Հարավային Կորեայում օրենքներ են ընդունել «կորեական տարիքի» հաշվարկման ավանդական համակարգը փոխարինելու համար
Հարավային Կորեայում խորհրդարանական ենթահանձնաժողովն ընդունել է օրինագծերի փաթեթ, որով պահանջվում է տարիքի հաշվարկման կորեական համակարգը փոխարինել և բոլոր դատական և վարչական ոլորտներում համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
Հարավային Կորեայում օգտագործում են տարիքի հաշվարկման երեք համակարգ, որոնցից առավել տարածվածը հայտնի է «կորեական տարիք» եզրույթով: Դրա համաձայն՝ նորածնի 1 տարին լրանում է հենց ծնվելու օրը, իսկ լուսնային տոմարով Նոր տարվա առաջին օրն արդեն լրանում է նրա 2 տարին:
Այսպիսով, տասներկուերորդ ամսվա վերջին ծնված մարդը Նոր տարում արդեն համարվում Է երկու տարեկան, թեև ծնվել է մի քանի օր կամ շաբաթ առաջ:
Երկրորդ համակարգը միջազգայնորեն ճանաչված համակարգն է, որով մարդու տարիքը հաշվարկվում է նրա ծննդյան օրվանից: Իսկ երրորդ համակարգով երեխայի մեկ տարին լրանում է նոր տարվա առաջին օրը: Բարեփոխումների կողմնակիցները կարծում են, որ տարիքի հաշվարկման երեք համակարգերի գոյությունը կարող է խառնաշփոթ ստեղծել առողջապահության, սոցիալական ապահովության, վարչական ծառայությունների ոլորտներում:
Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ մարդու տարիքը կհաշվարկվի նրա ծնվելու օրվա հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի:
Սպասվում է, որ դեկտեմբերի 7-ին օրինագծերը կքննարկի խորհրդարանի օրենսդրական և դատական հանձնաժողովը: Այնուհետև օրինագծերը կներկայացնեն Ազգային ժողովի լիագումար նիստին: Հավանության արժանանալու դեպքում նորամուծությունն ուժի մեջ կմտնի հրապարակումից կես տարի հետո: Հարավային Կորայի նախագահ Յուն Սոկ Յոլի նախընտրական խոստումներից մեկը տարիքի հաշվարկման միասնականացված համակարգի ստեղծումն էր: