«Ցավոք, փոխվարչապետների հանդիպումից որևէ կոնկրետ արդյունք չունենք». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպմանը, նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ վայրէջք չի կատարել Հայաստան։
«Երեկ հանդիպման մասին ՌԴ կառավարության կայքում տեղադրվել է հաղորդագրություն։ Կարող եմ ասել, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի։ Բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։
Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները և այդ պատկերացումների շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները։
Երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Ցանկացած պահի մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք աշխատանքները սկսել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին՝ թե ի՞նչ արդյունքներ կան փոխվարչապետների հանդիպումից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում