Գվատեմալայի նախկին նախագահը և փոխնախագահը դատապարտվել են 16 տարվա ազատազրկման
Գվատեմալայի դատարանը նախկին նախագահ Օտտո Պերեսին և նրա օրոք փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոքսանա Բալդետիին դատապարտել է 16-ական տարվա ազատազրկման: Կոռուպցիայի հետ կապված աղմկահարույց բացահայտումներից հետո երկու նախկին պաշտոնյաները 2015 թ.-ին վաղաժամկետ հեռացել էին պաշտոնից, զրկվել անձեռնմխելիությունից և ազատազրկվել:
Զույգը մեղավոր է ճանաչվել դավադրության և մաքսային խարդախության հոդվածներով:
Պերեսը, ով Գվատեմալայի նախագահն էր 2012-2015 թվականներին, վերջին յոթ տարին անցկացրել է բանտում՝ սպասելով գործով դատավճռին։ Բալդետին 2018 թվականին դատապարտվել էր ավելի քան 15 տարվա ազատազրկման՝ խարդախության առանձին գործով։
Պերեսը և Բալդետին մեղադրվում էին մաքսային խարդախությունների ցանց ղեկավարելու մեջ. նրանց կառավարման ընթացքում ցանցը պետական միջոցներից շուրջ 3,5 միլիոն դոլար էր գողացել: Քննիչները Պերեսին և Բալդետիին մեղադրում էին այդ միջոցներից զգալի բաժին ստանալու մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խարդախության մեջ մեղավոր է ճանաչվել նաև Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները: Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և ցմահ զրկվել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Այնուամենայնիվ, նա կշարունակի պաշտոնավարել, քանի դեռ ընթանում է դատավճռի բողոքարկման գործընթացը: