարից:

Այդ մասին  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Reuters-ը սխալ տեղեկատվություն է տվել, սխալ է մեկնաբանել խոսքերը: Մենք գիտենք, թե ինչ է ասվել: Ոչ ոք չի խոսում գազի մասին՝ քաղաքական պայմանների դիմաց: Այդ մասին խոսք չի գնում այդ միության ստեղծման գաղափարի համատեքստում», – ասել է Պեսկովը լրագրողներին: ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ խոսքը երկրների՝ առևտրային շահերից բխող գործողությունների համակարգման մասին է:

«Այդ առումով շարունակվում է աշխատանք տարվել», – հավելել է նա: Կրեմլի ներկայացուցիչը նաև պարզաբանել է, որ յուրաքանչյուր կողմ կշարունակի իր էներգապաշարները վաճառել պայմանագրի կողմերին՝ կողմնորոշվելով բացառապես առևտրային պայմաններով: «Երկրները շահագրգռված են համաձայնեցնել իրենց գործողությունները տրանսպորտային ուղիների հետագա կառուցման, գազի ենթակառուցվածքի զարգացման հետագա ուղղությունների որոշման, բնական գազի ներքին կարիքների բավարարման հարցում, և այստեղ ամեն ինչ բավականին սերտորեն փոխկապակցված է»,- հստակցրել է նա: Պեսկովի խոսքով՝ երկրները շահագրգռված են համակարգել այդ ուղղությունները՝ շահութաբերությունը բարձրացնելու և միմյանց օգուտ բերելու նպատակով:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությանը, հայտնել էր, որ Ուզբեկստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից: Ուզբեկստանի Էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Ժուրաբեկ Միրզամահմուդովը նշել էր, որ Տաշքենդը չի համաձայնի քաղաքական պայմանների, որոնք վտանգի տակ կդնեն երկրի ազգային շահերը: Նա նշել էր, որ բանակցություններ են անցկացվում Ղազախստանի տարածքով անցնող խողովակաշարով ռուսական գազի մատակարարումների շուրջ, բայց դա լինելու է «տեխնիկական պայմանագիր», այլ ոչ թե միություն:

Տեսանյութեր

Լրահոս