Վահրամ Դումանյանն ու Միխայիլ Շվիդկոյը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրերին.

«Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում մշակույթի ոլորտում համագործակցությունը, ինչի մասին վկայում են երկու երկրներում շարունակաբար անցկացվող միջոցառումները»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները:

Կողմերն անդրադարձել են կրթության ոլորտում համագործակցությանը, որի համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնություններ` ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Մասնավորապես, քննարկվել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման հարցերը:

Հանդիպման ընթացքում Վահրամ Դումանյանը և Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում առաջիկայում համատեղ միջոցառումներ իրականացնելու կարևորությանը: Մասնավորապես քննարկվել են հայ և ռուս ժամանակակից կատարողների համատեղ համերգի և երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունները: Արծարծվել է նաև Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումներ իրականացնելու հարցը:

Միխայիլ Շվիդկոյը վստահություն է հայտնել, որ մշակույթի ոլորտում առկա փոխգործակցության օրինակով գիտության ոլորտում համագործակցությունը և փորձի փոխանակման հնարավորությունը ևս ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացմանն ու ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս