ԱՄՆ-ը որոշեց շարժվել նոր մարտավարությամբ․ Ռիքերի գլխավոր ուղերձը Երևանում և Բաքվում
Օրերս իր այցը տարածաշրջան ավարտեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը, ով այցելել էր Բաքու, ապա՝ Երևան։
Ե՛վ Ադրբեջանում, և՛ Հայաստանում ամերիկացի դիվանագետը հանդիպումներ ունեցավ՝ ինչպես ղեկավարների, այնպես էլ՝ նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակներով։ Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր: «Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։ Ռիքերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։
«Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը: Խորապես հավատացած ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը (այսինքն՝ ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը) առանցքային խնդիրների կարգավորման և համապարփակ տևական խաղաղության և բարեկեցության հասնելու հարցում»,- տեսաուղերձում ընդգծել է դեսպանը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կցանկանա հայ-ադբեջանական սահմանը որքան հնարավոր է շուտ տեսնել սահմանազատված, իսկ խաղաղության պայմանագիրը՝ ստորագրված։ Ռիքերի այցը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման տապալման ֆոնին Մակրոնի մասնակցության պայմանի պատճառով և այս փուլում Մոսկվայի ավելի ակտիվ դերակատարության ֆոնին։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ բանակցային գործընթացի շուրջ ՌԴ-ԱՄՆ աննախադեպ բնույթի մրցակցության ականատեսն ենք, որի ոչ մի դրվագում ԱՄՆ-ը «զենքերը» վայր չի դնում և մինչև վերջ փորձում է պահել գործընթացի նկատմամբ վերահսկողությունը։ ԱՄՆ-ը, ըստ նրա, հասկանում է, որ Մոսկվան օգտվում է արևմտյան հարթակում ցանկացած տապալումից, ուստի այդ փուլերում ավելի է ակտիվացնում իր ջանքերը։
«Սակայն գլխավորը, որին ԱՄՆ-ը ցանկանում է հասնել, դա Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններն են՝ առանց միջնորդների, այս դեպքում՝ առանց Ռուսաստանի։ ԱՄՆ-ը հասկանում է, որ եվրոպական հարթակը հաջողության չհասավ, իսկ ԱՄՆ-ը երկար ժամանակ չի կարողանա կառավարել գործընթացը, ուստի փորձում է կողմերին նստեցնել ուղիղ բանակցությունների դաշտ կամ գոնե բանակցություններ, որոնք կլինեն Թբիլիսիիում և ոչ Սոչիում կամ Մոսկվայում։ Ինչո՞ւ է այս ուղերձը փոխանցվում։ Ծրագրվող հերթական հանդիպումը տապալվեց միջնորդի նկատմամբ անվստահության իրավիճակում, ԱՄՆ-ը ասում է՝ խոսեք առանց միջնորդների և մի ընդհատեք գործընթացը։
Սրանով փորձում է միանգամից երկու խնդիր լուծել՝ չեզոքացնել Մոսկվային, ինչպես նաև անցանկալի միջնորդների պատճառով եվրոպական հարթակում սկսված ողջ գործընթացը չտապալել, հատկապես, երբ նաև նոր առաջարկներ են հնչել։ Սակայն, ըստ իս, ԱՄՆ-ը ամեն դեպքում չի հասկանում՝ ինչո՞ւ են Հայաստանին հարկավոր միջնորդներ, ինչո՞ւ է հարկավոր, որպեսզի Մակրոնը մասնակցի բանակցություններին։ Կարծում եմ՝ Հայաստանն է, որ չի ցանկանա առանց միջնորդների ինչ-որ հարց քննարկել Բաքվի հետ, քանի որ այդտեղ ստանդարտ բանակցություն ակնկալելը բարդ է, ավելի բարդ է, երբ կա ուժի գործոնով «խոսելու» սովորություն։ Ուստի այս ուղերձը ԱՄՆ-ի կողմից գուցե լավ հաշվարկված քայլ է ԱՄՆ-ի տեսանկյունից, սակայն բացեր ռեգիոնալ հարթությունում։ Իսկ Մոսկվան այդ առանձնահատկությունները լավ է հասկանում։
Ուստի կարծում եմ՝ այս առաջարկից ու դրա հետագա ընթացքից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Այս պահին անորոշ է թվում, թե ինչպես կընթանան բանակցությունները ու որտեղ։ Սա այն նոր իրականությունն է, որին կողմերը բախվում են ԵԱՀԿ ՄԽ փլուզումից ու ընդհանուր առմամբ աշխարհակարգի փլուզումից հետո»,- ասաց նա։