Ինչո՞ւ է ՊՎԾ-ն հրաժարվում Արմեն Աշոտյանին վերաբերող նյութերը տրամադրել
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ նոյեմբերի 16-ին ՍԷԿՏ-ը փակելու, այսինքն՝ երկրից նրա ելքն արգելելու գործի ոդիսականի անհեթեթությունը նոր բարձունքներ է գրավում:
Հերիք չէ՝ մարդուն առանց մեղադրանք առաջադրելու արգելում են երկրից դուրս գալ, հիմա էլ որոշել են թաքցնել կամ վերացնել այս թնջուկի բոլոր հետքերը:
Ի դեպ, օրերս Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին: Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին:
«Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որին կհամապատասխաներ հաղորդման մեջ նկարագրված դեպքը: Այսինքն՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուրս գալն արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում: Նման պատասխան ես ակնկալում էի ամենասկզբից, և նման մոտեցումը՝ քրեական վարույթ առհասարակ չնախաձեռնելը, միայն հստակ մատնացույց է անում այն, որ Ա.Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները: Քննիչի որոշումն արդեն բողոքարկվել է գլխավոր դատախազին, սպասենք հերթական մերժմանը և կդիմենք դատարան»,- ասել էր նա:
Բայց վերադառնանք այս պատմության հիմքերին, երբ դեռևս 4 տարի առաջ Երևանի պետական բժշկական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ստուգումների արդյունքներով՝ քրեական գործ էր հարուցվել, անցել տարբեր իրավապահ մարմիններով և այդպես էլ կշարունակեր մի տեղ դարակներում մնալ, եթե հրահանգ չլիներ Արմեն Աշոտյանին ամեն կերպ չեզոքացնել. Խանգարում է: Արցախը հանձնելու ու Հայաստանից տարածքային զիջումների գնալու այս փուլում Արմեն Աշոտյանը չպետք է խոսեր ու հատկապես՝ դրսում:
Իրավասու պետական մարմիններին 168.am-ի հղած բազմաթիվ գրավոր հարցումներից հետո, ի վերջո, մեզ ասացին՝ Աշոտյանին մեղադրանք առաջադրվել է հենց նոյեմբերի 16-ին, այսինքն՝ տառացիորեն ժամեր անց այն բանից հետո, երբ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ մեկնելու է Լիսաբոն՝ մասնակցելու Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հավաքին, Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվում հսկող դատախազին, որը բավարարվում է նույն օրը և նույն օրն էլ որոշում է կայացվում Աշոտյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Ինչևէ, ընդունեցինք ի գիտություն ու ցանկացանք ծանոթանալ ՊՎԾ ուսումնասիրության արդյունքներին, հասկանալ՝ ինչպե՞ս կարող է մարդն անզգուշությամբ փողեր լվանալ ու պաշտոնեական դիրքը չարաշահել:
Այդ նպատակով գրավոր հարցում ուղարկեցինք ՊՎԾ՝ խնդրելով տրամադրել 2018-2019թթ. «Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ ՊՎԾ տեղեկանքի օրինակը:
Ի պատասխան մեր գրության՝ նախ գրել էին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Երևանի բժշկական համալսարան» հիմնադրամում 2019 թ. իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումն՝ առաջարկում եմ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել նախաքննությունն իրականացնող մարմնին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- գրված էր ՊՎԾ պատասխանում:
Մինչ ՊՎԾ վկայակոչած 201-րդ հոդվածին անդրադառնալը՝ նախ արձանագրենք մի տխուր փաստ. ՊՎԾ-ում մնացել են 2018-2019թթ.-ում, չգիտեն, որ այս գործի նախաքննությունն իրականացնում է ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեն, այլ արդեն իսկ Քննչական կոմիտեն:
Եվ սա առավել տխուր է այն համատեքստում, որ այս գործն ունի հրապարակային հնչեղություն, այս գործը լուսաբանվում է ամենայն մանրամասնությամբ՝ թե՛ իր՝ Արմեն Աշոտյանի և թե՛ ԶԼՄ-ների կողմից, իսկ Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած կառույցում անտեղյակ են՝ որտեղ է այն քննվում այս պահին:
Ամեն դեպքում 168.am-ը կապ հաստատեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի հետ, որտեղից հաստատեցին՝ այդ վարույթով որևէ դրվագ իրենց մոտ չի քննվում:
Ինչ վերաբերում է ՊՎԾ-ի վկայակոչած քրդատ կարգավորմանը՝
Հոդված 201. Վարույթի նյութերին ծանոթացնելու արձանագրությունը
1. Վարույթի նյութերին ծանոթանալու փաստն ամրագրվում է քննիչի կազմած արձանագրությամբ, որն ստորագրում են քննիչը և վարույթի նյութերին ծանոթացած անձը:
Նախաքննական մարմիններն իրարից չտարբերող կամ միգուցե անտեղյակ ՊՎԾ-ին ուզում ենք հիշեցնել՝ մենք վարույթի նյութ չենք ուզել, այլ իրենց ստուգումների տեղեկանքը, որը դարձել է վարույթի նյութ:
Բնականաբար, մենք չենք դիմի Քննչական կոմիտե, որտեղից նույնպես կհրաժարվեն տրամադրել ՊՎԾ ստուգումների արդյունքները՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքը, կամ միգուցե դիմենք՝ ամրագրելու մեր համոզմունքը, բայց այն, որ այս գործն ակնհայտորեն չի ընթանում նախապես գծագրված սցենարով, ակնհայտ է:
Հատկանշական է, որ այսօր մամուլը գրել է, որ ամեն գնով ցուցմունք ստանալու, կորզելու մոլուցքը, որը, ըստ իրենց աղբյուրի, ամենավերևից է գալիս, նոր թափ է հավաքում:
«Մենք տեղեկացանք, որ վերջին օրերին մոտ մեկ տասնյակ նոր մարդկանց են հարցաքննել, հիմնականում՝ Բժշկական համալսարանի աշխատակիցներին, դասախոսներին, վարչական աշխատողներին, ու զավեշտն այն է, որ այդ հարցաքննությունների ժամանակ չեն էլ թաքցնում, որ ամբողջ նպատակը Բժշկական համալսարանի խորհրդի նախկին նախագահի դեմ ցուցմունք պոկելն է, որպեսզի տանեն կալանքի: Հստակ խնդիր է դրված մինչև Նոր տարի այս հարցն անպայման լուծել, սակայն այս պահի դրությամբ էլ, ինչպես և այս պատմության հենց սկզբում էր, ջանքերն ապարդյուն են, որովհետև հարցաքննվածներից ոչ ոք կեղծ ցուցմունքի տակ չի մտնում»,- Mediahub.am-ին տեղեկացրել էր իրավական համակարգի իրենց աղբյուրը: