Յուրի Կոստանյանը տոնել է 75-ամյակը
Մնջախաղի վարպետ, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանը, որը տասնյակ դերեր է կերտել թատրոնում, կինոյում, հեռուստատեսությամբ և ռադիոյով և երկար տարիներ աշխատել է տարբեր երկրների մնջախաղի թատրոններում, տոնում է ծննդյան 75-ամյակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտիստի հոբելյանը հանդիսավոր միջոցառմամբ նշվել է դեկտեմբերի 1-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնում:
Արտիստին շնորհավորել են նրա ընկերները, գործընկերները, հարազատները, ուսանողներն ու Կոստանյանի արվեստի երկրպագուները:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հիշեցրել է, որ Ճապոնիայում կա «Ազգային արժեք» կոչումը, որին շատ քչերն են արժանանում: «Կարծում եմ՝ եթե Հայաստանում լիներ նման կոչում, առաջիններից մեկը, որը պետք է արժանանար այդ կոչմանը, կլիներ Յուրի Կոստանյանը: Փայլուն արվեստագետ, հրաշալի ուսուցիչ, փիլիսոփա, թատրոն կառուցող, համեստագույն մարդ, բանաստեղծ և ճանապարհի ընկեր: Մի խոսքով՝ Կոստանյան Յուրան հայկական բրենդ է»,-նշել է նա և հավելել, որ դժվար չէր նրա համար նվեր ընտրելը: Բաբայանը Կոստանյանին հայկական կոնյակ է նվիրել:
«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն էլ կատակել է՝ ասելով, որ մտածել են բեմ բարձրանալ և «Լիր արքա»-ն խաղալ, հետո մտափոխվել են, քանի որ այն ողբերգություն է, և հյուրերի տրամադրությունը կարող էր ընկնել: Որոշել են ոչինչ չանել՝ ապավինելով խոսքի ուժին:
«Սիրելի՛ մարդ, մենք մեդալներ չունենք թատրոնում ու որոշեցինք ծաղիկներ նվիրել, բայց սահմանել ենք մի տիտղոս»,-ասել է Սահակյանը՝ Կոստանյանին ընդմիշտ հռչակելով «Գոյ» թատրոնի պատվավոր ու աննման քաղաքացի:
Բեմ են բարձրացել նաև երիտասարդներ, որոնք նշել են՝ սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո Յուրի Կոստանյանը մեկնել է սահման, իրենց կողքին եղել, բարոյապես աջակցել. եղել է փիլիսոփա ու զինակից: Տղաները շնորհավորել են նրան և ընդգծել՝ երջանիկ են, որ Յուրի Կոստանյանին ճանաչելու հնարավորություն են ունեցել:
Միջոցառմանը Յուրի Կոստանյանի գործընկերները, ուսանողները հատվածներ են ներկայացրել տարբեր բեմադրություններից՝ հանդիսատեսին հնարավորություն տալով ևս մեկ անգամ արժևորել մնջախաղի գեղագիտությունը:
Մի առիթով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով մնջախաղի մասին, Յուրի Կոստանյանն ասել է. «Երբ ասում ենք պլաստիկ արվեստներ, նկատի ենք ունենում գեղանկարչությունը, քանդակագործությունը, նույնիսկ ճարտարապետությունը և այլն: Մնջախաղն ինձ համար կենդանի, շարժվող և՛ գեղանկարչություն է, և՛ քանդակագործություն, և՛ մնացյալը: Այն սինթեզում է արվեստի բոլոր տեսակները: Վերը նշված արվեստի ճյուղերն ինքնին խոսուն են. դրանցում չկան բառեր, սակայն ամեն բան ընթերցվում է: Իմիջայլոց, մարդիկ իրար ամենից լավ են հասկանում լռության մեջ, աչք աչքի»:
Անժելա Համբարձումյան