«Այսինքն՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուր գալn արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում». Տիգրան Աթանեսյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սույն թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին:
Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին:
Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որին կհամապատասխաներ հաղորդման մեջ նկարագրված դեպքը:
Այսինքն՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուր գալn արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում: Նման պատասխան ես ակնկալում էի ամենասկզբից և նման մոտեցումը՝ քրեական վարույթ առհասարակ չնախաձեռնելը, միայն հստակ մատնացույց է անում այն, որ Ա.Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները: Քննիչի որոշումն արդեն բողոքարկվել է գլխավոր դատախազին, սպասենք հերթական մերժմանը և կդիմենք դատարան»: