Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանի վրա կարվել փողերի լվացման շինծու հոդվածը
Երեկ գիշերը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին սահմանային անձնագրային կետում թույլ չեն տվել դուրս գալ երկրից: Օդանավակայանում պարզ է դարձել, որ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքն արգելափակված է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, որպեսզի իրեն կալանավորեն, սակայն ապարդյուն։ Իշխանությունները, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, խնդիր են դրել` ցանկացած գնով հասնել ցանկալի արդյունքի, այն է՝ ինչ-որ մեկից ցուցմունք կորզել Արմեն Աշոտյանի դեմ, թեկուզև` գործին տասներորդական առնչություն ունեցող որևէ մեկից: Մինչ այդ էլ մամուլը գրել էր, որ ավելի քան 100 անձ է հարցաքննվել այդ գործով:
Երեկ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Վաղ առավոտյան կարճ ժամանակով մեկնում եմ արտերկիր՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին մասնակցելու»։ Նախօրեին էլ 168.am-ը տեղեկացրել էր, որ Արմեն Աշոտյանին առաջիկայում, խիստ հավանական է` առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում, ձերբակալեն:
Արմեն Աշոտյանը գիշերը ֆեյսուքյան իր էջում պատմել էր օդանավակայանում տեղի ունեցածը. «Ինչպես այսօր հայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Սակայն Զվարթնոց օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։ Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք և ոչ մի գործով չի առաջադրվել։ Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։ Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։ Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ»,- գրել էր նա։
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը երեկ առավոտյան 168.am-ի հետ զրույցում իրավիճակի առնչությամբ ասել էր. «Մենք չունենք որևէ տեղեկություն, թե ինչի մասին է խոսքը: Քննիչն ասել է, թե ինչ-որ մեղադրանքի որոշում կա, բայց մենք այդ որոշումը չենք ստացել»:
Չուշացավ, բնականաբար, Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) արձագանքը, որի գլխավոր քարտուղար Տանասիս Բակոլասը խստորեն դատապարտեց ՀՀ կառավարությանը Արմեն Աշոտյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
168.am-ը երեկ առավոտյան կապ հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Պաշտպանի գրասենյակը որևէ գործողություն կատարել է Արմեն Աշոտյանի՝ երկրից նրա ելքն արգելափակելու առնչությամբ այն դեպքում, երբ վերջինս պնդում է՝ մինչ այս պահն իրեն որևէ մեղադրանք առաջադրված չէ:
«Պաշտպանը Թեժ գծին գիշերն ահազանգ է ստացել, գրություն ենք ուղարկել ՔԿ, Դատախազություն, ԱԱԾ, պարզաբանում ենք պահանջել Հայաստանի Հանրապետությունից ելքը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ, որովհետև առերևույթ մտահոգիչ է այն, որ առանց անձին մեղադրյալ ներգրավելու որոշման անձի տեղաշարժի սահմանափակում է իրականացվել։ Այս մասով հետևողական ենք լինելու»,- պատասխանել էին ՄԻՊ գրասենյակից:
Մենք նաև երեկ առավոտից գլխավոր դատախազություն թե գրավոր, և թե բանավոր հարցումներ էինք ուղարկել Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքի բովանդակության վերաբերյալ, եթե այդպիսին կա: Ինչպես և ակնկալվում էր, մենք որևէ պատասխան մինչև օրվա վերջ այդպես էլ չստացանք, թեպետ խոստացվել էր՝ կպատասխանեն:
Երեկ՝ ցերեկը, Արմեն Աշոտյանը նաև հրատապ ասուլիս հրավիրեց, որի ընթացքում այն վստահությունը հայտնեց, թե Դատախազությունն ու Քննչական կոմիտեն պասերով են խաղում:
Նա նշել էր նաև, որ ինքը որևէ գործով մեղադրյալ չէ և ծանուցված չէ, որ մեղադրյալ է, իր նկատմամբ ընտրված չկա նաև խափանման միջոց, հետևաբար չհեռանալու արգելք՝ նույնպես:
«Ես վստահ եմ՝ հիմա հետին թվով մեղադրանք են գրում ինձ, որովհետև օդանավակայանում մեղադրանք չկար: Բոլոր դեպքերում անգամ այդ հետին թվով մեղադրանքը չի հանելու խափանման միջոցի ապօրինի կիրառման հարցը: Դա չեն կարող սվաղել, եթե անգամ գլխավոր դատախազուհին, որը մեծ փորձ ունի, այսպես կոչված, մարդու երբեմնի խորհրդական եղած ժամանակ քրեական գործերով միջամտելու, հիմա էլ որպես գլխավոր դատախազ՝ անձամբ նստի, սկսի էդ տեքստը գրել, թե ինձ ինչում է պետք մեղադրել»,- ասել էր Արմեն Աշոտյանը:
Երեկ ավելի ուշ Արմեն Աշոտյանին, այնուամենայնիվ, հրավիրեցին Քննչական կոմիտեի Հատուկ կարևորության գործերով (ՀԿԳ) գլխավոր վարչություն՝ մեղադրանք առաջադրելու:
Մոտ մեկ ժամ անց ՔԿ-ից դուրս գալուց հետո պարզ դարձավ, որ Արմեն Աշոտյանին Բժշկական համալսարանի հետ կապված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել:
«Պարոն Աշոտյանին մեղադրանք ներկայացվեց Քրեական օրենսգրքի բավականին անսպասելի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ, նախկին Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մաս, և, չեք հավատա, սրանց ամենասիրած հոդվածը՝ փողերի լվացում։ Ո՞ւմ փողերն է լվացել, ինչո՞ւ է լվացել, ո՞վ է այդ փողերը գողացել, ո՞վ է դրանք դարձրել կեղտոտ… Սա ոչ թե իրավական նոնսենս չէ, սա նախնադարյան մակարդակ է, որտեղ իրավունք ուներ նա, ով ուներ քար: Ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որը որևէ աղերս չունի քրեաիրավական գիտության հետ: Գործը կապված է Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից անշարժ գույք ձեռք բերելու հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ Արմեն Աշոտյանի համար քննիչը խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին արգելքը:
Որոշ ժամանակ անց ՀՀԿ փոխնախագահն ամփոփեց իրադարձություններն ու հանդես եկավ մեղադրանքի վերաբերյալ թե իրավական, և թե քաղաքական գնահատականներով:
«Տպավորություն կարող է ստեղծվել, որ մենք շատ գոհ ենք այս ելքից: Այո, ես հասկանում եմ, շատերդ մտածում էիք, որ ինձ տանելու են ձերբակալեն, կալանավորեն, և այն փաստը, որ ես դուրս եկա նույն դռնից, որով մտել էի, շատերիդ ուրախացրեց, և առաջին հայացքից տպավորություն է, թե ինչ լավ է, որ այսպես եղավ: Ոչ, լավ չի, որովհետև ինձ ձերբակալմամբ ու կալանավորմամբ չեն վախեցնի: Ես ասուլիսին ասել եմ, որ եթե այդպիսի բան լինի, կամ այդ կալանավայրից կհանեն իմ դիակը, կամ ես, այդ կալանավայրից դուրս գալով, Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիակը կհանեմ վերջապես կառավարական իր կաբինետից: Նիկոլը պատրաստ չէ այս երկընտրանքին. Ոչ պատրաստ է իմ դիակը քննչականից հանելուն, ոչ էլ, բնականաբար, սեփական նեխած քաղաքական դիակը դուրս բերել այն կաբինետից, որը դեռս զբաղեցնում է»,- ասաց Արմեն Աշոտյանի:
Ըստ նրա՝ սա է առաջին պատճառը, որ իրեն չեն ձերբակալել. Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ դրան:
«Երկրորդ պատճառն այն է, որ շատ արագ եվրոպական քաղաքական հանրությունից եղավ արձագանք: Եվրոպական իշխող ամենախոշոր կուսակցության քարտուղարը թվիթթերյան իր էջում արձագանքեց, գրառում կատարեց, որում խստորեն դատապարտեց այս իշխանությունների գործելաոճը՝ ինձ եվրոպական քաղաքական խոշորագույն ընտանիքի հավաքին մեկնել չթողնելու որոշումը, և սա որոշակի զսպող մեխանիզմ եղավ այս խունտայի համար, որպեսզի նրանք ավելի զգուշավոր լինեն»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ այն, որ իրեն չեն ձերբակալել, ուրախանալու առիթ չէ, քանի որ այս պահին Նիկոլ Փաշինյանը թե հոգեպես, և թե քաղաքականապես պատրաստ չէ դրան:
