
Իրանի ոստիկանությունը մեկ գործողության ընթացքում 3 տոննա թմրանյութ է առգրավել

Իրանի ոստիկանությունը հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում իրականացված գործողության ընթացքում առգրավել է 3000 կգ ապօրինի թմրանյութ։
Նահանգի ոստիկանության բրիգադային գեներալ Մոհամմադ Քանբարին ասել է, որ իր ուժերն Իրանշահր և Խաշ քաղաքներում ոչնչացրել են թմրամիջոցների շրջանառության երկու օղակ։
Նա նշել է, որ գործողության ընթացքում ձերբակալվել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող 9 մարդ, առգրավվել է զգալի քանակությամբ զենք և զինամթերք, ինչպես նաև՝ 3000 կիլոգրամ թմրամիջոց։
Իրանը 900 կմ ընդհանուր սահման ունի Աֆղանստանի հետ և մաքսանենգների կողմից օգտագործվում է որպես հիմնական ուղի՝ թմրանյութերն այլ երկրներ տեղափոխելու համար:
Վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանը միլիոնավոր դոլար է ծախսել իր սահմանները փակելու և եվրոպական, արաբական ու Կենտրոնական Ասիայի երկրների համար նախատեսված թմրանյութերի տարանցումը կանխելու համար: