Իրանը ձերբակալել է 12 մարդու, որոնք մեղադրվում են Գերմանիայի և Նիդերլանդների գործակալների հետ կապեր ունենալու մեջ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ձերբակալել է 12 մարդու, որոնց մեղադրում են օտարերկրյա գործակալների հետ կապեր ունենալու և «դիվերսիոն գործողություններ» պլանավորելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Այս ցանցի անդամները, Գերմանիայում և Նիդեռլանդներում բնակվող հակահեղափոխական գործակալների ղեկավարությամբ, մտադիր էին դիվերսիոն գործողություններ իրականացնել՝ ձեռք բերելով մարտական զենք և գործելով ազգային անվտանգության դեմ», – նշվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ չի նշվում անձանց ազգությունը կամ այլ մանրամասներ:

Սեպտեմբերի 16-ին 22-ամյա քուրդ աղջկա՝ Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո Իրանում բազմամարդ ցույցեր են սկսվել: Ամինին ձերբակալվել էր բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու համար և նրանց հսկողության տակ գտնվելու ընթացքում մահացել էր: Reuters-ը նշում է, որ համազգային բողոքի ցույցերն ամենամեծ մարտահրավերներից մեկն են Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ 1979 թվականին դրա հիմնադրումից ի վեր:

Թեհրանը արևմտյան հետախուզական ծառայություններին մեղադրում է ցույցերը բորբոքելու և Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու ձգտման համար: Իրանի իշխանությունները նաև նշում են, որ արևմտյան երկրները բողոքի ակցիաներն օգտագործում են Իրանի ներքին գործերին միջամտելու համար:

Տեսանյութեր

Լրահոս