«Այնպես չէ, որ ես ուրախ ու երջանիկ եմ, որ ինձ համար խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալը, որովհետև իմ քաղաքական գործունեության մեջ իմ երկրի, ժողովրդի, Արցախի շահերը դրսում ներկայացնելը իմ ալֆան է և օմեգան, իմ հիմնական կրեդոն է, և ինձ զրկելով այդպիսի միջազգային հնարավորություններից, սահմանափակելով դրանք, ինձ դարձնելով ՍԷԿՏ-ի մուրացկան, որ ես ամեն անգամ պետք է խնդրանքով դիմեմ, որ ինչ-որ մի քննիչ ինձ թողնի կամ չթողնի դուրս գալ երկրից, ինձ համար, իհարկե, դա մեծ խոչընդոտ է լինելու իմ արտաքին քաղաքական աշխատանքի համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ մեկը մյուսից զավեշտալի մեղադրանքներ են առաջադրվել իրեն, քննարկման առարկա է:
«Դե որ նախկին պաշտոնյաներին պաշտոնական դիրքի չարաշահում պետք է վերագրեին, ինքնըստինքյան հասկանալի է: Նախկին պաշտոնյա է, այդ հոդվածը 99%-ով վերագրվում է, անկախ դրանից, նման բան կա՞, թե՞ չկա: Իմ դեպքում նույնպես չկա, որովհետև այն գործառույթը, որը ես եմ իրականացրել՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, պետական պաշտոն չէ, որը կարող ես չարաշահել ու ընկնել այս հոդվածի տակ»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Արմեն Աշոտյանը հիշեցրեց՝ ինքը նախարար չի եղել 2016թ.-ից, իսկ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ շարունակել է լինել մինչև 2019թ., այսինքն՝ ԿԳ նախարար լինելով չի պայմանավորված եղել իր՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը, հետևաբար՝ պաշտոնական դիրքի չարաշահում իրեն վերագրվել չի կարող:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, փողերի լվացման մեղադրանքին, Արմեն Աշոտյանը նկատեց՝ թեպետ Հայաստանում այն դարձել է զավեշտի ու ծիծաղի առարկա, սակայն իր համար հասկանալի է՝ ինչու է վերջին պահին Նիկոլ Փաշինյանի հրամանով այդ հոդվածը կպցվել իրեն:
«Այս հոդվածը ձեզ համար, ինձ համար է ծիծաղելի, բայց քանի որ իշխանությունները շատ լավ տեսան, որ եվրոպական արձագանքներ կան ինձ հետ կապված հետապնդումների վերաբերյալ, և դրանք վստահաբար վերջին արձագանքները չեն, որոշեցին մխտռել ինձ, որովհետև եվրոպական աչքերով դա շատ վատ հոդված է: Փողերի լվացում մեղադրանքը շատ ծանր հոդված է համարվում և ինձնից իմ եվրոպացի գործընկերներին հուշտ անելու, հիասթափեցնելու փորձ է հիշեցնում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Վերջինս վստահեցրեց՝ դա սին փորձ է, որովհետև համապատասխան ինֆորմացիաներն ինքը հասցրել է փոխանցել այնտեղ, որտեղ պետք է, բացատրել՝ ինչ դատարկ է այս գործն առհասարակ ու իրեն առաջադրված մեղադրանքը:
«Այս մեղադրանքն ինձ հետ կապ չունի: Նույն հաջողությամբ ինձ կարող էին մեղադրել թրաֆիքինգի, մարդու օրգանների վաճառքի, իսլամիստական ահաբեկչական խումբ ստեղծելու մեջ… Նույն հիմքերն են, ոչ մի տարբերություն չկա: Հորինված հոդված է»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը մի ուշագրավ տեղեկություն ևս հայտնեց. Իր վերաբերյալ կայացված բոլոր որոշումների ամսաթվերը թվագրված են նոյեմբերի 16-ով:
«Այսինքն՝ ակնհայտ է՝ սկզբից կայացվել է քաղաքական որոշում՝ երկրից ինձ դուրս չթողնելու, որից հետո տակը թխվել, կպցվել են ինչ-որ փաստաթղթեր»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Հրապարակման սկզբում նշել էինք՝ ինչ է պատասխանել խնդրի առնչությամբ 168.am-ին ՄԻՊ-ը: Պարզապես հիշեցնենք, որ երբ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին էին արգելել երկրից դուրս գալ առանց արգելքի մասին որոշման, նախկին Պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան, Դատախազություն, որ քրեական գործ հարուցեն մուտքի արգելքի առնչությամբ, Ոստիկանություն, որ հանեն արգելքը, ուսումնասիրության ավարտին կայացրել էր Արմեն Գևորգյանի իրավունքների խախտման վերաբերյալ որոշում ու խնդիրը ներկայացրել նաև ՄԻՊ տարեկան զեկույցում: